ԿարևորՔաղաքական

Թբիլիսիի համար ընդունելի են Փաշինյանի առաջարկները

Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների ղեկավարների հանդիպումն այս անգամ առանձնացավ երկու կարևոր ուղերձով՝ Հայաստանն ու Վրաստանը պատրաստվում են միմյանց օգնել հակամարտությունները լուծելու հարցում և երկրորդ՝ Թբիլիսին ընդունում է տարածաշրջանային կոմունիկացիաների շուրջ Երևանի առաջարկները։  Վրացական կողմը դրանք երկկողմ համագործակցության ընդլայնման նոր հնարավորություն է համարում։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարաիբաշվիլին հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում հայտարարեց, որ Փաշինյանը Վրաստան է եկել նոր գաղափարներով, որոնք ուղղված են տարածաշրջանի կայունությանն ու խաղաղությանը։  

Ամփոփելով թբիլիսյան հանդիպումները՝ Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանին ընդգծում է․

«Շատ կարևոր է մեր համատեղ ներգրավումը ենթակառուցվածքային ու տրանսպորտային ծրագրերում։ Վստահ եմ, որ այս այցը հայ-վրացական հարաբերությունները նոր մակարդակի է բարձրացնում»։

Փաշինյան-Ղարիբաշվիլի հանդիպումը կարևորվում է հատկապես տարածաշրջանային նոր իրողությունների պայմաններում Հայաստան-Վրաստան  համագործակցության նոր հնարավորություններով։ Երկու երկրների ղեկավարները թեև չհստակեցրին, թե որ ծրագրերում են պատրաստվում ներգրավվել և ինչպես, սակայն ըստ տարածաշրջանի հարցերով վրացի քաղաքագետ Գելա Վասաձեի՝ խոսքն  ամենայն հավանականությամբ «Արևելք- Արևմուտք» ու «Հյուսիս -Հարավ» ծրագրերի մասին է։ Փաշինյանը, ի դեպ, Վրաստան ժամանելուց ժամեր առաջ հայտարարել էր, որ Թբիլիսիում քննարկելու է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը՝ այս համատեքստում կարևորելով «Հյուսիս-հարավ» նախագիծը, որը Իրանը Հայաստանի տարածքով կապում է Վրաստանի հետ։

«Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին համաձայնագրին վերաբերող հարցեր և դրա շրջանակում նոր հնարավորություններ: Այս հարցն առանձին քննարկել են արտգործնախարարները։

«Ինչ վերաբերում է Պարսից ծոց -Սև ծով ծրագրին, այստեղ խոսքը ճանապարհների արդիականացման մասին է՝ Հայաստանի ու Վրաստանի տարածքով Իրանից Ռուսաստան։ Այստեղ կարող է տեղ գտնել նաև Բաթումի-Ախալքալաք- Երևան, ապա դեպի Իրան շարունակվող ավտոմոբիլային ճանապարհը»,-ասում է Վասաձեն՝ կարևորելով տարածաշրջանային կոմունիկացիաների հնարավոր ապաշրջափակումը։

Մեկ այլ փորձագետ՝ Նիկա Չիտաձեն, խոսելով ապաշրջափակման համատեքստում Վրաստանի տարանցիկ դերի մասին, ընդգծում է․

«Այո, Վրաստանի տարածքով փոխադրումների ծավալը կկրճատվի, այդուհանդերձ Վրաստանը կմնա հիմնական տրանզիտային երկիրը։ Մյուս կողմից էլ՝ Վրաստանը ավելի շատ հետաքրքրված է տարածաշրջանային համագործակցությամբ, որպեսզի վերականգնվեն տնտեսական կապերը հակամարտող կողմերի միջև՝ բարելավելու ու աննախադեպ  դարձնելու տարածաշրջանային  համագործակցությունը։ Վրաստանի համար դա ավելի մեծ կշիռ ունի»։

Չիտաձեն  նաև նշում է, որ տարածաշրջանի նոր իրողությունների պայմաններում Վրաստանը մեծ թափով անցել է տարանցիկ ճանապարհների արդիականացմանը, որոնք կրճատելու են փոխադրումների տևողությունը։ Լարսի դժվարանացանելի հատվածում նոր՝ շրջանցիկ ճանապարհի կառուցումը, այլընտրանք է լինելու Լարսին, սկսվում է նաև մայրաքաղաքի մոտակայքում գտնվող Ալգեթի բնակավայրից մինչև Սադախլո՝ Հայաստանի հետ սահման տանող նոր ճանապարհի կառուցումը որը միանալու է մեծությամբ երկրորդ եվրոպական տարանցիկ միջանցքին՝ Արևելք-Արևմուտքին։

Փաշինյանը Թբիլիսիում հայտարարեց, որ Հայաստանն ու Վրաստանը պատրաստվում են միմյանց օգնել հակամարտությունները լուծելու հարցում։ Գելա Վասաձեն, առանձնացնելով այս միտքը, նշում է․

«Խոսքը միայն մեկ հակամարտության մասին չէ, այն  վերաբերում է նաև ռուս-վրացական կոնֆլիկտին։ Դժվար է ասել, թե Հայաստանն ու Վրաստանը արդյոք ռեսուրս ունե՞ն դա անելու, սակայն համաձայնություն ունեն այս ուղղությամբ  ջանքեր գործադրելու հարցում, քանի որ տարածաշրջանի խաղաղությունը կարևոր է բոլորի համար»։

Հայ-վրացական բարձր մակարդակի բանակցություններում Երևանն ու Թբիլիսին որոշել են ակտիվացնել տնտեսական երկկողմ համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները՝ նոր թափ հաղորդելով առևտրատնտեսական համագործակցությանը։

Ութ տարվա ընդմիջումից հետո հանձնաժողովը հերթական նիստն անցկացրեց Երևանում՝ 2019-ին,  իսկ 2020-ին Թբիլիսիում նախատեսված հանդիպումը չեղարկվեց համավարակի պատճառով: 

Որոշվել էր՝ տնտեսական երկկողմ համագործակցությունը հասցնել հարևան և բարեկամ երկրներին հարիր մակարդակի։ Երկկողմ առևտրաշրջանառությունը վերջին տարիներին դանդաղ, բայց աճում է՝ այս տարի  արտահանման ու ներմուծման աննախադեպ ցուցանիշ գրանցելով։

Back to top button