Հայկական հարց

Տիգրանակերտի նահանգի շատ հայկական գյուղեր հայաթափվել էին մինչև 1915-ը․ «Հայկական հարց»

Հայերի թվաքանակն այս տարածաշրջանում նվազել էր մասնավորապես 19-րդ դարի կեսերից։ Համբարձում քահանա Սարգսյանը նշում էր, որ, օրինակ, Բալուի գավառակի Նորշնակ գյուղում մնացել էր հայկական ընդամենը մեկ ընտանիք, իսկ մի շարք գյուղերից էլ հայերն ընդհանրապես հեռացել էին։ Նրանք հիմնականում արտագաղթել էին համեմատաբար ապահով բնակավայրեր՝ խուսափելով քրդերի հարձակումներից և բռնի իսլամացումից։

Հայաթափությանը նպաստել էին Աբդուլ Համիդի օրոք սանձազերծված ջարդերը, որոնց ընթացքում կոտորել էին առավելապես հայ տղամարդկանց, իսկ կանանց և երեխաներին` բռնի մահմեդականացրել։ Ժողովրդագրական բացասական հետևանքների էր հանգեցնում արտագաղթը դեպի Միացյալ Նահանգներ։ Այնտեղ էին տեղափոխվում հայ տղամարդիկ՝ սովորելու, աշխատելու նպատակով և բարեկեցիկ կյանքի հեռանկարով։ Սովորաբար չէին վերադառնում հայրենիք՝ տեղում ամուսնանալով կամ ընտանիքներին Արևմտյան Հայաստանից տեղափոխելով իրենց մոտ։

Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արփինե Բաբլումյանը։ «Հայոց ցեղասպանությունը և Արևմտյան Հայաստանի ժողովրդագրությունը»՝ մաս 14-րդ։

Back to top button