Մոռացված ֆիլմերի ստվերները

Երկրից սկսվող թռիչքը. Ներսես Հովհաննիսյանի` ռուսական կինոդարակում պահվող ֆիլմը․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Ներսես Հովհաննիսյանի «Թռիչքն սկսվում է երկրից» հանդիսատեսին գրեթե անծանոթ ֆիլմը կինոռեժիսորի համար ոճի կտրուկ փոփոխություն էր։ Հովհաննիսյանը ցանկանում էր ֆիլմ նկարահանել իր երկու մտերիմ ընկերների` Արմեն Ջիգարխանյանի և Խորեն Աբրահամյանի մասնակցությամբ։

Ֆիլմը նկարահանվեց Մոսկվայի պատվերով և մնաց մոսկովյան կինոդարակներում` հանդիսատեսի և հայկական էկրանի համար անհասանելի։ Կինոռեժիսոր, դերասան Ներսես Հովհաննիսյանի ֆիլմերը ազգային կինոյի լավագույն ժամանակաշրջանի վկայությունն են։

«Հանդիպում ցուցահանդեսում», «Ձախորդ Փանոսը», «Հարսնացուն հյուսիսից», «Խոհարարները եկել են մրցույթի», «Երջանկության մեխանիկա»․ Ներսես Հովհաննիսյանի այս ֆիլմերը ինչպես նախկինում,  այսօր էլ հնարավոր չէ անտարբեր դիտել։ Բայց այս ֆիլմերի կողքին կա մեկը, որն այդպես էլ անծանոթ մնաց հայ հանդիսատեսին։

Ներսես Հովհաննիսյան

«Թռիչքն սկսվում է երկրից». այսպես է կոչվում Ներսես Հովհաննիսյանի երկսերիանոց կինոնկարը, որը նկարահանվեց 1979-ին, մի քանի անգամ ցուցադրվեց Մոսկվայի կենտրոնական հեռուստատեսությամբ ու միանգամից անտեսվեց։ Այս ֆիլմի գոյության մասին այսօր հիշում են նկարահանման մասնակիցները միայն, որոնցից մեկն էլ ռեժիսոր, սցենարիստ Հրանտ Հակոբյանն է։

«Ֆիլմի ստեղծման աշխատանքներում ներգրաված էին հայ կինոյի բարձրակարգ մասնագետներ՝ կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանը, ֆիլմի նկարիչ Ռաֆայել Բաբայանը, դիմահարդար Պողոս Աստճյանը և այլն»,- հիշում է Հրանտ Հակոբյանը:

Ներսես Հովհաննիսյանը երկար տարիներ ցանկանում էր Արմեն Ջիգարխանյանի և Խորեն Աբրահամյանի մասնակցությամբ ֆիլմ ստեղծել։ Դրա մասին նա պատմեց արձակագիր, դրամատուրգ Աղասի Այվազյանին, որը նույնպես վարակվեց այդ գաղափարով։ Որոշ ժամանակ անց Աղասի Այվազյանը Ներսես Հովհաննիսյանին ներկայացրեց «Օդանավակայան» աշխատանքային վերնագրով  կինոսցենար։

Դերասանական կազմի հաստատումից հետո նկարահանող խումբը մեկնեց Կապան։ Երեք ամիս Կապանի փոքրիկ օդանավակայանը վերածվել էր նկարահանման հրապարակի։ Թատրոնի և կինոյի արդեն փորձառու դերասանուհի Սոֆիկ Սարգսյանն այս ֆիլմում հանդես եկավ ուղեկցորդուհու դերով։ Ֆիլմի նկարահանումից ավելի քան չորս տասնամյակ անց Սոֆիկ Սարգսյանն ու Հրանտ Հակոբյանը  միմյանց հանդիպեցին  Հանրային ռադիոյի տաղավարում։ Հուզմունքով, ոգևորությամբ վերհիշում էին ֆիլմի ստեղծման հիշարժան պահերը՝  ձայնի մեջ կարոտ էր։

«Իմ կարծիքով Խորեն Աբրահամյանն ու Արմեն Ջիգարխանյանը արյունակից եղբայրներ էին»,-ասում է Սոֆիկ Սարգսյանն և ավելացնում, որ ինչքան էլ հոգնած լիներ Ջիգարխանյանը, երբ հնչում էր ռեժիսորի ասիստենտի ձայնը «Արմեն Բորիսիչ ձեր տեսարանի նկարահանումն է», նա պատրաստ, հավաք մտնում էր կադր ու նրա հոգնածությունից մի նշույլ անգամ չէր երևում կադրում:

Հրանտ Հակոբյան և Սոֆիկ Սարգսյան

ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսության պատվերով նկարահանված ֆիլմի գործողությունները ծավալվում են գավառական օդանավակայանում, ուր վերադառնում է այստեղից իր ուղին սկսած և հայտնի դարձած օդաչուն։ Այդ փոքրիկ աշխարհում հիմա արդեն շատ բան նրան օտար է ու անհասկանալի։

Հրանտ Հակոբյանը պատմում է, որ ֆիլմի սյուժեն իրենից բարդ հոգեբանական նյութ չէր ներկայացնում, սակայն նկարահանման ժամանակ անկանխատեսելի ու բարդագույն իրավիճակների պակաս չկար։ Այդպիսի մի իրավիճակում էլ նա հայտնվեց, երբ տեսարաններից մեկի նկարահանման համար հարկավոր էին տեղացի տարազավոր տատիկներ։

Հրանտ Հակոբյանը գնում է Տեղ գյուղ, հավաքագրում տատիկներին, պայմանավորվում, որ միասին մեկնեն Կապան։ Բայց հաջորդ օրը տեղափոխող ուղղաթիռն այդպես էլ չի գալիս։ Ռեժիսորը ստիպված վերադառնում է առանց տատիկների։ «Վերադարձա ու տեսա, որ Ներսես Հովհաննիսյանն արդեն նկարահանում է այդ տեսարանը ուրիշ տատիկների մասնակցությամբ: Նա իրեն ապահովագրել էր` մտածելով, որ հնարավոր է ինչ- որ բան չստացվի ինձ մոտ և Քաջարանից էր բերել այդ կանանց: Ես շատ զայրացա, ինքն էլ զգաց իմ զայրույթը և նկարահանումից հետո մոտեցավ ինձ, փաթաթվեց ու ասաց «Էս ա կինոն Հրանտիկ ջան»,- պատմում է Հրանտ Հակոբյանը:

Սոֆիկ Սարգսյանի համար այս ֆիլմը յուրահատուկ նշանակություն ունի։  Կինոօպերստոր Ալբերտ Յավուրյանը, տեսնելով երիտասարդ դերասանուհուն, նրա համար մտածեց ու նկարահանեց սցենարից դուրս գեղեցիկ մի դրվագ ։

«Ես դաշտային ծաղիկները ձեռքիս, դանդաղեցված կադրում վազում եմ։ Այդ կադրը Ալբերտ Յավուրյանը նկարահանեց և ասա ասաց` այ էս կադրը նկարահանում եմ Սոֆոյին նվեր»,- խանդավառությամբ պատմում է Սոֆիկ Սարգսյանը։ 

Ներսես Հովհաննիսյանը Արմեն Ջիգարխանյանի և Խորեն Աբրահամյանի հետ նկարահանման ծանր օրվանից հետո առանձնանում էր իր սենյակում և քննարկում հաջորդ օրվա անելիքները։ Դերասան Ավետիք Ջրաղացպանյանը, այսպես ասած, «խանդով էր» վերաբերվում դրան։ Մի երեկո էլ, երբ հերթական անգամ Ներսես Հովհաննիսյանի սենյակում քննարկվում էր հաջորդ օրվա անելիքը, Ավետիք Ջրաղացպանյանը հավաքում է դերասանկան խումբը և թակում կինոռեժիսորի սենյակի դուռը։

«Ներսես Հովհաննսյանը բացեց դուռը և հարցրեց, թե ի՞նչ է պատահել, Ավետիքն էլ, թե Ներսես ջան գուցե մենք Խորեն Աբրահամյան ու Արմեն Ջիգարխանյան չենք, բայց մենք էլ ենք ուզում, որ մեզ հետ փորձ անեն»,- չզսպելով ծիծաղը հիշում է Սոֆիկ Սարգսյանը: 

Ներսես Հովհաննիսյանի «Թռիչքն սկսվում է երկրից» ֆիլմը հայ կինոյի պատմության այն եզակի ֆիլմերից է, որտեղ նկարահանվեց Գաբրիել Սունդուկյանի անվան մայր թատարոնի գրեթե ողջ դերասանական կազմը. Վերջալույս Միրիջանյան, Արմեն Խոստիկյան, Լյուսյա Հովհաննսիայն, Ավետիք Ջրաղացպանյան, Մարիկա Թումասովա և այլն։

Այս դերասաններից յուրաքանչյուրը իր դերակատարմամբ մեկ անգամ չէ, որ հիացրել է 60- 80-ականների թատերասեր հանդիսատեսին։ Ցավոք ժամանակին այդպես էլ չնկարահանվեցին նրանց մասնակցությամբ թատերական ներկայացումները։ Սակայն բարեբախտաբար բացը ինչ որ կերպ կարող ենք լրացնել` դիտելով  Ներսես Հովհաննիսյանի «Թռիչքն սկսվում է երկրից» ֆիլմը։

Բայց  ֆիլմի ցուցադրման իրավունքը մինչև օրս պատկանում է պատվիրատուին` ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությանը, որի իրավահաջորդն այսօր Ռուսաստանյան առաջին ալիքն է։ Այդ լրատվամիջոցը կարծես հակված չէ ցուցադրել խորհրդային ժամանակներում այլ ազգության կինոգործիչների նկարահանած ֆիլմերը։ Մնում է հուսալ, որ հայկական կինոյի ճակատագրով զբաղվողները կգտնեն իրավական այն մեխանիզմները, որը հայ կինոդիտողին հնարավորություն կտա ծանոթանալ` երկրից սկսվող թռիչքին։

Ցուցադրել ավելի
Back to top button