ԿարևորՀասարակություն

«Դու կաս, տղաս»․ Ռազմական բժիշկ Նարեկին հիշում են իր փրկած զինվորները

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ռազմական բժիշկ, մայոր Նարեկ Մեսրոպյանն այսօր կդառնար 32 տարեկան: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել Նարեկ Մեսրոպյանին նվիրված հուշ-ցերեկույթ։ Բեմում Արցախի «Մռակած» պետական կամերային երգչախումբն էր, որի սանն էր նաեւ Նարեկը։ Զինվորականի և արվեստագետի ընտանիքում ծնվածը, սակայն, ընտրեց ռազմական բժշկի մասնագիտությունը․ ցանկանում էր փրկել կյանքեր։ Նա դաշնամուրին մոտենում էր  նույն  զգուշությամբ, ինչ բժշկական նշտարին։  Այդ օրն էլ շտապեց փրկել վիրավորի կյանքը։ Դրա նրա վերջին շտապելն էր։

«Ես ուզում եմ, որ խաղաղություն լինի, ու բոլորի պապաները տուն գան»։

Սա արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ռազմական բժիշկ, մայոր Նարեկ Մեսրոպյանի ձայնն է։  Նա ուզում էր, որ  միշտ խաղաղություն լինի, ու ամեն երեխայի հայր իրենց տանը լինի։  Նարեկը 2 տարեկան էր, երբ սկսվել էր Արցախյան առաջին պատերազմը։ Հայրը զինվորական էր:  Նարեկի  երազանքը կատարվեց․ հայրը վերադարձավ, բայց իր երեխաների համար դա երազանք մնաց։ Զինվորականի և արվեստագետի ընտանիքում ծնված Նարեկը դեռ մանկուց տարբեր բնագավառներում էր աչքի ընկնում՝ երաժշտությունից մինչև բժշկություն, թատրոնից զինվորական  ծառայություն։ Ոլորտներ, որոնք միմյանց հետ կապ չունեն, բայց Նարեկի դեպքում մեկտեղվում էին բնատուր շնորհքի բերումով։ Քույրը՝ Դիանա Մեսրոպյանը,  եղբորն ամենից առաջ բնորոշում է համեստությամբ։

«Բոլոր տեղերում հաջողություն էր գրանցում, հատկապես փայլում էր կենսաբանություն, ֆիզիկա առարկաներից։ Ու ընտրել էր մարդկանց կյանքեր փրկելու ուղին։ Բոլորն ասում էին՝ հիանալի դաշնամուր ես նվագում, հիանալի ասմունքում ես, ինչու արվեստագետ չես դառնում, ասում էր՝ սա ինձ համար հոբբի է,ես երազում եմ բժիշկ դառնալ ու մարդկանց կյանքեր փրկել։

Նարեկի երազանքը  կատարվեց․ 2006-ին ընդունվեց ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետ, հասավ ինտերնատուրա։ Ուսման ընթացքում արդեն բուժծառայության լեյտենանտ էր։ Արդեն որպես բժիշկ Ապրիլյան պատերազմին մասնակցության համար «Արիության» մեդալ ստացավ։ Կինը՝ Աննան, պատմում է՝ այդ պատերազմում  100-ից ավելի վիրավորի է դուրս բերել մարտի դաշտից ՝ փրկելով  նրանց։     

Արցախի հերոս Կարեն Ջալավյանը  և մարտական ընկերը չեն մոռանում, ինչպես մի օր ուժեղ ռմբակոծության ժամանակ, չսպասելով կրակի դադարին, չխնայելով իրեն և իր կյանքը, շտապեց մարտի դաշտից դուրս բերել վիրավորների․ րոպեի արժեքը գիտեր…

«Ապրիլյան պատերազմին եղել է Թալիշում, բայց մենք պատերազմից հետո ենք իմացել»,–ասում է Աննան։

Նարեկն ու Աննան դասընկերներ էին, սովորում էին Ստեփանակերտում։ Ապա Նարեկը եկավ Երեւան՝ պետական բժշկական համալսարան, իսկ Աննան ուսումը շարունակեց Արցախի պետական համալսարանում: Կյանքը նրանց միացրել էր, երկու զավակ ունեցան։ Պատերազմը, սակայն, բաժանեց։ 

«Նա այնպիսի ամուսին,ծնող որդի  է  եղել որ ինչքան էլ խոսեմ պատմեմ ,դարձյալ քիչ»,–ասում է Աննան։

Մինչ 44 -օրյա  պատերազմը Նարեկն օրդինատուրայի վերջին` 3-րդ կուրսն էր անցնում Միքայելյան համալսարանական հիվանդանոցում`դիմածնոտային վիրաբուժություն մասնագիտացմամբ։ Այս տարի ավարտելու էր ուսումն ու աշխատանքի անցներ Ստեփանակերտի հիվանդանոցում․ արդեն պայմանագիր ուներ։ Սեպտեմբերի 27-ին պատերազմի լուրն իմանալուն պես մեկնեց Արցախ։ Պատերազմի օրերին հարազատները նույնիսկ տեղյակ չէին, որ նշանակվել է Խոջալուի հրաձգային գնդի բուժծառայության պետ։ Ընտանիքին ասել էր, թե Ստեփանակերտի հիվանդանոցում է աշխատելու, մասնակցելու վիրահատություններին։ Որպեսզի ծնողները, կինը չանհանգստանան՝ նույնիսկ ընկերներին էր զգուշացրել իր գտնվելու վայրի մասին որեւէ մեկին չասել։  Այս մասին հետո պիտի իմանային։

 «Հերթական լուրն են ստանում, որ վիրավոր ունեն, ընկերը շտապել է, ասել՝ թեթև վիրավորում է,ես կգամ։ Արդեն նստել են մեքենան,Նարեկը վազելով գնացել է և մեքենայից ընկերոջը իջեցրել  է ու ասել, որ ինքն է մեկնելու։  Ընկերոջըն իջեցրել է մեքենայից, ու ճանապարհին այդ դեպքը տեղի  է ունեցել։

Չարաբաստիկ օրը հոկտեմբերի 11-ն էր։ Աղդամի ճանապարհին ծանր վիրավորվեց։  Ապրեց  8 օր։ Այդ ընթացքում աչքերը բացել էր ու առաջին հարցը, որ տվել էր, պատերազմի ընթացքի մասին էր։

 «Ասեց՝ ի՞նչ եղավ պատերազմը, ասեցինք՝ վերջացել է, նորմալ է ամեն ինչ, հաղթել ենք։ Ուզում էինք՝ իրեն ուժ տալ, բայց հոկտեմբերի 19-ին  արդեն մահացավ»-պատմեց քույրը։

Նարեկը բժիշկ էր սրտով ու մասնագիտությամբ։ Բայց հոգու մի անկյունում ապրում էր արվեստագետը։  Ծովինար Բարխուդարյանը Նարեկին գիտեր դեռ շատ փոքր տարիքից․ ասում է՝ դաշնամուրին մոտենում էր նույն  զգուշությամբ, ինչ բժշկակական նշտարին։ Պահպանված տեսանյութում Նարեկն է՝ Բաբաջանյանի «Նոկտյուրնով»։ 

 «Պատերազմը տարավ լավագույններին՝ ապրողներիս թողնելով նաև հերոսների անկատար երազանքները։ Այսուհետ մեր յուրաքանչյուր քայլից առաջ պարտավոր ենք երեք ձայն  լսել՝ մեր մտքի ձայնը, մեր խղճի ձայնը և վերջապես նրանց ձայնը՝ նրանց խոսքը վերևից»։

Մի օր Նարեկի քրոջը կոնսերվատորիայում մոտենում է անծանոթ մի երիտասարդ  ու ասում՝  ինքը հիմա ապրում է Նարեկի շնորհիվ։ Ապրիլյանի ժամանակ հենց Նարեկն է նրան փրկել։ Եվ հենց այդ առիթով է գրվել մաեստրո Արթուր Գրիգորյանի հետպատերազմյան առաջին երգը՝ «Դու կաս, տղաս»։   

Back to top button