ԿարևորՔաղաքական

Պատերազմը չի ավարտվել․ փորձագետները՝ թուրք–ադրբեջանական զորավարժությունների մասին

Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության շրջանակում սեպտեմբերի 6-ին Արցախի օկուպացված Քաշաթաղի (Լաչինի) շրջանում թուրք-ադրբեջանական ուսումնական վարժանքներ են մեկնարկել։ Վարժանքների հայտարարված նպատակը մարտական գործողությունների ընթացքում թուրք և ադրբեջանցի զինվորականների փոխգործակցության բարելավումն է, հրամանատարական կազմի՝ ռազմական որոշումների կայացման և ստորաբաժանումների կառավարման հմտությունների զարգացումը։ Ռազմական փորձագետները թուրք-ադրբեջանական հերթական նախաձեռնությունը խիստ վտանգավոր են գնահատում եւ հիշեցնում՝պատերազմն, ըստ էության, չի ավարտվել եւ ամեն պահ կարող է ակտիվ փուլ մտնել։ 

Թուրքիան ու Ադրբեջանն առաջին անգամ  համատեղ զորավարժություն են անցկացնում Արցախի օկուպացված Քաշաթաղի շրջանում՝ Լաչինի միջանցքի մոտակայքում։ Տեղանքը մոտ է ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի սահմանին, մասնավորապես՝ Սեւ լճի տարածքին, ինչը ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը ռիսկային է որակում։

«Առաջին անգամ չէ, որ զորավարժություն է անցկացվում Արցախից բռնազավթված տարածքներում, բայց առաջին անգամ է, որ դրանք անցկացվում  են Քաշաթաղում։ Ընտրված տարածքը  շատ մոտ է  մեզ համար երկու թեժ կետերի․ մի կողմից՝ Սեւ լճին, մյուս կողմից Գորիս–Կապան ճանապարհի դեպի Մեղրի ձգվող հատվածին»։ 

Զորավարժությունների անցկացումը ռիսկային է որակում նաև Հայասոտանի արտգործնախարարությունը։ Ի պատասխան լրատվամիջոցների հարցման՝ գերատեսչությունը թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում է որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն, որը չի համապատասխանում 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և խաթարում է տարածաշրջանում տևական խաղաղություն, անվտանգություն և կայունություն հաստատելու ջանքերը։

44-օրյա պատերազմից հետո սրանք Բաքվի և Անկարայի առաջին համատեղ զորավարժություններն են Քաշաթաղի շրջանում:

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի դիտարկմամբ՝  Քաշաթաղում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների անցկացումը մի քանի նպատակ է հետապնդում։

«Երեւույթն ունի իր ռազմական, քաղաքական եւ հոգեբանական կողմերը։ Ռազմական առումով ձգտում են իրնեց զորքերի մարտունակությունը բարձր պահել։ Քաղաքական առումով սա մեսիջ է հայկական ու մասամբ նաեւ ռուսական կողմին, որ առիթի դեպքում պաշտոնական Բաքուն չի խուսափի նաեւ ուժ կիրառելուց։ Սա նաեւ հոգեբանական ազդեցություն է գործում մեր հասարակության վրա՝ վախի, անվստահության մթնոլորտ տարածելով։ Մյուս կողմից էլ սա էրդողանյան ոճն է, որը տարածվում է նաեւ Ալիեւի վրա։ Դրա էությունը  ագրեսիվ, ֆինանսական մեծ միջոցների վրա հիմնված քաղաքականություն վարելն է հարեւանների, առաջին հերթին՝  Հայաստանի նկատմամբ։ Վտանգավոր է, քանի որ պատերազմն, ըստ էության, չի ավարտվել եւ ամեն պահ կարող է անցնել ակտիվ փուլ»։ 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածած հաղորդագրությամբ իրազեկում է, թե զորավարժություններն ընթանում են ռազմական համագործակցության մասին համաձայնագրին համապատասխան: «Հիմնական նպատակը ռազմական գործողությունների ընթացքում փոխգործակցության և մարտական համակարգման բարելավումն է: Զորավարժություններն ուղղված են նաև հրամանատարների ռազմական որոշումների կայացման ու ստորաբաժանումների կառավարման հմտությունների զարգացմանը», — ասվում է հաղորդագրությունում։

Պաշտոնական Ստեփանակերտը նույնպես զորավարժությունները  սպառնալիք է համարում։ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանի խոսքով՝ դրանք  նոր մարտահրավեր են Արցախի համար։ Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ վարժանքներն առաջին հերթին ուժի ցուցադրության նպատակ ունեն և հաստատում են, որ ուժի գործադրումը առաջնային է հակառակորդի համար՝ անկախ խաղաղության օրակարգից։

«Սա իրականացվում է Թուրքիայի հետ համատեղ։ Իսկ համատեղ վարժանքների թիվը ավելացել է 44–օրյա պատերազմից հետո։ Չմոռանանք նաեւ, որ  Ակնայում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոն է գործում։ Ակնհայտ է, որ Թուրքիայի դերն առաջիկա տարիներին ավելանալու է, ինչը սպառնալիք է տարածաշրջանի համար։ Բաքուն շարունակում է սպառազինվել։ Ադրբեջանը նաեւ իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում է ամրաշինական աշխատանքներ կատարում, այսինքն՝ Ադրբեջանից եկող վտանգը չպետք է դիտարկել միայն զորավարժություններով»։

Բաքուն մի կողմից խաղաղության օրակարգն է առաջ քաշում, մյուս կողմից  զինվում է, զորավարժություններ անցկացնում ու սպառնալիքներ հնչեցնում։ Նման պայմաններում, ռազմական փորձագետի կարծիքով, պետք է շեշտադրել ԵԱՀՄ ՄԽ–ի համանախագահությամբ բանակցություների վերսկսման նախապայմանը։ Տիգրան Աբրահամյանը հուշում է՝ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներն ու ՄԽ–ի հովանու ներքո արցախյան խնդրով բանակցային ձևաչափի վերակնգնումը պետք է զուգահեռ գործընթացներ դարձնել ։ Հակառակ դեպքում՝ բանակցությունները վերսկսելու  հնարավորություն գուցե այլեւս չլինի։

Back to top button