ԿարևորՀասարակություն

ՀՀ-ում եւ Արցախում միջազգային մանդատով ուժեր են պետք, որպեսզի հայերի անվտանգությունը բախտի քմահաճույքին չթողնվի․ քաղաքագետ

Վերջին օրերին Հայաստանում ԱՄՆ ու Ֆրանսիայի դեսպանները հայտարարեցին հստակ, որ ԼՂ հակամարտությունը կարգավորված չէ։ Հակամարտության լուծումն, ըստ ԵԱՀԿ ՄԽ–ի երկու համանախագահող երկրների դեսպանների, ամեն դեպքում պետք է  գտնվի ՄԽ-ի ձեւաչափում՝ բանակցությունների միջոցով։ Դեսպանները մի շարք մտահոգիչ հանգամանքներ են մատնանշել, մասնավորապես, որ «30 տարվա պատերազմի եւ լարվածության իրավիճակը չի կարող հանգուցալուծվել մեկ գիշերում»։ Ի՞նչ մեսիջներ են պարունակում եռանախագահող երկրների դեսպանների հայտարարությունները եւ երկարաժամկետ հեռանկարում ինչ կարգավորում են նախանշում դիվանագետները։ Քաղաքագետները ասում են, որ սա ազդակ է, որ պետք է ՄԽ–ի ակտիվանա, բայց դրա համար քայլեր պետք է անի նաեւ հայկական կողմը։

«30 տարվա պատերազմի և լարվածության իրավիճակը չի կարող հանգուցալուծվել մեկ գիշերվա ընթացքում»,– ասում է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ եւս մեկ անգամ հստակեցնելով, որ  Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ որոշված չէ։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթն  էլ հիշեցնում է՝ միայն Մինսկի խումբը մանդատ ունի քննարկելու Ղարաբաղի կարգավիճակի հարցը։

Նա մտահոգություն է հայտնել Արցախի բնակիչների անվտանգության առնչությամբ։ «Կարող ենք հուսալ, որ հակամարտությունը լուծվել է, բայց այնտեղ բնակվող մարդկանց անվտանգության հարցը լուծված չէ։ Միայն Լաչինի միջանցքն է հնարավորություն տալիս կապ հաստատել Հայաստանի և Ղարաբաղի միջև։ Այդ տարածքում մենք ունենք շրջափակման մեջ գտնվող բնակչություն»,– ասել է դեսպանը։

ԱՄՆ ու Ֆրանսիայի դեսպանների հայտարարություններն, ըստ քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի, փաստում են՝ հակամարտությունը լուծված չէ, ըստ այդմ՝ հիմնական անելիքը Մինսկի խմբի համանախագահ երկրներինն է։

«Սա նշանակում է, որ հարցը միայն ռուս-թուրքական տիրույթում չէ։ Նրանք փորձում են հիշեցնել իրենց դերի մասին։ ՌԴ-Արեւմուտք մրցակցություն կա, եւ ՀՀ կարող է օգտվել դրանից ու ակտիվացնել Արցախի կարգավիճակի հարցը»։

Քաղաքագետն Աֆղանստանի օրինակը հիշեցնելով ցույց տվեց, որ գերտերությունները կարող են ցանկացած պահի բախտի քմահաճույքին թողնել այս կամ այն երկրին։ Եվ որպեսզի ռուս խաղաղապահ առաքելությունն ինչ–ինչ պայմանավորվածությունների արդյունքում չթողնի հայերին բախտի քմահաճույքին, պետք է միջազգային մանդատ ունեցող խաղաղապահներ ունենալ, որպեսզի ընդամենը 2–3 երկրի հայեցողությանը չմնա հայերի անվտանգության հարցը։

«Ոչ մի երաշխիք չկա, որ ՌԴ-ն դուրս կգա այնտեղից՝ ինչ–որ բան ստանալով Թուրքիայից։ Դրա համար միջազգային մանդատ է պետք խաղաղապահների համար, այսինքն՝ միջազգային փաստաթղթով պետք է ամրագրվի»։  

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ ԱՄՆ–ի ու Ֆրանսիայի դեսպանների հայտարարությունը նշանակում է, որ հակամարտությունը կարգավորված չէ եւ չի էլ կարգավորվի մոտ ապագայում։ Կարեւոր է հասկանալ, ըստ նրա, թե ինչ պատկերացում ունեն Արցախի կարգավիճակի հարցում ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, իսկ դրան զուգահեռ՝ ՌԴ-ն խոսում է կարգավիճակի մասին, սակայն  հարցը թողնում է ապագային։ Բադալյանը շատ վտանգավոր է համարում անվտանգության հարցը մի ուղղությամբ կառուցելու մոտեցումը։ Անհրաժեշտ է դիվերսիֆիկացված մոտեցում դրսեւորել, որպեսզի փաստի առաջ կանգնելու վտանգից մեզ ապահովագրենք․

«Մենք պետք է կարողանանք առնվազն մանեւրել ու կառուցելով ու պահելով հարաբերությունները ՌԴ–ի հետ՝ աշխատենք նաեւ ԱՄՆ–ի հետ։ Ինչպե՞ս հարցին պետք է լուծում տանք՝ աշխատելով։ ՌԴ-ն աստիճանաբար թուլացող տերություն է, եւ պետք չէ միայն մեկ ուղղությամբ կառուցենք մեր անվտանգությունը »։

Արցախյան խնդրում  անմիջական դերակատարումը մեծ բեռ է Մոսկվայի համար, ինչը հաշվի առնելով՝ ԱՄՆ-ն ու ֆրանսիան չեն շտապի  որեւէ կերպ ներգրավվածություն ունենալ մեր տարածաշրջանում՝ ասում է  քաղաքական մեկնաբանը, նաեւ նկատում, որ Մոսկվան նույնպես ուզում է թուրք–ադրբեջանական կողմին հակակշռել ԱՄՆ–Ֆրանսիա ներկայությամբ։

Մինչ ՄԽ–ի համանախագահող երկրները պատրաստակամություն են հայտնում ներգրավվել հակամարտության կարգավորման գործընթացում, թշնամին առիթն օգտագործելով քայլ–քայլ առաջ է գալիս։ Այս հարցում, ըստ Հակոբ Բադալյանի, իր անվտանգությունն առաջին հերթին Հայաստանը պետք է պաշտպանի։ 

ՌԴ սենատոր, Դաշնային Խորհրդի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Անդրեյ Կլիմովը, խոսելով այս խնդիրների մասին, հատուկ շեշտում է՝ Ռուսաստանը պաշտպանելու է բոլորի կողմից ճանաչված ՀՀ-ի ՝ որպես ՀԱՊԿ անդամ երկրի սահմանները։

«Դուք ՀԱՊԿ–ում եք, մենք՝ ՀԱՊԿ–ում ենք, իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանը սեփականի պես պաշտպանելու է ՀՀ՝ բոլորի կողմից ճանաչված սահմանները՝ ելնելով ՀԱՊԿ–ին հանրապետության անդամակցությունից։ Ռուսաստանի ռազմական դոկտրինն այնպիսինն է, որ սեփական պետությունն ու իր դաշնակիցներին պաշտպանելով կարող ենք դիմակայել բոլորին՝ միասին վերցրած, այլ ոչ միայն ՆԱՏՕ–ի անդամներից մեկին, եւ  բոլոր նրանք, ում դա հետաքրքիր է, գիտեն այդ  մասին։ Այն, ինչ ասացի, որոշիչ նշանակություն ունի, եւ ոչ ոքի խորհուրդ չեմ տա ստուգել, թե դա ինչպես կարող է տեղի ունենալ, քանի որ այդ ստուգումը որեւէ մեկի համար բարի ավարտ չի ունենա ,եւ մեր կոլեգաներն ու գործընկերները Անկարայում դա շատ լավ հասկանում են»։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ամեն դեպքում կարծում է, որ նոյեմբերի 9–ի հայտարարությունը հարկադրանքի քաղաքականություն էր, որն իրականացվեց Հայաստանի նկատմամբ, իսկ մեծ հաշվով դա հարկադրանք էր, որ բանեցվեց Մոսկվայի նկատմամբ՝ Արեւմուտքի ու Թուրքիայի միջոցով։ 

Back to top button