Ժամանակի վկան

Ցեղասպանության չխամրող հիշողությունը․ Անդրանիկ Պօղոսեան․ «Ժամանակի վկան»

Այսօր իմ հյուրն է Հալեպի Կրթասիրաց Սարգիս Չէմպէրճեան (Ս. Ջեմբերջյան) երկրորդական վարժարանի տնօրեն, սիրիահայ ազգային հասարակական գործիչ, Հայոց ցեղասպանությունը վերապրած Սերոբ Պօղոսեանի որդին՝ Անդրանիկ Պօղոսեանը (Անդրանիկ Սերոբի Պողոս)։

Անդրանիկ Պօղոսյան սիրիահայ գործչի ազգային և հասարակական գործունեությանը կանդրադառնանք առանձին հաղորդումով։ Այսօր միայն կծանոթանանք Հայոց ցեղասպանությունից մազապուրծ գերդաստանի հուզիչ պատմությանը, որը որպես փաստացի հուշ-վերապրում և որպես վկայություն՝ պատմական ու աղբյուրագիտական մեծ նշանակություն ունի։

Ցեղասպանության չխամրող հիշողության ծալքերից ուկնդիրների առջև կբացվի չափազանց տխուր պատմությունների ու ճակատագրերի շարան։ Այդ պատմությունները մի քանի սերունդ ուղեկցել են Անդրանիկ Պօղոսեանին, իր ընտանիքի անդամներին ու հարազատներին, և այսօր էլ շարունակում են հուզել։


Ամբողջ ձայնագրության ընթացքում հյուրս հազիվ էր զսպում արցունքները, որոնք պարբերաբար հայտնվում էին նրա աչքերում։ Ունկնդիրը չի տեսնի դրանք, բայց կզգա այն անասելի ցավը, որը կարմիր թելի պես հյուսվում է ամբողջ պատումի ընթացքում։

Հայ տղամարդու վարքը, կեցվածքը, խոսքի տեր լինելը, թշնամու առջև չծնկելը, հայ քրիստոնյայի հավատարմությունը Պօղոսեան գերդաստանի արու զավակները ժառանգություն են ստացել ցեղասպանության անմեղ նահատակ դարձած Սարգիս պապից։


Մինչև 1929 թվականը հայրը և հորեղբայրը մուրալով պահպանեցին իրենց գոյությունը, ապա բացահայտելով իրենց հայ լինելը՝ Սասունից բարեբախտաբար հասան Գամիշլի քաղաք։ Հայաստան գալու հույսը փայփայելով` Գամիշլիում բնակություն հաստատած Մելքոն և Սերոբ Պօղոսեան եղբայրներն այնտեղ ապրեցին մինչև 1947 թվականը, որից հետո բաժանվեցին։

Հայրը նույնպես երազում էր հայրենիք վերադառնալու մասին։ Այդ երազն իրականացավ 1967 թվականին, երբ հայրն այցելեց Հայաստան՝ հանդիպելու Թալինի շրջանում գտնված իր հարազատներին։
Սպանված ենթադրվող Պողոս եղբայրը փրկվել էր Անդրանիկ զորավարի զինակից Ղազարի շնորհիվ, որը Սասունում գտնելով փոքրիկ Պողոսին բերել էր Հայաստան։ Սակայն վերջինս զոհվել էր Հայրենական պատերազմում` զավակներին թողնելով կնոջ՝ Հայկանուշի խնամքին։


Պօղոսեան ընտանիքի 8 զավակները խոնարհաբար հետևում էին հոր՝ Սերոբ Պօղոսեանի հորդորներին։ Սակայն հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ հայրենիքում վերահաստատվելու մեծ ցանկությունն իրականացնել չհաջողվեց խորհրդային շրջանում։

«Երկաթե վարագույրով» աշխարհից սեփական ժողովուրդներին մեկուսացրած Խորհրդային Միության տարիներին, սփյուռքահայ գաղութներից յուրաքանչյուրում հայրենիքի տեսլականը փայփայելով՝ բնակության վայրերում ստեղծվել էր փոքրիկ Հայաստան։ Հատկապես առանձնանում էին Սիրիայում և Լիբանանում հիմնված հայկական համայնքները։

Սակայն աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական բացասական գործոնների ազդեցությամբ ազգային կամ քրիստոնյա փոքրամասնությունները ժամանակի ընթացքում հետզհետե դուրս են մղվել տարածաշրջանից։


Դրանում հատկապես մեղավոր են Արևմուտքի տերությունները, մասնավորապես՝ Թուրքիան, որը մերձավորարևելյան անվտանգային համակարգերի խարխլման և ճգնաժամերի հրահրման գլխավոր պատասխանատուն է։ Սիրիան վերածվել է պատերազմական թատերաբեմի, իսկ էթնիկ և քրիստոնյա փոքրամասնություն հայերը, հայտնվել են իսպառ բնաջնջման կամ արտագաղթի վտանգի առաջ։
Անդրանիկ Պօղոսեանն իրեն մեծահարուստ է համարում իր զավականերով։

Հայրենիքում վերահաստատվելու մեծ պապի փափագը մասամբ իրականացրել են թոռները, ավելին՝ Սևակ թոռն ընտանյոք հանդերձ բնակվում էր ազատագրված Շուշիում։ Ցավոք, Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց Հայաստանն առանց հայերի թողնելու թուրքական քաղաքականությունը դեռ շարունակվում է։ Եվ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերյան պատերազմի օրերին թշնամին զավթեց հայկական Շուշին։ Շուշեցիները, այդ թվում նաև Սևակի ընտանիքը, կորցրեցին իրենց տներն ու ունեցվածքը։

Ամփոփելով անչափ հուզիչ այս հաղորդումը, նշեմ, որ ականատես վերապրողների կամ նրանց զավակների ու մտերիմների հուշերը կարևոր աղբյուրագիտական նշանակություն ունեն ուսումնասիրողների համար։ Անհրաժեշտ է դրանք գրառել, ձայնագրել և տպագրել։

Back to top button