ԿարևորՀասարակություն

Ադրբեջանական անցակետը՝ լուրջ խոչընդոտ ոչ միայն ՀՀ, այլև Իրանի տնտեսական շահին

Իրանագետ Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ՝ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական զինվորական անցակետի տեղակայումը  սպառնալիք է ՀՀ անվտանգությանը և խոչընդոտ ՝ Հայաստան-Իրան առևտրաշրջանառության համար։

«Բաքվի բռնապետի հերթական լկտի քայլն է, որով նա փորձում է ճնշում գործադրել ոչ միայն ՀՀ-ի, այլև ԻԻՀ վրա և այս քայլը կոշտ արձագանքի պետք է արժանանա»,-ասում է Վարդան Ոսկանյանը։

Մասնագետի գնահատմամբ՝ Հայաստանի համար օրակարգային է Գորիս-Կապան ճանապարհի անվտանգությունը, որի Որոտան բնակավայրին հարող  հատվածում  ադրբեջանցիները տաղավար են տեղադրել և ըստ որոշ տեղեկությունների՝ անգամ գումար են գանձել իրանական բեռնատարի վարորդից։ Իրան-Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատի տելեգրամյան պարսկերեն ալիքը անդորրագրի լուսանկար է տարածել, համաձայն որի՝ Հայաստանի տարածքում տեղակայված ադրբեջանական  «անցակետը»-ում իրանական բեռնատարի վարորդից գանձվել է 221 մանեթ (շուրջ 130 ԱՄՆ դոլար) ․ Վարդան Ոսկանյան

«Որևէ մեկը չի կարող բացառել, որ վաղը ստուգումներ չեն իրականացվելու նաև Իրան-Հայաստան ուղևորատար ավտոբուսներում։ Ուղևորատար մեքենաների դեպքում այս անցակետ կոչվածը ևս խնդրահարույց է։ Ադրբեջանական այդ ուղեկալներն անհապաղ պետք է հանվեն, Գորիս- Կապան ճանապարհը սակարկման ենթական չի կարող լինել, թշնամին սա պետք է հասկանա, իսկ Հայաստանը կոշտ արձագանք պետք է տա այս ամենին»,-ասում է Վարդան Ոսկանյանը։

Ադրբեջանի ՆԳ նախարարությունը տարածել է հայտարարություն, որում ասվում է, որ Իրանի տարածքից անօրինական բեռնափոխադրումներն Ադրբեջանի տարածքով կանխելու համար Ադրբեջանի ՆԳ նախարարությունը արագ արձագանքման ստորաբաժանման ներգրավմամբ անցակետ է տեղակայել Գորիս-Կապան ճանապարհին։  Այս անցակետի տեղադրումն ուղիղ խոչընդոտ է Իրանի տնտեսական շահին՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է «Հայաստան — Իրան  համագործակցության  զարգացման  հիմնադրամ»-ի տնօրեն Փույա  Հոսսեինին․

«Ադրբեջանի այս քայլերը երկու հիմնական նպատակ ունեն, առաջինը՝  Հայաստանի ներսում լարվածություն ստեղծել, խառնաշփոթ առաջացնել մարդկանց մեջ, հոգեբանորեն ազդել հայ հասարակության վրա, երկրորդը՝ Հայաստանի միջազգային տնտեսական գործընկերներին մեսիջ ուղարկելն է, որով իբրև ցույց կտան, որ Հայաստանի համար շատ կարևոր տնտեսական ճանապարհը, այն է՝ Իրանի հետ ճանապարհը, ռիսկային է, անվտանգ չէ։ Ադրբեջանը փորձում է վանել միջազգային մյուս գործընկերներին, կամ նրանց, որոնք կուզեն համագործակցել Հայաստանի հետ, ցույց տալով, որ  տնտեսական այսքան կարևոր ճանապարհին լարվածություն է»,-ասում է Փույա Հոսեինին։

Փույա Հոսսեինի համոզմամբ՝ սա թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքականությունն է՝ ուղղված իրանական տնտեսական շահի դեմ։ Նրա տեղեկացմամբ՝ ՌԴ գնացող իրանական բեռնատարներն  օրեր շարունակ մնում են Ադրբեջանում,  և սա ևս արվում է միտումնավոր։ «Ռուսաստանը Թուրքայի համար մեծ շուկա է, նրան ձեռնտու չէ, որ Իրանը Ռուսաստանի շուկայից բաժին ունենա, և սադրանք ստեղծելու լավ տարբերակ է Սյունիքը»,-բացատրում է զրուցակիցս։

Իրանագետ Վարդան Ոսկանյանի համոզմամբ՝ Հայաստանը պետք է կոշտ արձագանքի ադրբեջանական գործողություններին և ձեռնարկի բոլոր քայլերը պաշտպանելու Հայաստանի շահերը, ինչին  պիտի հաջորդի հետևողական աշխատանքը դաշնակից և բարեկամ պետությունների հետ։ «Հայաստան — Իրան  համագործակցության  զարգացման  հիմնադրամ»-ի տնօրեն Փույա Հոսսեինի դիտարկմամբ էլ՝ առաջնահերթ պետք է ապահովել Հայաստան-Իրան ազատ առևատրաշրջանառային անցնցում կապերը՝ այլընտրանքային ճանապարհներ ստեղծելով․

 «Մենք պետք է արագորեն քայլեր ձեռնարկենք։ Կարծում եմ, որ Տաթևի այլընտրանքային ճանապարհը պետք է գործի դնել, որպեսզի Իրանից բեռնատարները գալու այլընտրանքային ճանապարհ ունենան և խոչընդոտներից հնարավոր լինի խուսափել»,-ասում է Փույա Հոսեինին։

Ադրբեջանը տեղակայվել է Գորիս-Կապան ճանապարհին՝ հղում անելով խորհրդային շրջանի ինչ–որ քարտեզների՝ ասում է Վարդան Ոսկանյանը։ Ոչ՛ այդ քարտեզները, ոչ էլ այն գումարը, որ գանձում են իրանական բեռնատարների վարորդներին՝ Ադրբեջանի հարավային մաքսատան կնիքներով, չունեն որևէ իրավական ուժ՝ ասում են զրուցակիցներս։ Ոսկանյանի խոսքով՝ այդ քարտեզները վարչական քարտեզներ են եղել մի ժամանակաշրջանում, երբ  սահմանները բաց էին։ «Եթե հղում անելով ենք առաջնորդվում, ապա կարող ենք հղում անել 7-րդ դարի աշխարհացույցին, որտեղ Ադրբեջանի անունն անգամ չի հիշատակվում՝ ասում է զրուցակիցս։

Back to top button