ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ ՄԽ-ին տալ նոր՝ իրավական արբիտրաժի գործառույթ․ Դեմկուսը նախագիծ է պատրաստել

Եթե ուժով ես լուծում հարցը, ունենում ես հետաձգված պատերազմ՝ ասում է դեմկուսի փոխնախագահը։ Կուսակցությունը շեշտում է ՄԽ-ի շրջանակներում իրավական փաստարկներով խոսելու անհրաժեշտությունը եւ օրենքի նախագիծ է պատրաստել, որով հուշում է խորհրդարանականներին՝ փաստերով խոսել միջազգային հանրության հետ։ Նախագիծը ԱԺ կներկայացվի առաջիկա օրերին, իսկ մինչ այդ Հայաստանում Սլովակիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է՝ իրենք աջակցում են ԵԱՀԿ ՄԽ ջանքերին։ «30 տարվա անապահովությունից հետո տարածաշրջանում մեկնարկում են նոր գործընթացներ, որոնք կհանգեցնեն հաշտեցման»,-ասել է դիվանագետը։

Որպես Եվրամիության անդամ երկիր՝ Սլովակիան շարունակում  է սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը․ Երեւանում հայտարարում է Սլովակիայի արտաքին գերատեսչության ղեկավարը։ Իվան Կորչուկի հայտարարության հիմքում ՄԽ-ի միջնորդների հուլիսի 29-ի հայտարարությունն է, որում շեշտվում է համապարփակ և կայուն բանակցային լուծում գտնելու հարցը։ Մինչդեռ այս ընթացքում Ադրբեջանը չի կատարում հայտարարության դրույթները նախ հայ ռազմագերիներին չվերադարձնելու առումով՝ իր սլովակ գործընկերոջը փոխանցում է ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը։

Երկու երկրների արտգործնախարարները խոսել են հայ-ադրբեջանական շփման գծում տիրող լարվածության, Ադրբեջանի սադրիչ գործողություների ու  ՀՀ տարածք ներթափանցելու մասին։ Երեւանը կողմ է ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում խաղաղ բանակցությունների շարունակմանը՝ ասել է Միրզոյանը։

«Քննարկել ենք տարածաշրջանում տիրող իրավիճակը, խոսել Ադրբեջանի  սանձազերծած լայնածավալ ագրեսիայից՝  Արցախի ու Արցախի ժողովրդի դեմ, ինչպես նաեւ 44-օրյա պատերազմի օրերին թույլ տրված հանցագործությունների մասին։ Խոսել ենք եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի կողմից հայտարարության դրույթների չկատարման մասին, մասնավորապես սա վերաբերում է առաջին հերթին հայ ռազմագերիների եւ բռնի պահվող քաղաքացիական անձանց չվերադարձին։

Հայ գերիների վերադարձի հարցը եւս հանդիպման օրակարգի առանցքում էր։ Սլովակիայի արտգործնախարար կարեւորում է գերիների Հայաստան վերադարձը ու զուգահեռ հիշատակում ականզերծման հնարավորություն տալու կարեւորությունը։

«Գնահատում ենք տարածաշրջանում կայունություն և կայուն խաղաղություն հաստատելու Հայաստանի նոր կառավարության ծրագիրն ու ջանքերը։ Հուսով եմ, որ ավելի քան 30 տարվա անապահովությունից հետո տարածաշրջանում մեկնարկում են նոր գործընթացներ, որոնք կհանգեցնեն հաշտեցման։ Կարեւոր է ձեռնպահ մնալ էսկալացիայի ցանկացած գործողությունից եւ իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած բոլոր կետերը»։

Մինչ միջազգային հանրությունը կարեւորում է ՄԽ-ի գործող ձեւաչափով բանակցություններն ակտիվացնելու անհրաժեշտությունը, Հայաստանում ձեւաչափի շրջանակում նոր գործիք կիրառելու անհրաժեշտության մասին են խոսում։ Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը շեշտում է՝ ժամանակն է Արցախի Հանրապետության ինքնիշխան գոյությունը ներկայացնել իրավական փաստարկներով։ Արցախը դուրս է եկել Ադրբեջանի կազմից՝  չխախտելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այնինչ հայկական կողմն այս հարցին պատշաճ հնչեղություն չի հաղորդում։ Սարգսյանն առաջիկա օրերին ԱԺ կներկայացնի նախագիծ, ըստ որի՝ իրավական փաստարկներով կհիմնավորվի Արցախի ինքնիշխան գոյությունը եւ ԼՂՀ-ի ձեւավորումն օրինական կճանաչվի՝ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան։

«ՀՀ-ն պետք է իրավական հիմնավորումներ ներկայացնի, որպեսզի այլ երկրներ ճանաչեն Արցախի Հանրապետության ինքնիշխան գոյությունը։ Մենք սրանով արձանագրում ենք, որ Արցախի Հանրապետությունը ձեւավորվել է Ադրբեջանի կազմից դուրս, դուրս է եկել Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության կազմից 1990 թվականի ապրիլի 3–ին , որից հետո Ադրբեջանն է հայտարարել ԽՍՀՄ-ից դուրս գալու մասին»։

Այս փաստերն անհերքելի են իրավական տեսանկյունից եւ ամուր հիմք կարող են դառնալ Արցախի կարգավիճակի մասին խոսելիս՝ վստահեցնում է Արամ Սարգսյանը։ Մինչդեռ, ըստ նրա, մինչ օրս իրավական փաստարկներով չի խոսվել Արցախի ինքնիշխան գոյության մասին, քննարկումներն ընթացել են քաղաքական հարթության վրա, իրավական փաստերը կարծես մի կողմ են մնացել։ Այս հարցը կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանն էլ իր հերթին է ներկայացրել ՄԽ-ի եռանախագահների դեսպանություններին` նշելով, որ չկա այլընտրանք ՄԽ ձևաչափին։ Միայն այդ մանդատով է հնարավոր Հարավային Կովկասում իրական խաղաղություն հաստատել։

Սարգսյանն իր առաջարկի կարեւորությունը շեշտում է այն համատեքստում, որ հայկական ու ադրբեջանական մոտեցումները ծայրահեղ տարբեր են։ Մինչ հայկական կողմը կարեւորում է դեռ չլուծված խնդրի կարգավորումը ՄԽ մանդատով, թշնամին համարում է, թե  հարցը լուծված է ու դեմ է արտահայտվում բանակցային հետագա գործընթացին։

Դիլբարյանի խոսքով՝ «Ռազմական ճանապարհով լուծումները ժամանակավոր են։ Եթե ուժով ես լուծում հարցը, ունենում ես հետաձգված պատերազմ՝ բռնազավթված տարածքներով։ Այնպես որ մի մտածեք, թե բանակցությունների ճանապարհը սպառված է»։

Արամ Սարգսյանի կարծիքով՝ պետք է վերանայել ՄԽ-ի մանդատը, որպեսզի այն ունենա, միջազգային արբիտրաժի գործիք եւս, պատկերավոր ասած, հաշտարար դատավորի կարգավիճակ, որպեսզի կարողանա կողմերին համաձայնության բերել, հետաքննել սահմանային միջադեպերը եւ հարկ եղած դեպքում  նաեւ պատժամիջոցներ կիրառել։ Սա է խաղաղության հաստատման ուղիներից մեկը՝ ասում է քաղաքական գործիչը։

Back to top button