Սփյուռքի ձայնը

Քուվեյթի հայկական վարժարանում դասերը կվերսկսվեն պատվաստումներից հետո․ «Սփյուռքի ձայնը»

Քուվեյթի հայ ազգային վարժարանը մեկուկես տարվա համացանցային կրթությունից հետո նոր ուսումնական տարում նոր ծրագրեր ունի` այսպես սկսեց զրույցը Քուվեյթի հայ ազգային վարժարանի տնօրեն Ներսես Սարգսյանը։

Ներսես Սարգսյանը նշում է, որ շատ նոր ու հետաքրքիր ծրագրեր են պատրաստել հայ աշակերտների համար, սակայն կրթաշրջանը կսկսվի հոկտեմբերին, քանի որ երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստումները պետք է բարձր մակարդակ գրանցեն «Յուրաքանչյուրը ՝ 12 տարեկանից բարձր, պետք է պատվաստվի։ Հակառակ դեպքում, կրթօջախ մուտք գործելու իրավունք չի ունենա»,- ավելացնում է։

Քուվեյթի հայ ազգային վարժարանը գործում է 1961 թվականից, ունի միջնակարգ դպրոցի կարգավիճակ։ 2020 թվականի մարտից ուսումը կազմակերպվել է առցանց տարբերակով` ասում է Ներսես Սարգսյանը։ Սկզբում եղան դժվարություններ ուսուցիչների՝ տեխնոլոգիաներին տիրապետելու և, իհարկե, աշակերտների ներգրավվածության առումով։

«Կրթօջախում աշխատողները միանգամից չէ, որ կարողացան անցում կատարել հեռավար կրթության։ Թե նրանց, թե աշակերտներին ժամանակ էր պետք հմտություններին տիրապետելու համար։ Այսօր, իհարկե, կարող ենք վստահ ասել, որ մենք հաղթահարել ենք դժվարությունները և տարբեր իրավիճակներում կրթության ցանկացած ձև կարող ենք որդեգրել»,- նշում է Ներսես Սարգսյանը։

Իսկ արդյո՞ք պատվաստումների պարտադրանքը դժգոհության ալիք չի բարձրացրել երեխաների, ծնողների և ուսուցիչների մոտ, հարցին վարժարանի տնօրենը պատասխանում է. «Ես հետևում եմ հայաստանյան կայքերին և հայաստանցի ուսուցիչների դժգոհությանը ծանոթ եմ։ Պետության ընդունած որոշումները բեկման կամ քննարկման ենթակա չեն։ Այստեղ որևէ մեկը իրավունք չունի ընդդիմանալ պետությանը։ Գուցե ներքին խոսակցություններում նման դժգոհություններ լինում են, սակայն դրանք ավելի մեծ շրջանակների չեն հասնում»։

Ազգային վարժարանն ունի նաև նախակրթարան, այնտեղ սովորում են 4 տարեկանից բարձր տարիք ունեցող երեխաները, որոնց պարագայում այս հրահանգը չի գործում։ Մերձավոր Արևելքի տարբեր երկրների ավանդական համայնքներից շատ հայեր նախորդ դարի կեսերին տեղափոխվեցին Քուվեյթ` այստեղ ևս ձևավորելով հայ համայնք։

Նույն 50-ական թվականներին էլ ստեղծվել է առաջին համայնքային կառույցը` Ազգային վարչությունը, երբ հայերի թիվը անցել է հազարից։ Քուվեյթի հայոց թեմը պատկանում է Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությանը և 60-ականներից արդեն ունի մշտական հոգևոր հովիվ, Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցին։ Ներկայումս Քուվեյթում հայերի թիվը 5 000 է, որոնց գերակշիռ մասն ապրում է մայրաքաղաքում։ Առավելապես արհեստավորներ են ու մանր առևտրականներ, կան նաև պետական ծառայողներ ու մտավորականներ։

Back to top button