Ժամանակի վկան

Հայապահպանությունն ընտանեկան օրակարգ․ Մասիս, Սարինե և Սեպուհ Աբրահամյաններ․ «Ժամանակի վկան»

Աբրահամյանների ընտանիքը գրեթե երեսուն տարի բնակվում է Նիդերլանդներում։ Ո’չ միայն հայ ազգային, այլև հոլանդական հանրային շրջանակներում ճանաչված ընտանիքը հայտնի է հասարակական ակտիվությամբ։ Այս հաղորդաժամին ներկայացվող ընտանեկան պատմությունը հայապահպանության ցայտուն օրինակ է։ Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Աբրահամյանների ընտանիքում գրեթե բոլորն զբաղվում են ազգային, հասարակական գործունեությամբ։

Մասիս Աբրահամյան, Նիդերլանդներ, ք․ Դորդրեխտ, 2018 թ․

Զավակներից երկուսը նույնիսկ ընդգրկված են նիդերլանդական և միջազգային կազմակերպություններում։ Ավելին, իհարկե, կպատմեն իմ հյուրերը, որոնք Հայաստան են ժամանել Նիդերլանդներից։ Սիրով ներկայացնում եմ Աբրահամյան ընտանիքի երեք ներկայացուցիչներին՝ հայրը՝ Մասիս Աբրահամյանը, դուստրը՝ Սարինեն և որդին՝ Սեպուհը։

Նիդերլանդահայության ավելի քան չորսդարյա պատմական ներկայությունը ժամանակի ընթացքում նորոգվել է հայ ներգաղթյալների նոր հոսքերի միջոցով։ Օտար երկրում մշտապես առկա է ուծացման վտանգը։ Ընտանիքը փորձել և այժմ էլ շարունակում է պայքարել դրա տարբեր դրսևորումների դեմ։ 

Սեպուհ Աբրահամյանը՝ զույգ դուստրերի երիտասարդ հայրիկը, զարմացնում է հայերենի իմացությամբ․ մտքովդ անգամ չի անցնի, որ մեծացել ու կրթություն է ստացել ո՛չ թե Երևանում, այլ՝ Նիդերլանդներում։ Բացի ազգային-կուսակցական, Հայ դատի գործերին գործուն մասնակցությունից, նա անդամակցում է նաև Նիդերլանդների աշխատավորական կուսակցությանը։ Արցախյան վերջին պատերազմի վերաբերյալ Նիդերլանդների կրավորական դիրքորոշման պատճառով, ինքն էլ ստիպված եղավ կոշտ հայտարարությամբ հանդես գալ։

Մեջտեղում՝ Իրինա Բարսեղյան-Կրպեյան, Սարինե Աբրահամյան և Ալեք Քիլէրճեան, Նիդերլանդներ, ք․ Դորդրեխտ, 2018 թ․

Մասիսի և Կլաուդիա Աբրահամյանների երեք դուստրերը նույնպես ներգրավված են երիտասարդական կազմակերպությունների աշխատանքներում։ Ուսումնառությանը, աշխատանքին կամ ընտանեկան ամենօրյա խնդիրներին զուգահեռ նրանք զբաղված են հասարակական կամ կամավոր տարբեր աշխատանքներով։ Սարինե Աբրահամյանը՝ դուստրերից ավագը, այս տարի ընտրվեց Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միության փոխնախագահ։

ՀՅԴ Երիտասարդականի ջանքերով Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միության՝ Արցախը միջազգայնորեն ճանաչելու բանաձևը, համագործակցության կարևոր արդյունք էր։ Սակայն Արցախի հարցը միակ խնդիրը չէ, որի ուղղությամբ  երիտասարդական կազմակերպություններն աշխատանք են տանում։ Անելիքները շատ են։ Առաջիկայում նպատակ ունեն ավելի սերտացնելու կապը հայկական կառույցների հետ։

Արցախյան վերջին պատերազմը նոր իրավիճակ ստեղծեց նաև սփյուռքյան կառույցների համար։ Երիտասարդները ձգտելու են ավելի համախմբվել՝ չնայած ծանր կորուստներին, և աշխատելու են իրենց ուժերի առավելագույն չափով։

Ընտանեկան ավանդույթների պահպանումը լավագույն դասն է երեխաների համար, թե ինչպես կերտել կայուն, համերաշխ, ազգայինը գնահատող փոքր հասարակական համակարգ կամ բջիջ՝ մեր հայկական ավանդական օջախը։

Սարինե Աբրահամյանն ամուսնու՝ Ալեքս Քիլէրճեանի հետ

Արդյո՞ք բավարարված են իրենց տված դաստիարակության արդյունքներով և արդյո՞ք ստացել են հենց այն, ինչի ակնկալիքն ունեին որպես ծնողներ, հետաքրքրվեցի Մասիս Աբրահամյանից։ Ամփոփելով հաղորդումը՝ կրկին հիշեցնեմ Մուրացանի խոսքերը․ «Ամուր է այն ազգը, որն ունի ամուր ընտանիքներ»։

Ավարտվեց «Ժամանակի վկան» հաղորդաշարի հերթական հաղորդումը, որը ներկայացրեց հոլանդահայ համայնքի խնդիրները և Նիդերլանդներում բնակվող, հայապահպանությունը հրամայական համարող, ազգային հասարակական ակտիվ գործունեությամբ զբաղվող Աբրահամյան ընտանիքի երեք ներկայացուցիչներին՝ Մասիս, Սարինե և Սեպուհ Աբրահամյաններին։

Back to top button