ԿարևորՏնտեսական

Ինչի՞ է հաշվին է կտրուկ ավելացել Հայաստանից արտահանումը

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում և Հայաստանից արտահանման ծավալներն են ավելացել, և ներկրման։ Արտահանման կշռում ինչպես նախկինում,այս անգամ էլ առաջատարը հանքահումքային արտադրանքն է։ Երկրորդ տեղում պատրաստի սննդամթերքն է, ապա՝ ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերը։

Ընդհանուր առմամբ, 2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստանն աշխարհի հետ մոտ 3․5 մլրդ դոլարի առևտուր է արել։ Արտահանման ենթակա պակաս արտադրանք, խորհրդատվության բացակայություն ու ֆինանսական ռեսուրսների նվազ հասանելիություն՝ ահա հիմնական այն խնդիրները, որոնց առջև այսօր կանգնած են արտահանող ընկերությունները։ Նրանց մեծ մասը նաև գործընկերներ գտնելու դժվարություններ ունի։

Հանքահումք, պատրաստի սննդամթերք, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր․ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից ամենաշատն արտահանված ապրանքների եռյակն է։ Վիճակագրությունը փաստում է՝ արտահանման ծավալները  գերազանցում են ոչ միայն 2020-ի, այլև 2019-ի ցուցանիշերը։

Ընդ որում՝ նկատվում է նաև արտահանման և ներմուծման տարբերության կրճատում։ Այս ցուցանիշը տնտեսագետները միշտ մտահոգիչ են համարել մեծ տարբերության առումով։ Մինչդեռ այս տարվա առաջին կիսամյակում արտահանման, և ներմուծման ճեղքը փոքրացել է գրեթե կրկնակի։

Տնտեսագետ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Անան Փախլյանը տնտեսության ակտիվության տարրեր է նկատում․ 

«Տնտեսությունը սկսել է ակտիվանալ, վերականգնել նախկին ծավալները։ Նույնիսկ մի փոքր ավելի ակտիվացել է։ Դրական միտում  է այն, որ ԵԱՏՄ երկրների հետ արտահանման ծավալներն են ավելացել շուրջ 35 տոկոսով։ Ընդ որում՝ ավելացել է Հայաստանից արտահանումը  ոչ միայն ՌԴ, այլ նաև դեպի Ղազախստան ու Ղրղզստան»։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021-ի առաջին կիսամյակում Հայաստանն աշխարհի հետ մոտ  3․5 մլրդ դոլարի առևտուր է արել։ Թե արտահանման, թե ներմուծման կշռում աճը երկնիշ է։ Հայաստանից արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է մոտ  23 %-ով, ներմուծումը՝ ավելի քան 12 տոկոսով։ Առաջին կիսամյակում Հայաստանի արտահանման 38%-ը կամ 529 մլն դոլարն ապահովել է  հանքահումքային արտադրանքը: 2020-ի առաջին կիսամյակի համեմատ՝ հանքահումքի արտահանումն աճել է մոտ 148 մլն դոլարով կամ  ավելի քան 40%-ով: Աճին նպաստել է միջազգային շուկայում  պղնձի թանկացումը։  Միջազգային բորսաներում մեկ տոննա պղնձի գինը 9 000 դոլարից բարձր է, մինչդեռ 2020-ին այն 7000 դոլարի շեմը չէր հատում:

Հայաստանի արտահանման կշռում ապրանքների կեսից ավելին հանքահումքային արտադրանքին է բաժին հասնում՝ ասում է «Export Armenia» փորձագետների ասոցիացայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը․ «Որակական առումով արտահանման աճի մասով (նկատի ունեմ՝  ինչ ջանքեր ենք գործադրել) մտածելու տեղ ունենք։ Այս տարվա առաջին կիսամյակում արտահանել ենք  260 մլն դոլարի արտադրանք, որի կեսից ավելին՝ 150 մլն դոլարը, հանքահումքն է, մնում է 110 մլն դոլարի արտահանումը։ Արտահանված ապրանքների կեսից  ավելի  վրա  մենք ջանք չենք թափել»։

Եթե հաջորդ տարի համաշխարհային շուկայում պղնձի գները նվազեն, ապա արտահանման ծավալները նույնպես նվազելու են՝  ասում է  զրուցակիցս։ Հայաստանից  հանքահումքը արտահանվում է հիմնականում Շվեյցարիա, Չինաստան, ԵՄ երկրներ՝ Գերմանիա, Բուլղարիա, Նիդերլանդներ։Այս տարվա առաջին կիսամյակում արտահանվող ապրանքների երկրորդ տեղում պատրաստի արտադրանքն է, որն ավելացել է ավելի քան 5%-ով:

Հիմնականում արտահանվել է վերամշակված սննդամթերք։ Այս տարվա առաջին կիսամյակում շուրջ 60 տոկոսով ավելացել է նաև գյուղմթերքի արտահանումը։ Այս աճի մեջ էլ կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ․

«Այս տարի բերքն ավելի որակյալ է ստացվել։ Երկրորդ պատճառը նույնպես օբյեկտիվ է։ Հայաստանի հիմնական մրցակից երկրներում ցրտահարություն է եղել, բերքն ունի վատ որակ։ Ուստի Հայաստանն էլ մյուս երկրների հետ այս տարի ավելի շատ է արտահանել։ Իսկ բերքն այս տարի վատ էր հատկապես Ուզբեկստանում, որը  մեր գլխավոր մրցակիցներից է»։

Արտահանման աճին զգալիորեն նպաստել են նաև ոչ թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրերը, դրանց արտահանման ընդհանուր արժեքն այս տարվա առաջին կիսամյակում մոտ 159 մլն դոլար է: 2020-ի նույն շրջանի համեմատ այն աճել է 43 մլն դոլարով կամ 36.7%-ով: Արդյո՞ք արտահանման երկրների դիվերսիֆիկացիա նկատվում է։

«Export Armenia» փորձագետների ասոցիացայի համահիմնադիրը հարցին հարցով է պատասխանում. «Իսկ ի՞նչ ենք մենք անոմ, որ արտահանման երկրների դիվերսիֆիկացիա լինի։ Կա՞ մի ծրագիր այս ուղղութւամբ։ Ես չգիտեմ։ Իսկ այն, որ մեր երկրորդ գործընկերը ԵՄ-ն է, ֆիկցիա է, քանի որ այնտեղ ու Չինաստան արտահանվում է  հանքահումք, իսկ երբ դա հանում ենք, տեսնում ենք, որ արտահանում չունենք»։

Տնտեսագետ Աննա Փախլյանը Հայաստանի առևտրային գործընկերների առումով հետաքրքիր միտումներ նկատել է․

«Առևտրային գործընկերների ցանկում ամենաշոշափելի փոփոխությունը, որ նկատելի է, դեպի Կորեայի Հանրապետություն արտահանման ծավալների ավելացումն է՝ ռեկորդային՝ 34,7 անգամ»։

Էմիլ Ստեփանյանը Հայաստանի համար, այսպես ասենք, արտահանման հեռանկարային գործընկերներ է դիտարկում ԱՄՆ-ն, ԱՄԷ-ն ու Չինաստանը։

Արտահանման ենթակա պակաս արտադրանք, խորհրդատվության բացակայություն ու ֆինանսական ռեսուրսների նվազ հասանելիություն՝ տնտեսագետները սրանք են մատնանշում որպես հիմնական խնդիրներ, որոնց առջև այսօր կանգնած են արտահանող ընկերությունները։ Նրանց մեծ մասը նաև գործընկերներ գտնելու դժվարություններ ունի։  Տարիներ շարունակ Հայաստան ներմուծման ծավալները մի քանի անգամ գերազանցել են արտահանումը։

Այս անգամ պատկերը փոքր-ինչ փոխվել է՝ ներմուծման աճը մոտ 10 տոկոս է կազմում։ Ներմուծման շուկաների պատկերը նույնն է՝ առաջատարը ԵԱՏՄ-ն է, ընդ որում՝ ԵԱՏՄ երկրներից ավելի քան  34 տոկոս ներմուծման դեպքում 33 տոկոսը ՌԴ-ին է բաժին ընկնում։ Ներմուծման մոտ 19 տոկոսը ԵՄ երկրներից է։ Հայկական շուկայում այս տարվա առաջին կիսամյակում կրկին  նկատելի ավելացել են Չինաստանից, ապա Իրանից ներկրված ապրանքները՝ պլաստիկը, կաշվե հումքը, կաշին, մորթին, փայտյա իրերն ու մանագործական ապրանքները։

Ցուցադրել ավելի
Back to top button