Էվոլյուցիա

«Անհոգի և պրակտիկ»․ ապագայի մշակույթը. «Էվոլյուցիա»

21-րդ դարը ժամանակաշրջան է, որտեղ մարդու համար ձանձրալի է այսպես ասած «դանդաղող»  մշակույթը։ Տեխնոլոգիաների այս դարաշրջանը մարդու մոտ ձևավորում է մշակութային նոր ընկալումներ՝ երաժշտությունը, նկարչությունը, գրականությունը և արվեստի մնացած ճյուղերը ներկայացվում են նաև թվային գործիքների միջոցով։ Արվեստի ո՞ր ժանրերը կնախընտրի ապագայի մարդը, մշակույթի ինչպիսի՞ ընկալում կունենան հասարակություններն ապագայում։ Արդյո՞ք մարդու համար մշակույթը կշարունակի լինել հոգևոր անձռնմխելի դաշտ, թե ոչ։

Արվեստի ավանդական ընկալումները անգամ հարյուրամյակ անց կշարունակեն լինել հասարակության որոշ շերտերի հետաքրքրության առարկա, վստահ է արվեստաբան զրուցակիցս՝ Լիլիթ Սարգսյանը։ Նրա խոսքով ապագայամետ մշակույթը ՝ հոգևորից պրակտիկի ձգտող մշակույթն է․

«Սա մի կողմից համապատասխանում է ժամանակակից կյանքի պահանջներին, բայց մյուս կողմից մեծ վտանգ է պարունակում, որովհետև արվեստի բուն էությունը ինտելեկտուալ և զգայական հաճույք պատճառելն է, իսկ մարդը արդեն սկսել է նախընտրել արագը՝ տեսնենք, լսենք, արագ կարդանք ու չկենտրոնանա, չխորանանք՝ ինչ էր սա»,-ասում է Լիլիթ Սարգսյանը։

Այսպես ասած արագության ձգտող մշակույթը դեռևս այնքան էլ ընդունելի չէ ավագ սերնդի ներկայացուցիչների համար, ասում է արվեստաբանը, սակայն ընդամենը մեկ սերնդափոխություն՝  և մշակույթի և արվեստի ընկալումը հասարակության շրջանում լիովին այլ կլինի, երբ այժմ միջին սերնդի մարդիկ՝ նախընտրող ժամանակակից, արագ արվեստը, իրենք դառնան ավագ սերնդի ներկայացուցիչներ՝ լիովին այլ պատկեր կլինի աշխարհում, իսկ այս ապագան բոլորովին էլ սարերի հետևում չէ․

«Նոր մարդն իր առօրյա սպառման համար նախընտրելու է այնպիսի ժանրեր, որոնք դյուրամարս կլինեն։ Մարդն այսօր էլ ժամանակ չունի կենտրոնանալ այնպիսի ստեղծագործության վրա, որի մեջ պիտի խորասուզվես, կտրվես իրականությունից։ Ապագայի մարդուն սա պետք չի լինելու։ Տեսեք մեկ օրինակ՝ փոփ երաժշտությունից եկան տեսահոլովակները, հիմա չենք պատկերացնում չէ երաժշտություն, որը տեսահոլովակ չունենա, իսկ ինչ է այդ տեսահոլովակը, շատ արագ փոփոխվող պատկերներ, որ դու չես հասցնում մեկ կադրը տեսնել, այն փոխվում է, այսինքն խորասուզվելու կարիք չկա»,-ասում է Լիլիթ Սարգսյանը։

Երևի շատերս կհիշենք, թե ինչպես էին մեզ մանուկ հասակում ասում՝ քեզ կուլտուրական պահիր։ Այս արտահայտությունը հետսովետական Հայաստանին ժառանգություն է, ասում է մշակութաբան, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի դասախոս Հայկուհի Մուրադյանը։ Սա նշանակում է, որ մշակույթը երկու ընկալում ունի՝ լայն և նեղ։ Մի կողմից մշակույթ են արվեստի բոլորիս հայտնի ճյուղերը, մյուս կողմից՝ մշակույթը մարդաբանական ընկալում ունի։ Մեխանիզմը երկուսի դեպքում էլ նույնն է, յուրաքանչյուր պետություն, այդ թվում և Հայաստանը հստակ մշակութային քաղաքականություն պիտի ունենա ապագայի համար և այդ քաղաքականությունը պիտի դառնա պետության հրամայականը, ասում է զրուցակիցս․

«Ամենալուրջ մշակութային գործընթացը, որին ողջ աշխարհն է ներառված՝ գլոբալիզացիան է, և գլոբալացվող աշխարհում մշակութային փոխառնչությունները ինտենսիվ են ու պետական մշակութային քաղաքականություն ունենալը անհրաժեշտ է, որպեսզի նույնիսկ գլոբալացվող աշխարհում պետությունը հասկանա, օրինակ Արևմուտքից ներթափանցող մշակութային արժեքները ինչպե՞ս են ադապտացվում մեզ, ի՞նչ ընկալումներ են ստեղծում»,-ասում է Հայկուհի Մուրադյանը։

Ապագայի մարդը մշակույթը, արվեստը՝ հոգևորից կտարանջատի։ Ավելի ճիշտ՝ հիմնականում կտարանջատի։ Թանգարանում մի նկարի առաջ կանգնող, կամ ժամեր շարունակ դահլիճում դասական երաժշտություն լսող մարդիկ շատ չեն լինելու։ Արդեն այսօր՝ օրինակ երաժշտական սիմֆոնիա ստեղծելու համար նվագախմբի ներկայությունը պարտադիր չէ, որովհետև բոլոր գործիքները հատուկ ծրագրերով համակարգչի մեջ են, նկար ստեղծելու համար կտավ և յուղաներկ պարտադիր չէ, իսկ հազար էջանոց գիրքը քչերին է հետաքրքրում, երբ նույն գրքի կարճ աուդիոտարբերակը կամ սեղմավետը գտնելու համար մի քանի վարկյան է պահանջվում գուգլից․

«Ես երջանիկ եմ, որ այսօր Հայաստանում լինելով կարող եմ Լուվրի թանգարան մտնել և նայել, որովհետև խնայում եմ ժամանակ և ռեսուրսներ, բայց մյուս տեսանկյունից մարդը միջավայրի կորուստ է ունենում։ Այսինքն արվեստի համար մարդը խնայում է ռեսուրս և ժամանակ, բայց այլևս արվեստի նմուշի կամ արվեստաբանի հետ ֆիզիկապես շփումը և այդ միջավայրում հայտնվելը մարդը կորցնում է»,-ասում է Նորարար․ փորձառական արվեստի կենտրոնի նախագծերի ղեկավար Մարիամ Ալեքսանյանը։

Այնուամենայնիվ տեխնոլոգիաները արդեն մուտք են գործել արվեստ, արվեստի ժանրերն էլ փոխվել են, օրինակ ինստալյացիաները համարվում են ժամանակակից արվեստի ամենաժամանակակից ժանրը, որը Հայաստանում զարգացած չէ, սակայն սեպտեմբերի վերջին ՆՓԱԿ-ի ջանքերով ինստալյացիայի առաջին փառատոնը տեղի կունենա։ Երկու բառով ասած՝ Ինստալյացիան կարելի է բնութագրել, որպես ինքնագնահատման խորհրդանշական դեկորացիա, որը ստեղծվում է որոշակի ժամանակահատվածում, որոշակի անվան տակː Կարևորն այն է, որը ունկնդիրը չի նայում այդ ամենին որպես նկար, այլ միանգամից հայտնվում է նրա մեջː Որոշ ինստալյացաներ նման են քանդակների, բայց նրանցից տարբերվում են նրանով, որ պատրաստված են տարբեր, հաճախ արդյունաբերական ծագման նյութերից, իրերից։ Իսկ ի՞նչ ժանր ի վերջո կնախընտրի ապագայի մարդը, մշակութաբան Հայկուհի Մուրադյանն է պատասխանում․

«Բավականին հետաքրքիր ու բարդ հարց եք տալիս, որովհետև արվեստի ժանրերն այսօր արդեն հիբրիդացվում են, իրենց մաքուր տեսքով հանդես չեն գալիս։ Այսօր մշակույթը ունի տարբեր միջոցներ մարդու պահանջմունքը բավարարելու համար, և արվեստի տարբեր ճյուղերում ակտուալ են դառնում հիբրիդային մոտեցումները, մենք չենք գնում ոչ դեպի ռեալիզմ, ոչ դեպի սյուռեալիզմ և դեպի ոչ մի հստակ ժանր չենք գնում և սրան հենց գլոբալացվող աշխարհն ու համացանցի ստեղծող հնարավորություններն են նպաստում»,-ասում է Մարիամ Ալեքսանյանը։

Դեպի արագաշարժ, խորը հոգևոր ընկալումներից դուրս, պրակտիկ մշակույթի է ձգտելու ապագայի մարդը, որտեղ արվեստի այս կամ այն ճյուղում փաստորեն հստակ ժանրեր չեն լինի։ Արվեստը կլինի այնչափ միքսված, այսպես ասած խառնակ, որքան խառը կլինեն ժամանակաները։  

Ցուցադրել ավելի
Back to top button