ԿարևորՎերլուծական

ՄԽ միջնորդները տարբեր լեզուներով են խոսում․ փորձագետները՝ բանակցությունների վերսկսման մասին

Երևանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Խովաևը։ Նա արդեն հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Մինչև Հայաստան գալը՝ օգոստոսի 31-ին Խովաևն այցելել էր Ադրբեջան, որտեղ հանդիպում էր ունեցել այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ։

Ըստ ԱԳՆ տարածած հաղորդագրության՝ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարևորությունը:

Այս թեզը շեշտադրում են բոլոր համանախագահները։ Փորձագետները, սակայն, շեշտադրումների տոնայնությունների մեջ տարբերություններ են տեսնում։ 

Արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ  Արարատ Միրզոյանին ՄԽ համանախագահ երկրների  արտաքին քաղաքական գերատեսչությունների կողմից հղված շնորհավորական ուղերձներում  ընդհանուր է  տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ու կայունություն պահպանելու թեզը, բայց ակնհայտ է նաև մեսիջների տարբերությունը։ Եթե Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ձևակերպումներում  շեշտվում է Մինսկի խմբի համանախագահության շրջանակում օր առաջ բովանդակային բանակցությունների վերսկսումը, ապա Մոսկվայի հայտարարություններում այդ թեզը նույնքան հստակ չի հնչում։

Ռուսաստանն ուզում է  առանցքային դերակատարում ունենալ, ինչի վկայությունը ռուս խաղաղապահների ներկայությունն է Արցախում՝ ասում է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

«ՌԴ-ն ցանկանում է, որ ՄԽ-ն գոյություն չունանա, և միայն ինքը դերակատարում ունենա։ Մյուս կողմից՝ Ֆրանսիան ու ԱՄՆ ցանկանում են, որ ՄԽ-ն շարունակի աշխատանքը։ Հայտարարություններից հասկանում ենք, որ նրանց կողմից մատնացույց է արվում  Արցախի կարգավիճակի հարցը։ Ռուս խաղաղապահների գոյությունը նշանակում է, որ ՌԴ-ն փորձում է ՀՀ-ի դերակատարումը նվազեցնել»։ 

Ֆրանսիան Հարավային Կովկասում հանդես է գալիս որպես խաղաղության դերակատար և Հայաստանի կողքին է անհրաժեշտ խաղաղությանը հասնելու համար՝  Հայաստանի արտգործնախարարին ուղղված ուղերձում նշել է Ֆրանսիայի ԱԳՆ Ժան-Իվ Լը Դրիանը։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան՝ որպես  Մինսկի խմբի համանախագահ երկիր,  հետևողական է հիմնախնդրի տևական կարգավորման ուղիների որոնումներում: Ըստ արտգործնախարարի՝  վերջին ամիսների միջադեպերն ընդգծում են սահմանագծման և սահմանազատման ուղղությամբ աշխատելու անհրաժեշտությունը։ Փարիզը ցանկանում է, որ  ռազմագերիների և ականապատ տարածքների քարտեզների վերջին փոխանակումներով առաջ եկած դրական դինամիկան նպաստի կողմերի միջև վստահության վերականգնմանը, նաև կողմ է իր նպաստը բերելու Հայաստանի տնտեսության ապաշրջափակմանը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ  ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանին հղած ուղերձում շեշտում է  բովանդակային բանակցություններն օր առաջ  վերսկսելու կարևորությունը։ Պետքարտուղարն ընդգծում  է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Հայաստանի իշխանությունների հետ ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական քաղաքական կարգավորմանն աջակցելու նպատակով։ 

Մինչդեռ ռուսաստանյան ազդակներն ավելի են  ընդգծում  Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված խաղաղությունը և ակտիվ պատրաստակամությունը սահմանազատման ու սահմանագծման հարցերում։  Ռուսական ընդգծված դերակատարության մասին է Ադրբեջանի  նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն հայտարարությունն այն մասին, որ  Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են լրացուցիչ իրավական մեխանիզմները՝ Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի շուրջ:

Կարեն Հովհաննիսյանի կարծիքով՝  այս կերպ փորձ է արվում  նվազեցնել Հայաստանի դերակատարումը ։

«44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ Արցախի կարգավիճակի հարցում քննարկումները Ադրբեջանի օգտին չեն։ Բաքուն թեև ձգտում է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում՝ ինքնավար, սակայն պատերազմը ցույց տվեց, որ  Ադրբեջանը չի կարողանա ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը, կամ կրոնական, էթնիկ բնիկների անվտանգությունը։ Այնպես, որ մենք այստեղ բավականին մեծ խաղաթուղթ ունենք խաղարկելու»։    

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի դիտարկմամբ ՝ ՄԽ երեք համանախագահող երկրների հայտարարություններում ընդհանրություններ կան։ Թեև Ալիևը համարում է, որ հարցը լուծված է, սակայն միջնորդների հայտարարությունները փաստում են  համապարփակ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը , ինչը ենթադրում է, որ Արցախի կարգավիճակի հարցը լուծված չէ։

«Ռուսական կողմը հումանիտար խնդիրների վրա է շեշտադրում, բայց Զախարովան վերջերս շեշտեց քաղաքական կարգավորման մասին, ինչը կարգավիճակի կարևորման մասին է վկայում։ Համանախագահող մյուս երկրները հակված են շարունակելու բանակցությունները ինչը բխում է հայկական կողմի շահերից»։ 

Արցախի կարգավիճակի հարցում Տաթև Հայրապետյանը լավագույն լուծում է համարում ազգերի ինքնորոշման իրավունքի շեշտադրումը։

«88-ի շարժումը միտված է եղել Արցախի միացմանը՝ Հայաստանին, սակայն   դիվանագիտական տեսանկյունից որպես ռազմավարություն ընտրվել է Արցախի միջազգային ճանաչումը։ Եթե սա լինի, հետո արդեն կարելի է այլ որոշում կայացնել․․․ Կարևորը, որ արցախահայությունը անվտանգ լինի իր հայրենիքում»։

Կարեն Հովհաննիսյանի կարծիքով՝ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիան ու Ռուսաստանը որոշակի սպասելիքներ ունեն Ադրբեջանից։ Թուրքիան ուզում է Ադրբեջանին ներգրավել թյուրքալեզուների միությունում, իսկ Ռուսաստանը ձգտում է տանել դեպի ՀԱՊԿ ու ԵԱՏՄ, սակայն Բաքուն, ըստ փորձագետի, կարծես կողմնորոշվել է դեպի Անկարա, ինչը Մոսկվային դուր չի գալիս։

Թերևս դրանով է պայմանավորված, որ Արցախում տեղակայված խաղաղապահների կեցավայրերի համալիրի սպասարկման նպատակով հայտարարված մրցութային փաստաթղթում նշվել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառակապակցությունը։ Դա, ըստ փորձագետի, վկայում է, որ ՌԴ ՊՆ-ն պաշտոնական փաստաթղթում Արցախը ճանաչել է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Ցուցադրել ավելի
Back to top button