ԿարևորՀասարակություն

«Պարսից ծոց-Սև ծով» միջազգային միջանցքը՝ ուշացա՞ծ, թե՞ դեռ հնարավոր

«Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքն  ԱՄՆ-Չինաստան հեռակա մրցակցության արդյունք․ փորձագետներն այսպես են բնութագրում տարածաշրջանի համար կարևորագույն հնարավոր նախագծերից մեկը։ Շեշտում են՝ Հայաստանն այս առումով լուրջ դերակատարում ունենալու ժամանակ ունի՝ այս ընթացքում հնարավորինս արագ ավարտին հասցնելով Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցումը։ Եթե Ադրբեջանի նպատակները կյանքի կոչվեն, «Պարսից Ծոցից Սև ծով»  միջանցքն անցնի Իրանի տարածքով ու Ադրբեջանով, այս դեպքում արդեն Հայաստանը որպես քաղաքական ու տնտեսական սուբյեկտ դերակատարում չի ունենա՝ ահազանգում են փորձագետները։ Ուստի հապաղելու ժամանակ չկա։

Աշխարհաքաղաքական հայտ՝ տնտեսականի անվան տակ․ միջազգային հարցերի փորձագետ Վազգեն Պետրոսյանն այսպես է բնութագրում  «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ունենալու Չինաստանի նախաձեռնությունը։ Փաստաթուղթ որպես այդպիսին դեռ չկա՝ ընդգծում են փորձագետները։ Պետրոսյանն ընդգծում է՝  հիմնական խնդիրն ընդհանուր բանակցություններն են, որոնք սկսվել են տարիներ առաջ, երբ Չինաստանը հայտարարեց  «Մետաքսի ճանապարհի» մասին, հետագայում  այն կոչվեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»։ Հիմնական նպատակը Չինաստանից Եվրոպա տանող ճանապարհների կրճատումն է։ Սա նախագծի տնտեսական բաղադրիչն է , սակայն այստեղ առկա է քաղաքական, ավելի ճիշտ աշխարհաքաղաքական բաղադրիչ

«21–րդ դարում գերտերությունները  ցանկություն ունեն վերահսկել երկու հիմնական ճանապարհ՝ էներգակիրների ու բեռնափոխադրումների։ ԱՄՆ-ն ամեն ինչ անում է, որ Թուրքիան տարածաշրջանային կենտրոն դառնա, որտեղից անցնեն ճանապարհներն ու էներգակիրները։  Միանշանակ, սա աշխարահաքաղաքական հայտ է ընդդեմ ԱՄՆ–ի։»

ԱՄՆ-ն ցանկություն ունի Չինաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հնարավորինս սահմանափակել, նաև  վերահսկել Չինաստան գնացող էներգակիրները՝ ասում է փորձագետը։ Օրերս Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները քննարկել էին  «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին բազմակողմ hամաձայնագրի ստորագրման հարցն ու  արդյունավետ կիրարկման կարևորությունը։ Տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում ինչո՞ւ  է Իրանը նոր ակտիվություն ցուցաբերում։ Վազգեն Պետրոսյանը կարծում է, որ Իրանը դեռ անհրաժեշտ չափով ակտիվ ություն չի ցուցաբերում։

«Պարսից ծոց- Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի անվան տակ քողարկված՝ ԱՄՆ-Չինաստան հեռակա բանավեճի կիզակետում է հայտնվելու Հայաստանն՝ անկախ իր կամքից։ Նախանշվող միջանցքն Իրանում երկու ճյուղի էր բաժանվելու։ Մեկը Աֆղանստանով դեպի Կենտրոնական Ասիա՝ այսպիսով Հնդկաստանին հնարավորություն տալով  հասանելի դարձնել Կենտրոնական Ասիայի շուկաները։ Մյուս ճանապարհն Իրանով դեպի ՌԴ էր անցնելու՝ պարզաբանում է իրանագետ, Միջին Արևելքի հարցերով փորձագետ Հարութ-Արթին Առաքելյանը։ Այստեղ երկու ճանապարհ կա՝ մեկը Հայաստանով, մյուսը՝ Ադրբեջանով։ Փորձագետը, վերլուծելով զարգացումները, եզրակացնում է՝ նախապատվությունը կարծես Ադրբեջանին է տրվում։ Բացատրություն կա․   

«Այնտեղ կան ենթակառուցվածքներ, որոնք մենք չունենք։ Անցյալ ամիս Ֆինլանդիայից Հնդկաստան առաջին գնացքի բեռնափոխադրումը մեկնարկեց ։ Գնացքն անցավ   Ադրբեջանի տարածքով, Իրանով  ու գնաց  Հնդկաստան։ Հայաստանի մասով դրական որևէ տեղաշարժ չկա»։   

Եթե Ադրբեջանի նպատակները կյանքի կոչվեն՝ «Պարսից Ծոցից Սև ծով» միջանցքն անցնի Իրանի տարածքով ու Ադրբեջանով, այս դեպքում արդեն Հայաստանը որպես քաղաքական ու տնտեսական սուբյեկտ կդադարի գոյություն ունենալ՝ ահազանգում են փորձագետները։ Ուստի հապաղելու ժամանակ չկա։

Աշխարհաքաղաքական զարգացումները քողարկվում են տնտեսական նախագծերով, ուստի քաղաքականից բացի կան նաև տնտեսական տարբեր հաշվարկներ։ ՀՊՏՀ տնտեսության կարգավորման ու միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանն ընդգծում է՝ չինական ապրանքները Եվրոպա են հասնում մոտ 45 օրում,  մինչդեռ «Պարսից ծոց- Սև ծով» միջանցքի՝ կյանքի կոչվելու պարագայում ժամկետը կկրճատվի մինչև 17 օր։  Այս պահին Հայաստանի համար կարևոր է հնարավորինս արագ բարեկարգել ենթակառուցվածքները, մասնավորապես «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Սիսիան Քաջարան հատվածը Նազարյանն ընդգծում է՝

«Ինձ համար միշտ  անհասկանալի է եղել, թե ինչու է դանդաղում «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման ծրագրի կատարումը։ Սյունիքում ունենք բարդ ռելիեֆ, այդ հատվածը տարիներ շարունակ անտեսվել էր։ Ի սկզբանե պետք էր  «Հյուսիս–հարավ»–ը  սկսվեր հարավից»։ 

Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի 4-րդ տրանշի ավարտին նախատեսվում է  ունենալ շուրջ 60 կմ երկարությամբ ճանապարհ, 4,7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջ, 12․5 կմ ընդհանուր երկարությամբ թունելներ։ Այստեղով է անցնելու կառուցվելիք Բարգուշատի թունելը, որպես այդպիսին դա լինելու է երկրում ամենարկարը՝ 8․5 կմ։ Կառավարությունում հաշվարկել են՝ եթե ծրագիրը կյանքի կոչվի, հյուսիսից հարավ 550 կմ երկարությամբ  ճանապարհը կկրճատվի մի քանի ժամով։  Հայաստանում  մոտ 20 տոկոսով բարձր  է բեռնափոխադրումների արժեքը․ սա շրջափակման գինն է։ Ուստի  փորձագետները կարծում են, որ «Պարսից ծոց – Սև ծով» միջանցքը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի։

Ցուցադրել ավելի
Back to top button