ԿարևորՀասարակություն

Ռուս համանախագհի եվ Արցախի ղեկավարության հանդիպումը՝ ՄԽ–ի ձեւաչափի վերականգնման ազդանշան

Գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն ավարտում է իր առաքելությունը՝ որպես Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատար, իսկ  Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը  վարժանքներ են անցկացնում Քաշաթաղի (Լաչին) շրջանում, որը 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է: Սրանք Բաքվի և Անկարայի առաջին համատեղ զորավարժություններն են Ղարաբաղյան հակամարտության գոտում:  Այս ֆոնին Երեւանում ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս նորանշանակ համանախագահը հանդիպում է Արցախի ղեկավարության հետ ու քննարկում արցախյան խնդիրը։ Փորձագետներն այս հանդիպումը պատահական չեն համարում, այն գնահատում են որպես ՄԽ–ի ձեւաչափի վերականգնման ազդանշան։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ  համանախագահ Իգոր Խովաևը Երեւանում  հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ու արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ  Արցախի ղեկավարությունը շեշտել է, որ Արցախը շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում բանակցային գործընթացը շարունակելու հանձնառությանը։  Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող տարբեր հարցեր, շեշտվել է համանախագահների՝ առաջիկայում տարածաշրջան կատարելիք այցի կարևորությունը։ Խաղաղության և կայունության պահպանման գործում նախագահ Հարությունյանն առանձնահատուկ կարևորել է տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը։ 

Արցախի ԱԳՆ Դավիթ  Բաբայանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում կարեւոր է գնահատել ռուս համանախագահի հետ հանդիպումը եւ շեշտել՝  այն առավելապես ճանաչողական  բնույթ  ուներ։ 

«Կան բոլոր նախադրյալները, որ Մինսկի խումբը վերսկսի աշխատանքը։ Այո, հանդիպումից հասկացել եմ , որ ՄԽ եռանախագահները կվերսկսեն աշխատանքը»։

Ազգերի ինքնորոշման սկզբունքը միշտ եղել է հայկական կողմի  առաջնահերթությունը, եւ ռուս համանախագահի հետ քննարկումներում Արցախի իշխանությունները շեշտադրել են հենց  այդ սկզբունքը՝  նկատում է Դավիթ Բաբայանը։

Քաղաքական վերլուծաբան Մանվել Ղումաշյանը Իգոր Խովաևի հանդիպումը Արցախի նախագահի ու արտգործնախարարի հետ համարում է ՄԽ–ի ձեւաչափի վերականգնման ազդանշան։

Նրա գնահատմամբ՝  այնքան կարեւոր չէ,  թե ինչ հարցեր են քննարկվել,  որքան փաստը, որ ռուս համանախագահը առանձին հանդիպում  է ունենում Արցախի իշխանությունների հետ։ Սա  Արցախը կարեւորելու քայլ է, ինչին ողջ ուժով ընդդիմանում է Ալիեւը՝ պնդելով, թե ղարաբաղյան խնդիր այլևս  գոյություն չունի։ Ըստ վերլուծաբանի՝  ռուս միջնորդն անուղղակիորեն ասում է, որ արցախյան հարցը լուծված չէ եւ որ դեռ պետք է կարգավորվի։

«Սա մարտահրավեր է Բաքվի համար, քանի որ Ալիեւը հայտարարել է, թե Արցախի խնդիր չկա։ Հաջորդ հանդիպումը կլինի լիակատար  ֆորմատով՝ իհարկե Ալիեւի մեծ դիմադրությամբ, քանի որ էշ նստելը մի աիբ է, իջնելը՝ երկու»։

Վերլուծաբանի համոզմամբ՝  44–օրյա պատերազմը ցույց տվեց, որ Ռուսաստանը միայնակ չի կարողանում ստանձնել արցախյան խնդրի կարգավորումը։ Այլ էր պատկերը 90–ականներին․ այն ժամանակ էլ Թուրքիան փորձեց միջամտել, բայց Մոսկվան թույլ չտվեց, այսօր, սակայն,  Մոսկվան 44–օրյա պատերազմի ժամանակ այլ նկատառումներով է գործել ։

«44–օրյա պատերազմում ՌԴ–ն տանուլ տվեց։ Արցախի  70 տոկոսը տվեց, բայց Ադրբեջանը դեռեւս չի ընկնում Ռուսաստանի գիրկը,  անգամ ռուս խաղաղապահների մանդատը չի ստորագրել Բաքուն։ Դրա համար Մոսկվային ձեռնտու է, որ Ֆրանսիան ու ԱՄՆ գան ու Թուրքիայի առկայության պայմաններում հավասարակշռություն ապահովեն արցախյան խնդրում»։

Բաքուն փորձում է շանտաժի է ենթարկել  Մոսկվային,  և Ռուսաստանը կարմիր գծի վրա է, քանի որ կարող է կորցնել ողջ Հարավային Կովկասը՝ ասում է Մանվել Ղումաշյանը։ Ամեն դեպքում  Հայաստանին շատ ուժեղ Մոսկվա եւս պետք չէ՝ ըստ քաղաքական վերլուծաբանի, քանի որ մեր հաշվին կարող է սակարկություններ անել։ Երեւանին պետք է Մոսկվա, որը դուրս չի գա Հարավային Կովկասից, այս դեպքում՝ Հայաստանից ու Արցախից՝ եզրափակում է վերլուծաբանը։  

Back to top button