ԿարևորՀասարակություն

Փաստաբանները ընտրեցին միասնականությունը՝ մերժելով պառակտումը. Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատը նոր նախագահ ունի՝ Սիմոն Բաբայանը։  Նա ընտրվել է 937 ձայնով, թեկնածուները 3-ն էին։ 

Թամարա Պողոսյանը դուրս էր եկել ընտրապայքարից, իսկ փաստաբան Գևորգ Գյոզալյանը ստացել էր 144 ձայն։ «Պարտվել եմ, բայց չեմ հանձնվել», -երեկ ֆեյսբուքում գրել էր Գյոզալյանը։ Նախընտրական ի՞նչ ծրագրեր էին ներկայացրել թեկնածուները, և ի՞նչն է փոխվելու Փաստաբանների պալատում նախագահի փոփոխությունից հետո։

«Թափանցիկ, օբյեկտիվ ընտրություն»,-այսպես է բնորոշում Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունը Պալատի արդեն նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։

«Փաստաբաններն իրենց վստահությունը արձանագրեցին՝ ընտրելով արժանի թեկնածուին, ինչի առիթով ես իմ գոհունակությունն եմ հայտնում մեր փաստաբաններին՝ ակտիվ մասնակցության և իրենց վերաբերմունքի համար»։

Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում  պարտված թեկնածու, փաստաբան Գևորգ Գյոզալյանը ճիշտ հակառակ կարծիքն ունի։ Ասում է՝ թափանցիկ, միգուցե, ակտիվ՝ ոչ այնքան։

Իսկ արդյունքները կանխատեսել էր դեռ մինչև ընտրությունները․ «Ցավոք սրտի, 50 և ավելի տոկոսը չի մասնակցել ընտրություններին։ Վերջին 8 տարում, ըստ էության, Փաստաբանների պալատը մի համակարգ է ստեղծել, որով ամեն անգամ վերարտադրություն է տեղի ունենում։ Այնտեղ որևէ բան չի փոխվում, և դրա վ առ ապացույցը վերջին ընտրություններում տեսանք»։

Իսկ ի՞նչ էր Պալատում փոխելու Գևորգ Գյոզալյանը, եթե ունենար հնարավորություն։ Թվարում է՝ չկա զսպումների հակակշիռների մեխանիզմ,իսկ քաղաքականացված գործունեության պատճառով Պալատն ընկալվում էր որպես քաղաքական ընդդիմադիր օրակարգ սպասարկող կառույց։ Եթե հաղթեր, կառույցի գործունեությունը հիմնովին վերանայվելու էր և ապաքաղաքականացվելու էր,-ասում է Գյոզալյանը։ Արա Զոհրաբյանը հորդորում է տարանջատել քաղաքական գործընթացներն ու քաղաքական հայտարարությունները․

«Փաստաբանների պալատը նաև նախորդ իշխանությունների ժամանակ ակտիվ քննադատել է հանրային նշանակություն ունեցող այն երևույթները, որոնք կարծել ենք մարդու իրավունքների խախտում է առաջացնում՝ օրինակ՝ կուտակային կենսաթոշակի մասին օրինագիծը։  Դա քաղաքականությո՞ւն է, թե՞ ոչ։ Եթե այո, ինչո՞ւ այն ժամանակ քաղաքականություն չէր դիտարկվում։ Փաստաբանների պալատը քննադատել է նաև 2018 թվականին ընտրված իշխանությանը, դատարանների շրջափակման կոչը։  Մշտապես փաստաբանների պալատին դիտարկել են որպես խոչընդոտող կառույց, որովհետև  մշտապես քննադատել է վատ երևույթները։ Բայց նախկինում էլ է արել։ Պետք չէ Փաստաբանների պալատից խռովել կամ ասեոլ, որ այն քաղաքականացված է»։

Քաղաքականացված, ավելին, կուսակցականացված Փաստաբանների պալատ ենք ունեցել․պնդում է Գևորգ Գոզալյանը, բայց ընտրությունից հետո նա լավատես է։ Հույս ունի, որ նոր նախագահը՝ Սիմոն Բաբայանը, կարդարացնի իրեն ընտրած 937 փաստաբանների ակնկալիքները․ «Ամեն դեպքում պետք է  ժամանակ տալ այս նոր ընտրված  նախագահին, որպեսզի տեսնենք՝ արդյո՞ք նա կփոխի այս ամենը, թե՞ կշարունակի նախորդի գիծը»։

Սիմոն Բաբայնի մասին Արա Զոհրաբյանը դրական կարծիք ունի։ Վստահ է, որ ընտրելով նրան՝  փաստաբաններն ընտրել են անկախությունը, միասնականությունը, ձեռքբերումները պահպանելու և զարգացնելու ուղղությունը, այլ ոչ թե քանդելու, քաոս ստեղծելու և բամբասանքների ճանապարհը: Արդյո՞ք քաոս ու բամբասանք էր լինելու, եթե ընտրվեր Գևորգ Գյոզալյանը․

«Երկու թեկնածուներն էլ իրենց ծրագրերն ու գաղափարները հրապարակային ներկայացրել էին։ Մենք նաև առիթ ունեցանք բանավեճ կազմակերպելու և լսելու երկու թեկնածուներին։ Սիմոն Բաբայանը մշտապես տանում էր այն ուղղությունը, որ պետք է պահպանել ձեռքբերումներն ու զարգացնել դրանք, մյուս թեկնածուն և իր թիմն ընտրել էին վարկաբեկելու և քանդելու ուղին։  Բնական է, որ մեր փաստաբանների մոտ էլ հստակ հարց առաջացավ՝ ընտրել ձեռքբերումների պահպանումն ու զարգացումը, թե՞ քանդելը»։

Ընդունելով, որ ակնարկն ուղղված է իրեն, Գևորգ Գյոզալյանը չի շտապում սուր արձագանքել։ Ասում է՝ յուրաքաչյուր մարդ ունի կարծիք հայտելու իրավունք․

«Անկեղծ ասած՝ չեմ պատրաստվում մեկնաբանել պարոն Զոհրաբյանի ասածները, գործողությունները, որովհետև  իմ խնդիրը անձինք չեն։ Իմ քննադատությունը համակարգին է ուղղված եղել։ Նորմալ է, իր կարծիքն է, ազատորեն արտահայտել է, ես դրա մեջ որևէ վատ բան չեմ տեսնում»։

Գևորգ Գյոզալյանը պատասխանատու է զգում այն 144 փաստաբանի առջև, որոնք իրեն ընտրել են։ Եթե Փստաբանների պալատի նոր նախագահը չարդարացնի իրենց սպասելիքները, կձևավորի իր ընտրազանգվածն, ու կփորձեն իրենց օրակարգը թելադրել։ 

Պալատի նորընտիր նախագահի հետ զրուցել մեզ չհաջողվեց, բայց ներկայացնենք որոշ դրույթներ նրա ծրագրից։

Սիմոն ԲԱբայանը  առաջարկում է հանրային պաշտպանների հաստիքների ավելացում, նրանց ծանրաբեռնվածության բաշխման օպտիմալացում՝ օգտագործելով փաստաբանական դպրոցի կլինիկայի կարողությունները: Ինչ վերաբերում է անվճար ծառայություններ տրամադրելուն՝ Բաբայանը կարծում է, որ բյուջետային միջոցների հաշվին ձեւավորվող գրասենյակի կարողությունները բավարար չեն անվճար իրավաբանական ծառայությունների առկա ծավալն ամբողջապես ապահովելու համար:

Արա Զոհրաբյանի լիազորությունները կդադարեցվեն հոկտեմբերի 5-ից։  Հենց այդ օրվանից էլ կսկսվեն նոր նախագահի՝ Սիմոն Բաբայանի լիզաորությունները։

Back to top button