ԿարևորՄշակույթ

Բիզնես՝ մշակույթի հաշվին․ ի՞նչ են փնտրում գանձագողերը դամբարաններում

Սուրբ Թեոդորոս կամ Սուրբ Զորավար վանքը օրերս հայտնվեց լրահոսում՝ տհաճ առիթով․ վանքի տարածքում գանձագողություն էր եղել։ Սուրբ Թեոդորոսը գտնվում է Կոտայքի մարզում․

«Կոտայքի մարզի Նաիրի տարածաշրջանում, Սուրբ Զորավար եկեղեցու տարածքում ենք արձանագրել գանձագողության դեպք, եկեղեցու տակ ամբողջը դամբարանադաշտ է, շրջակայքում նույնպես դամբարաններ են, 7-րդ դարի կառույց է»,-ասում է Սմբատ Խաչատրյանը։

«Ռադիոլուր»-ի զրուցակիցը Հուշարձանների պահպանության Կոտայքի մարզային ծառայության պետ Սմբատ Խաչատրյանն է։ Ասում է՝ սա այս տարի մարզում արձանագրված գանձագողության միակ դեպքը չէ․

«Երկրորդ դեպքն է այս տարի, առաջինը Պերճի գլուխ կոչվող ամրոցի տարածքում էինք հայտնաբերել։ Եվս մեկ փոս ենք հայտնաբերել Եղվարդի Սևանասարի բրոնզեդարյան ամրոցում, փոսը տեխնիկայի միջոցով է փորված։ Հստակ չգիտենք՝ գանձագողություն է, թե այլ պատճառներով է փորվել»,-նշում է Սմբատ Խաչատրյանը։

Արձանագրված բոլոր դեպքերի մասին մարզային աշխատակիցները հայտնում են Ծառայությանը, Ծառայությունն էլ՝ ԿԳՄՍ նախարարություն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին, հետո գործով զբաղվում են իրավապահ մարմինները։ Սմբատ Խարչատրյանի խոսքով՝ մարզային պահապանները 10 օրը մեկ շրջայց են կատարում՝ գանձագողության հնարավոր դեպքերն արձանագրելու համար, յուրաքանչյուրը շրջում է 5-6 գյուղում։ Հուշարձանների պահպանության բաժնի պետ Վիկտորյա Իսահակյանի խոսքով՝ գանձագողերի թիրախը հիմնականում դամաբարանադաշտերի ու ամրոցների տարածքներն են․

«Այս տարվա ընթացքում 8 գանձագողության դեպք ենք հայտնաբերել՝ Գեղարքունիքի, Տավուշի, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Վայոց Ձորի մարզերում։ Բոլոր մարզերում են նման դեպքեր գրանցվում, բայց ավելի հաճախ՝ Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում ու Տավուշում»,-ասում է Վիկտորյա Իսահակյանը։

Գանձագողերի պատկերացմամբ՝ դամբարաններում և ամրոցների տարածքներում թաղված են գանձեր, որոնք գտնելու համար նրանք կիրառում են հատուկ մետաղորսիչ սարքեր։ Մետաղորսիչ սարքն արձանագրում է, որ տվյալ տարածքում ազնիվ մետաղ կա, գանձագողն էլ փորում է։ Ընդ որում, հանում են և՛ ազնիվ մետաղներ, և հնագույն իրեր, որոնք վաճառում են բարձր գնով»,-ասում է Վիկտորյա Իսահակյանը․

«Իրավախախտումների համար ՀՀ քրեական օրենսգրքով հոդվածներ կան, եթե չեմ սխալվում, միջին աշխատավարձի հնգապատիկի չափով տուգանք կա, բայց խնդիրն այն է, որ գանձագողերը հիմնականում չեն գտնվում, շատ հազվադեպ է պարզվում նրանց ով լինելը»,-ասում է Վիկտորյա Իսահակյանը։

Պատմաբան Գուրգեն Մուրադյանի խոսքով՝ թե’ մինչև քրիստոնեությունը, թե՛ դրանից հետո, հանգուցյալի հետ թանկարժեք իրեր թաղելն ընդունված է եղել․ ըստ  պատկերացումների՝ դրանք կարող էին մարդուն պետք գալ անդրշիրիմյան կյանքում։ Թե որքան թանկարժեք են եղել այդ իրերը, կախված է եղել հանգուցյալի սոցիալական դիրքից։ Գանձեր թաղվել են նաև ամրոցների տակ․

«Գանձեր դրվել են հանգուցյալի հետ, որպեսզի հանգուցյալ կյանքում կարողանա մարդը, իբրև թե, օգտագործել դրանք։ Պատմության մեջ վառ օրինակ է հենց հայտնի Աղձքի դամբարանը, որը պարսկական արշավանքի ժամանակ է թալանվել, որովհետև իմացել են, որ դամբարաններում ոսկի է թաղված»,-նշում է պատմաբան Գուրգեն Մուրադյանը։

Գանձագողության հետևանքով հիմնական վնաս կրողը մշակույթն է՝ կողոպտված կոթող, ավերված դամբարան․․․․․

Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածը պատմության եւ մշակույթի հուշարձանները ոչնչացնելու կամ վնասելու համար, ըստ հանգամանքների, սահմանում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկու հարյուրապատիկի չափով կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով։ Սահմանված են նաև առավել խիստ պատիժներ, եթե ոչնչացվել կամ վնասվել է առանձնապես արժեքավոր հուշարձան։ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հիշեցնում են՝ գանձերի արժեքը, որպես պատմությունը ներկայացնող բացառիկ նմուշներ, անհամեմատ բարձր է, քան երբ դրանք վաճառվում են որպես գողացված առարկաներ։

Back to top button