ԿարևորՀասարակություն

«Գյումրին կռնա», «Թասիբով դաշինք», «Հայրաքաղաք»․ Գյումրիում «կոլորիտային» ընտրություններ են սպասվում

«Բալասանյան դաշինքը» Գյումրիի ավագանու ընտրություններին կմասնակցի, բայց առանց Բալասանյանի, Հովհաննես Մարգարյանը ընտրություններին կմասնակցի, բայց առանց ՕԵԿ-ի, քաղաքապետի պաշտոնին հավակնում է նախկին ՀՀԿ-ական, հետո ԲՀԿ-ական Վարդան Ղուկասյանի հորեղբոր որդին՝ «Հանրապետական»-ից։ Գյումրիում ուզում են քաղաքապետ ունենալ կոմունիստները, իշխանությունը․․․․ընդամենը՝ 10 ուժ։

Հոկտեմբերի 17-ին Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր՝  3 դաշինք և 7 կուսակցություն։ Դրանց շարքում կան հայտնի քաղաքական ուժեր, նաև նորաստեղծ քաղաքական միավորումներ։

Տիգրան Նազարյանը՝ թիվ 31 տածքային ընտրական  հանձնաժողովի նախագահը թվարկում է․ ««Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն, «Գյումրին կռնա» դաշինք, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն, «Արժանապատիվ ուղի» կուսակցություն, «Հայրաքաղաք» դաշինք, Հայաստանի կոմունիստական կուսակցություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Հայաստանի հանրապետական կուսակցություն», «Թասիբով դաշինք», «Ապրելու երկիր» կուսակցություն»։

«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ցուցակը գլխավորում է Կոմունալ ծառայություն համայնքային բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանը, «Հայրաքաղաք» դաշինքի առաջին համարը Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն է, «Գյումրին կռնա» դաշինքի ցուցակը գլխավորում է գործարար Վարդան Սրտաշյանը, «Թասիբով դաշիք»-ի քաղաքապետի թեկնածուն ընդդիմադիր Կարապետ Պողոսյանն է։ «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն է, ՀՀԿ-ի թեկնածուն Արտյոմ Ղուկասյանը՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբոր որդին։ Նախկին ԼՀԿ-ական Մանե Թանդիլյանի հիմնադրած «Ապրելու երկիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը իրավաբան Կարեն Մալխասյանն է։

Կոմկուսինը՝ Կոնստանտին Գավազյանը՝ քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի աշխատակից, նախկին ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը «ԱրԺանապատիվ ուղի» կուսակցության ցուցակի առաջին անունն է, «Զարթոնք» կուսակցության ցուցակը գլխավորում է  Վարդևան Հակոբյանն է, նա աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում։

Ընտրացուցակներից ամենամեծը ներկայացրել է «Բալասանյան դաշինքը»՝ 42 թեկնածու, ամենափոքրը «Գյումրին կռնա» դաշինքի և Հայկոմկուսի ցուցակներն են՝  20 թեկնածու։

«Բալասանյան» դաշինքը ստեղծվել էր 2016 թվականին՝ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Այս ուժն այսօր հանդես է գալիս որպես «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն։ Սամվել Բալասանյանը, սակայն, այս անգամ ընտրություններին չի մասնակցի։ «Գյումրին կռնա» դաշինքն էլ միակն է, որի ցուցակի առաջին համարը՝ Վարդան Սրտաշյանը, չի հավակնում քաղաքապետի պաշտոնին։ Դաշինքի քաղաքապետի թեկնածուն Վարդան Գրիգորյանն է՝ Շիրակի նախկին փոխմարզպետը։

Կանխազգում է․ «Պայքարը թեժ է լինելու»։

«Ռադիոլուր»-ը փորձեց պարզել նաև քաղաքապետի պաշտոնին հավակնող մյուս թեկնածուների ակնկալիքները․ ինչպիսի՞ ընտրապայքար են կանխատեսում, հավասա՞ր  են, արդյոք, մեկնարկային պայմանները։ 

Շիրակի մարզպետ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութան քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյան․ «Բացառելու ենք սև փիառը, դա մեր գործելաոճի մեջ չի մտնում։ Կենցաղային մակարդակի փիառով զբաղվողները պետք է հասկանան, որ իրենց ժամանակն ավարտված է, և նման գործելաոճով քաղաքական դիվիդենտներ չեն շահում։ Պետք է հասկանանք, որ գործ ունենք հանրապետության երկրորդ քաղաքի հետ, որն ունի դեմք, ունի անցյալ, ներկա և հաստատ ունենալու է լավ ապագա»։

Քաղաքական պայմանագիր կուսակցության հետ երբեք կոալիցիա չի կազմի ընդդիմադիր «Թասիբով դաշինքը», ցուցակը գլխավորող՝ Կարապետ Պողոսյան․ «Երբևիցե մեր ծրագրերում չի եղել քաղաքային իշխանությունների ընտրություններին մասնակցելը։ Մեզ մասնակցության դրդեց «Լոսի Քիսո» կոչված անձը, որին անձամբ չեմ ճանաչում։ Մենք պատահաբար տեսանք, որ եկել էր ու շատ բուռն կոչ էր անում Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրը քանդել։ Ժամանակին՝ 2018-ին Հայաստանի բոլոր լուրջ քաղաքացիները լուրջ չվերաբերվեցին Նիկոլ Փաշինյանին, և արդյունքում ունեցանք այն, ինչ ունեցանք։ Մեր Հայրենիքն ուներ երկու սահման, առաջինը՝ մեր անվտանգության սահմանն էր Մեխակավանում, և երկրորդը՝ մեր մշակութային սահմանն է, որը սկսվում է Գյումրիից։  Անվտանգության սահմանը կորցրել ենք, հերթը հասել է մշակությանին սահմանին»։

«Գյումրին կռնա» դաշինքի քաղաքական պատասխանատուն քաղաքապետի հավակնություններ չունեցող Վարդան Սրտաշյանն է։

«Կարգախոսը վաղուց էր ընտրվել, երբ մեր գործունեությունը ծավալում էինք «Ազգային արժեք» ակումբով։ Հետո՝ դաշինք ձևավորվեց, որում ընդգրկվեցին «Նժդեհյան ցեղակրոն կուսակցությւնը», «Հայկ հայկազուններ կուսակցությունը» և «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ կուսակցությունը»։ Որդեգել ենք մի սկզբունք, տանելու ենք բացառապես դրական ընտրապայքար, ցեխ չենք շպրտելու ո՛չ նախկինների, ո՛չ ներկաների վրա։ Մենք առաջարկելու ենք այն լույսը, միասնության այն մթնոլորտը, որն այսօր այդքան հարկավոր է հայ ժողովրդին»։

«Հայրաքաղաք դաշինք»-ի ցուցակում ընդգրկված են թեկնածուներ «Ռամկավար ազատական» և «Ժառանգություն» կուսակցություններից։ Դաշինքի քաղաքապետի թեկնածուԼևոն Բարսեղյանը Գյումրու ավագանու «Գալա» խմբակցության անդամ է։ Ասում է՝  դաշինքի անունը՝ «Հայրաքաղաք», անվիճելի է, ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել դրա բովանդակությունը․ «Կարող է լինել Մայրաքաղաք, ինչու՞ չի կարող լինել Հայրաքաղաք, երկուսն էլ՝ իհարկե, կարևորության իմաստով»։

Տարիների փորձառությունը հուշում է, որ ոչ բոլոր խնդիրներ է հնարավոր լուծել  ավագանու և քաղաքապետի ուժերով։ Լևոն Բարսեղյան․ «Դրանք այն դեպքերն են, երբ հարկավոր են ֆինանսական մեծ միջոցներ և օրենսդրական որոշակի բազա։ Տեղական ինքնակառավարման օրենսդրությունը էականորեն պետք է փոխվի։ Հասկանալի է, որ սա ՏԻՄ-ը չի կարող անել, լավագույն դեպքում կարող ենք օրենսդիրներին բացատրել և համոզել, որ այս կամ այն դրույթները պետք է փոխել։ Իհարկե, ամենամեծ խոչընդոտը տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների սահմանափակությունն է, դրանք իրականացնելու համար՝ ֆինանսական միջոցների պակասը և ֆինանսական համահարթեցման օրենքի թերություններն են»։

Մոտ մեկ ամսից Գյումրին կունենա նոր քաղաքապետ և նորակազմ ավագանի։ Ավագանու անդամ դառնալու համար պայքարում են 10 քաղաքական ուժերի ցուցակներում ընդգրկված 290 թեկնածուներ, տեղերը խիստ սահմանափակ են՝ ընդամենը 33։

Ցուցադրել ավելի
Back to top button