ԿարևորՏնտեսական

Մի նժարին հանքանյութն է, մյուսին՝ մեղրեցիների միրգը

Մեղրիի զբաղվածության կենտրոնի նախկին տնօրեն Աշոտ Քալաշյանի մտքով երբևէ չի անցել, որ մի օր ինքն էլ կդառնա գործազուրկ։ Դժվար էր, բայց նախընտրեց մնալ ծննդավայրում ու նոր գործ սկսել։ Այգի հիմնեց, բերքն իրացնում է արտերկրում։ Այսօր Աշոտ Քալաշյանն զբաղվում է ագրարային բիզնեսով, ու շատ մեղրեցիների նման, որպես գլխավոր խնդիր, նշում է ոռոգման համակարգը։ Արմեն Դավթյանը եղել է Աշոտ Քալաշյանի այգում։

Մեղրիի զբաղվածության կենտրոնի տնօրենից քաղաքապետի տեղակալ․ և մի օր էլ՝ գործազուրկ։ Աշոտ Քալաշյանը երկընտրանքի առջև էր․կամ նոր գործ պիտի սկսեր, կամ պիտի արտագաղթեր։  Երկար մտածելուց հետո՝ որոշեց․

«Ծառ տնկել, սպասել, թե ծառը երբ պիտի մեծանա, բերք տա, որոշակի կայուն վիճակի բերի մեզ։ Այսպես հիմնեցի այս այգին»։

7 տարվա ընթացքում՝ երեք տեսակի թզենու 600 ծառ, արքայանարինջ, նաև՝ ձիթապտուղ։ «Գրեն Կովկաս»-ի սերտիֆիկատ է ստացել, ինչը նշանակում է, որ բերքը օրգանական է, և կարելի է արտահանել նաև եվրոպական երկրներ։ Չի դժգոհում՝ իրացման խնդիր չունի։

Աշոտ Քալաշյան․ «Իրացման առումով խնդիր չկա, որովհետև տվյալ պրոդուկտը, հատուկ է միայն Մեղրու տարածաշրջանին, և դրանցից պատրաստված թզի, կարալյոկի չիրը կարողանում ենք իրացնել։ Եթե անցած տարի արտահանել եք 2 տոննա, ապա այս տարի 3 տոննա, նույնիսկ ավելիի պատվեր ունենք»։

Բերքահավաքի շրջանում այգում 10 մարդ է աշխատում, 3-ը մշտական աշխատողներ են։ Ասում է՝ խնդիրների խնդիրը ոռոգման ջուրն է։  Կաթիլային ջրամատակարարման համակարգ է տեղադրել, բայց  եղանակային պայմաններից ելնելով՝ չի հասցնում այգին ջրել։ Ոռոգման պոմպակայանն են միացնում, ծարավ ծառերը չջրած՝ ջրամատակարարումը դադարում է։

Աշոտ Քալաշյան․ «Հասկանում եմ՝ գլոբալ տաքացում, ջերմաստիճանի բարձրացում, տեղումների սակավություն։  Լեռնային ռելիեֆով գետ է հոսում, ներքևում Արաքս գետն է։ Ոռոգման խնդիր այս պարագայում եթե կա, համապատասխան կառույցների անգործության հետևանքն է։ Եթե կանխատեսեին, որ օգոստոս-սեպտեմբերին երաշտ է լինելու, կարիքները ճիշտ գնահատեին, այսօր նման պատկեր չէինք ունենա»։

Ագարակցի 61-ամյա Վոլոդյա Բունիաթյանը նշում է՝ ոռոգման ենթակայանի պոմպերը շատ հին են՝ իր ծնողների, նաև նրանց ծնողների ժամանակներից։ Համոզված է՝ համապատասխան մարմիններում աշխատող չկա։

Վոլոդյա Բունիաթյան․«Ասում եմ՝ նստել են կառավարությունում՝ իրար մեջ փայ են բաժանում։ Մենք էստեղ տուժում ենք։ Թազա նասոսի պաչեմնիկները մեկ ժամվա ընթացքում կթափե՞ն։ Չեն ուզում մարդիկ աշխատել, գալիս են ժամ անցկացնում, գնում»։

Վարչապետի խորհրդական, Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանն ասում է՝ Մեղրի խոշորաշված համայնքի ոռոգման խնդիրը հանձնաժողովի օրակարգային հարցերից է։ Անցած շաբաթ է նիստում քննարկվել։

Ռոբերտ Ղուկասյան․«Հայաստանում երաշտ է, բայց այս տարածաշրջանում հարցը կարևոր է։ Ընթացիկ որոշ բաներ արվել են՝ վիճակը կարգավորելու համար։ Մարզի ղեկավարն է հանդիպել ՋՕ-ի ներկայացուցիչների հետ։ Կարծում եմ՝ հրատապության կարգով էլի որոշ հարցեր կլուծվեն»։

Աշոտ Քալաշյանը նկատում է՝ Ագարակի պղնձամոլեբդինային կոմբինատը իրենց տարածաշրջանում է, բայց տարեցտարի ավելանում է այգեգործությամբ զբաղվողների թիվը։  Առաջարկում է՝ նժարներին դնել գյուղատնտեսական արտադրանքն ու կոմբինատի հանքանյութը․

«Իր բնապահպանական չարիքը, այստեղ էլ ունենք բարիք, բերք ու միրգ ենք աճեցնում։  Մենք արտահանում ենք,  նա էլ է  արտահանում, եթե համեմատենք՝ ապա մեր տված օգուտը ավելի լավն է։ Հիշենք, եթե  գյուղատնտեսություն է, ապա ճիշտ ստրատեգիա պիտի մշակվի»։

Շվանիձոր, Ալվանք, Նռնաձոր գյուղական և Մեղրի, Ագարակ քաղաքային բնակավայրերում 1352  ջրօգտագործող կա։ Ոռոգվում է 478 հա տարածք։ Անցած տարվա համեմատ՝ այս տարի 50-ով ավելացել է այգեգործությամբ զբաղվողների թիվը։

Back to top button