ԿարևորՀասարակություն

Վանաձորում հայտնաբերվել են ուշ բրոնզեդարի սալարկղային դամբարաններ ու խեղեցեն իրեր

Սեպտեմբերի 4-ին Վանաձորում շինաշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հնագույն սալարկղային դամբարաններ, խեցեղեն նմուշներ, մարդու և կենդանու ոսկորներ: Նախնական զննությամբ դրանք թվագրվում են մ.թ.ա. 3-5-րդ հազարամյակով: Վերականգնողական աշխատանքներից հետո գտածոները կհամալրեն Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի ֆոնդը:

Վանաձորի շուրջօրյա ջրամատակարարման համակարգի արդիականացման 3֊-րդ փուլի աշխատանքների ընթացքում էքսկավատորը յուրատեսակ գտածոներ է երկրի երես հանել, բարեբախտաբար՝ բոլորն անվնաս.կճուճներ, մարդու և կենդանու ոսկորներ:

«Խնձորուտ 2-֊րդ փողոցի տարածքում մաքրման ու քլորացման կայան ունենք, այդ հատվածում քաղաքը սնող ջրագծի շինաշխատանքներ են ընթանում»,-ասում է Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանը: Նրա հանձնարարականով աշխատանքները նույն օրը դադարեցվել են:

«Հենց փողոցի մեջտեղով 3-րդ փուլի աշխատանքներով մեծ խողովակաշար է նախատեսված որ գցեն: Խրամուղին քանդել են։ Փաստորեն, 3 սալարկղային դամբարաններ են, որոնցից մի հատն է բացվել։ Ի պատիվ մեր շինարարների՝ անվնաս»,- նշում է Սուրեն Աբովյանը:

Ուշագրավ գտածոների մասին Սուրեն Աբովյանը տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարության Հուշարձանների պահպանության վարչության Լոռու տարածքային գործունեության համակարգման բաժնին: Սեպտեմբերի 5-ին մայրաքաղաքից ժամանած հնագիտական խումբը տեղում զննել է գտածոները՝աշխատանքների հետագա ընթացք ըորոշելու նպատակով։

Բաժնի գլխավոր մասնագետ Հրայր Խեչիկյանն ասում է, որ Վանաձորի տարածքում անցյալ տարի ևս հայտնաբերվել են նման գտածոներ: Դրանք փաստում են, որ այս տարածքը բնակեցված է եղել դեռ 5000 տարի առաջ, ունեցել զարգացած կենցաղ:

«Էդտեղ 3 հատ դամբարան կար, հավանաբար, մեկը էդ բացվածն էր։ 2-ը՝ կողքից սալերն էին երևում, հավանաբար, դամբարաններ էին: Հնարավոր է մ.թ. ա. 3-րդից 1-ին հազարամյակ։ Վերջերս էլ Զաքարյան փողոցի վրա էր մի դամբարան բացվել, էլի էդ ժամանակաշրջանի: Վանաձորի տարածքում էդ տարիքի նման բաներ շատ են: 3-4.000 տարվա պատմություն, գուցե 5000»,-ասում է Հրայր Խեչիկյանը:

Հնագիտական աշխատանքների համակարգող, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագետ Մելինե Սիմոնյանի խոսքով՝ գտածոներն ուշ բրոնզեդարի վերջի կամ վաղ երկաթեդարյան մշակույթի նմուշներ են, որոնք դեռ համապատասխան մշակում պիտի անցնեն: Նման մի դամբարան Վանաձորում հայտնաբերվել է մեկուկես ամիս առաջ:

«Նյութերը վերաբերում են մ.թ.ա.  10-13-րդ դարերին, 5 կավանոթներ են՝ խիստ քայքայված կրային նստվածքով: Ամբողջական են, բայց լավ քայքայված: Գտել են նաև խոշոր եղջերավորի ոսկորներ: Հնակենդանաբանի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ցուլի ոսկորներ են՝ 1 ազդոսկր և ծնոտի 2 բեկոր: Գտնվել են նաև մարդու ոսկորի բեկորներ՝ ամբողջական: Եթե դամբարանների քանակը շատանա, պեղումներ կանենք:  Մոտ 1 ամիս առաջ հենց Վանաձորում պատահական բացվեց էլի մի դամբարան: Սա արդեն 2-րդ դեպքն է: Դրանց մասին տարեվերջին ամբողջական հոդված կներկայացնենք»,-նշում է հնագետը։

«Գտածոները չեն խանգարի շինաշխատանքներին»,- ասում է Սուրեն Աբովյանը: Խողովակը կանցկացնեն, հողային աշխատանքները կավարտեն: Ինչ վերաբերում է նմուշներին, դրանք, ըստ Մելինե Սիմոնյանի, վերականգնումից ու ամբողջական տեսքի բերվելուց հետո կվերադարձվեն Վանաձոր և կհանգրվանեն Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում:

Back to top button