Մտքի ուժը

Քայքայել պլաստիկը՝ մանրէների միջոցով․ հայ գիտնականների մտքի ուժը․ «Մտքի ուժը»

Մինչ տարբեր կամավորական խմբեր պլաստիկը հավաքում են, մաքրում շրջակա միջավայրը, հայ գիտնականների մի խումբ դրանք դեգրադացնող կամ յուրացնող մանրէներ են փնտրում։ Պարզվում է՝  կարող են լինել նաև նման մանրէներ։ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի, կենսաքիմիայի, մանրէաբանության եւ կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Արմինե Մարգարյանն է զբաղվում  գիտական այդ հետազոտությամբ։

Ասում է, որ էկոլոգիական խնդիր առաջացնող միացություններից է պլաստիկը, այն չի քայքայվում։ Սակայն կան նաև կենսաքայքայվող պլաստիկներ, որոնք քիչ են շրջանառվում։ 2016 թվականին ճապոնացի գիտնականները հայտնաբերել են ideonella sakaiensis մանրէն, որը  սինթեզում է պոլիէթիլեն քայքայող ֆերմենտը։ «Ներկա պահին պլաստիկ նյութերով աղտոտված հողերից գումարային ԴՆԹ ենք անջատում՝  հետագա մեթագենոմ նյութերով սեքվերավորման համար։ Նման հետազոտություն Հայաստանում կատարվում է առաջին անգամ»։

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության եւ կենսատեխնոլոգիայի ամբիոնի մոլեկուլային մանրէաբանության լաբորատորիայում անձամբ եմ հետևում, թե ինչպես են աշխատում մանրէների հետ։ Սպիտակ խալաթն ու բժշկական ձեռնոցները այս լաբորատորիայի աշխատանքի անբաժան մասն են։ Այստեղ ամեն ինչ կարգ ու կանոնով  է՝ ժամանակակից պահանջներին համապատասխան։

Գիտաշխատողներն ասում են, որ մանրէների հետ աշխատելը շատ հետաքրքիր է․ «Այժմ դուք սննդամիջավայր եք տեսնում, որտեղ տեղադրված է պլաստիկ, փորձում ենք տեսնել, թե որ մանրէները կաճեն այստեղ»,- պատմում է։ Գիտական խումբը հետազոտության համար անհրաժեշտ նմուշները հավաքել է  պլաստիկե շշերով, պոլիէթիլենային տոպրակներով աչքին ընկնող վայրերից։

Գիտական խումբը ուսումնասիրությունը կատարում է ՀՕՖ-ի գիտության ու կրթության ազգային հիմնադրամի տրամադրած 5 հազար դոլար դրամաշնորհի օգնությամբ։ ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն, կրթական ու գիտական ծրագրերի փոխտնօրեն Էդուարդ Կարապետյանը կարևորում է նման ծրագրերի իրականացումը, հատկապես, որ միջին  սերնդի գիտնականների բաց է տեսնում։

Արմինե Մարգարյանն ուսումնասիրել է նաև մետաղակայուն մանրէները՝ կրկին ԱՆՍԵՖ-ի՝ 2015թ, ապա 2017–ին տրամադրած դրամաշնորհով։ Այս անգամ, այսպես ասենք, թիրախում հանքարդյունաբերության ոլորտն է։

Այս խմբում պարզել են՝ կան մանրէների համակեցություններ, որոնք երկար տարիներ բնակվելով մետաղների թունավոր պարունակություններում կայունության տարբեր մեխանիզմներ են ձևավորել։ Նմուշները փորձել են վերցնել բոլոր հանքավայրերից՝ Կապան, Քաջարան, Սոթք, Ախթալա, Թեղուտ, Արծվանիկի պոչամբար, ներառել են նաև Կավարտի լքված հանքավայրի նմուշները։ 

«Մետաղների մոտավորապես 50 տոկոսը կուտակվում է բջիջների ներսում։ Եթե այդպես է, բակտերիաների հիմքով կարող ենք ստեղծել ֆիլտրեր, որոնք կարող ենք օգտագործվել հոսքաջրերը մաքրելու համար։ Ճիշտ է, դեռ մենք այն փուլում ենք, որ առանձնացրել և ուսումնասիրում ենք մետաղակայուն մանրէները, սակայն հույս ունեմ, որ մանրէների հիմքով կստանանք կենսաթաղանթ, որը կֆիլտրի հոսքաջրերը»,- ասում է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության եւ կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Արմինե Մարգարյանը։ 

Ցուցադրել ավելի
Back to top button