ԿարևորՀասարակություն

Խաղողի խնդիրը՝ քաղաքակա՞ն. Ծառուկյանին պատկանող գործարանը դադարեցրել է մթերումը

Այսօր Արմավիրի մարզպետարանի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել Այգեվան, Լենուղի, Բամբակաշատ, Հուշակերտ և հարակից մի շարք համայնքների խաղողագործները, որոնց բերքը տարիներ շարունակ մթերել է Երևանի կոնյակի, գինու, օղու կոմբինատի  Ամասիայի մթերման կետը: Սակայն մարզի մոտ մեկ տասնյակ համայնքների գյուղացիներն այսօր կանգնած են իրացման խնդրի առաջ. գործարանն առանց մեկնաբանության դադարեցրել է խաղողի մթերումը։ Խաղողագործների հետ գործարանի պայմանագրերը թարմ չեն, բայց նախկինում էլ են խաղող հանձնել չթարմացրած պայմանագրերով։ Մարզի մյուս գործարանները, սակայն, սկսել են խաղողի մթերումը:

Արմավիրի մարզի 6 գործարանում սկսվել է խաղողի մթերումը, բացի «Մուլտիգրուպ» կոնցեռնին պատկանող Երևանի կոնյակի, գինու, օղու կոմբինատի  Ամասիա գյուղի մթերման կետից: Գործարանի որոշումն անակնկալի է բերել նախկինում այս գործարանին խաղող հանձնած գյուղացիներին, որոնք եւ հայտնվել են բարդ իրավիճակում: Այգեվան գյուղի բնակիչ Աբրահամ Մովսիսյան.

«Շուտ է հասել, շատ քաղցր է, վազը չորանում է, հողը չոր է: Վազը սկսել է սնվել արդեն խաղողից: Մենք ո՞նց պետք է անենք, ո՞նց պետք է ապրենք: Ես ունեմ ինձ մոտ ապրող 7 թոռ, 2 հարս: Մեր Այգեվան գյուղում 150 հոգի 10-20-30 տոննա խաղող ունի: Ամբողջը մնացել է, ջուր էլ չունենք, 2 ամիս չեն ջրվել այգիները»:

Գյուղացիների խոսքով՝ ընկերության հետ խաղողագործները միայն մեկ անգամ են պայմանագիր կնքել՝ մի քանի տարի առաջ, դրանում նշել հանձնվելիք խաղողի հնարավոր քանակն ու ըստ այդմ առաջնորդվել հաջորդող տարիներին: Խաղողագործների հետ պայմանագրերը չեն թարմացվել, այս տարի նրանց պարարտանյութ և թունաքիմիկատ չեն տվել: Խաղողի մթերման նոր պայմանագրերը Երևանի կոնյակի, գինու, օղու կոմբինատը նախորդ տարիներին կնքել է օգոստոսին, մթերել սեպտեմբերի սկզբին։

«Ծառուկյանի մոտ եմ հանձնում, իմ պայմանագիրը վաղուց է կնքվել: Մի անգամ կնքել ենք ու ամեն տարի նույնչափով  հանձնում ենք: Խաղողի մթերման ժամանակ ցուցակով իրենք կանչում են, ասում՝ խաղողդ բեր, հանձնի»:

«Ամեն  տարի նոր պայմանագիր չի կնքվում, ովքեր հին պայմանագիր ունեն, տանում, հանձնում են: Նորերին չեմ կարող ասել»:

«Անցած տարի օգոստոսին Ծառուկյանի գործարանը կանչել է, պայմանագիր կնքել, գարնանը պարարտանյութ ու թունաքիմիկատ տվել, իսկ էս տարի ունենք բերք ու խնդրի առաջ ենք կանգնել»

Խաղողի մթերման խնդիրն արմավիրցի այգեգործներին բերել է Արմավիրի մարզպետարան։Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մարզպետարանի բակում սպասող գյուղացիների հետ հանդիպման չիջավ՝ դա բացատրելով համավարակի ռիսկով։ Բայց իր աշխատասենյակում որոշ խաղողագործների ընդունեց՝ տեղեկացնելով ու խոստանալով՝ պայմանավորվել են խաղողի մթերման խնդրի շուրջ բանակցել ընկերության տնօրինության հետ:  Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը մանրամասնում է․

«Մարզի բոլոր գործարաններն արդեն այսօրվանից խաղող են մթերում, բացառությամբ՝ Ամասիա համայնքում գտնվող խաղողի մթերման կետից: Մենք աշխատանքներ ենք տանում, տեսնենք ե՞րբ հնարավոր կլինի  այդ մթերման կետը բացել: Հստակեցնելուց հետո մենք ազգաբնակչությանը տեղյակ կպահենք»:

Ինչո՞ւ է գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող գործարանը դադարեցրել խաղողի մթերումը՝ գործարանից չեն մեկնաբանում։ Գյուղացիները հակված են այստեղ քաղաքական ենթատեքստ էլ տեսնել, ասում են՝ նախկինում միշտ ժամանակին, նորմալ ընդունել են խաղողը։ Քաղաքական խնդիրները մի կողմ՝ արմավիրցիները սպասում են գյուղատնտեսական խնդրի լուծմանը: Որոշել են կրկին հավաքվել Նոր Ամասիայի մասնաճյուղում՝ ակնկալելով ու պահանջելով լուծում տալ իրենց խնդրին: Մթերման ենթակա խաղողը երկար պահել չեն կարող․ դրա հյութը հոսում է, ամեն կիլոգրամի համար ակնկալվող 115-155 դրամն էլ՝ հետը։

Back to top button