ԿարևորՀասարակություն

Արմավիրում վերականգնվում են ոռոգման համակարգերը

Արմավիրի մարզում ոռոգման ցանցի բարելավման ծրագրերով վերանորոգվելու է շուրջ 250 կմ ջրատար: Աշխատանքների 70 տոկոսն ավարտվել է: Ջրի կորուստները նվազեցնելու համար հողային հունով առուները փոխարինվում են երկաթբետոնե կիսախողովակներով: Վերանորոգվում են նաև խորքային հորերը, վերականգնվում՝ փակվածները:

Ախուրյանի ջրամբարի զգալի մասը ցամաքել է, Սևանից բաց թողնված ջուրն էլ չի բավարարում  Արմավիրի մարզի համայնքների մշակովի հողատարածքները ոռոգելուն: Որոշ համայնքներում բույսերը կիսահասունացած չորացել են: Ակնալճի հողերն, օրինակ, ոռոգվում են Ստորին Հրազդան ջրանցքից, բայց Սևանի ջուրը տեղ չի հասնում: Համայնքի ղեկավար Գևորգ Միսակյանը համոզված է՝ ոռոգման  ջրի կառավարումը  թերի է : Թվարկում է ջուր չունենալու պատճառները.

«Առաջինը՝ ջրի ոչ ճիշտ կառավարումը, երկրորդը՝  Սև ջուր  գետից պոմպակայանի ջրթողունակության պակասը, երրորդ՝ Ստորին Հրազդան ջրանցքի վերջին գյուղ լինելը: Եթե մյուս գյուղերը  հողերը ջրեցին վերջացրին, ուրեմն մենք ջուր կունենանք, եթե ոչ՝ չի հասնի: Մյուս համայնքներին տրվող ջրերը քչացնելով՝ ջուրը  կբերեն, տեղ կհասցնեն,  ինչը չեն կարողանում անել»:

Թեև Ակնալիճ համայնքում ոռոգման խնդիրը միշտ օրհասական է, այնուամենայնիվ, անմշակ հողերի տարածքները կրճատելու և  ոռոգման գիծն ընդլայնելու նպատակով Ակնալճում երկաթբետոնե կիսախողովակներով  11.5 կմ երկարությամբ նոր ջրատարներ են կառուցվում Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ՝ շուրջ 330 մլն դրամի շրջանակում։ Գումարի 10 տոկոսը՝  33 մլն դրամը, ներդրել է համայնքը: Ակնալիճ համայնքի ղեկավար Գևորգ Միսակյանն ասում է՝  այդ  տարածքի զգալի մասում հողերը չեն մշակվել ավելի քան 15 տարի.

«Այդ հատվածում կիսախողովակները փլվեցին, ջուրը քիչ էր, չէին կարողանում անցկացնել, դրա համար չմշակեցին»:

Ակնալճում  1100 հա հողից ոռոգելի է  ընդամենը 500 հեկտարը։ Կառուցվող ջրատարը ոռոգելի կդարձնի ևս  30 հա: Ոռոգման ճգնաժամից դուրս գալու ճանապարհը  նախկինում փակված  2 խորքային հորերի վերականգնումն է: Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշում է, որ խորքային հորերի ջրթողության արտոնություն կտրամադրվի Բաղրամյանի շրջանին.

 «Մարզում հորատվել է խորքային  8 հոր:  Ութ խորքային հոր վերանորոգվել են, որոնք նախկինում որոշ շրջան չգործելուց հետո,  մենք նորից վերաբացել ենք: Ունենք նաև խորքային հորեր, որոնք նախկինում փակել ու կոնսերվացրել էինք՝ հաշվի առնելով ստորերկրյա ջրային ավազանի խնդիրները: Բաղրամյանի շրջանում ջրթողության արտոնություններ կտրամադրվեն»։

Ոռոգման համակարգերը վերականգնվում են նաև սուբվենցիոն ծրագրերով՝ համայնքի կողմից արժեքի 50 տոկոսի ներդրմամբ: Արևիկում վերականգվում է ներտնտեսային 319 մետրանոց ցանցը՝  9,2 մլն դրամ հատկացմամբ: Արևիկ համայնքի ղեկավար Գառնիկ Ծատուրյան.

  «Կիսախողովակներն անցկացվում են  նոր թաղամասում, որտեղ նոր  տներ են կառուցում տնամերձ հողամասերի արանքում: Ուղղակի դա ժամանակին եղել է մեծ  մայր առու,  որը, կարելի է ասել, օձանոց էր: Մաքրեցինք, հիմա ավելի գեղեցիկ է ստացվել, ճանապարհն է լայնացել»:

Մեկ շաբաթ առաջ էլ սկսել են Գեղակերտի խորքային 4 հորերի վերականգնումը: Համայնքի ղեկավար Ցոլակ Հակոբյանի խոսքով՝ Գեղակերտի 500 հա հողից  ջրի պատճառով չի մշակվում 30-40 հեկտարը:

 «Վարձակալական հողեր էլ ունենք, որ ջրի պատճառով չեն վերցնում: Խորքային հորը որ վերականգնվի՝ 30 հա ոռոգելի կդառնա»:

Գեղակերտում  նախատեսվել է  նաև սուբվենցիայով կառուցել 5 կմ ոռոգման ցանց, որի   մրցույթը դեռ չեն հայտարարել: Նախագծի արժեքը 53 մլն  դրամ է, որը հավասաչափ հոգալու են համայնքն ու կառավարությունը:

Back to top button