Մոռացված ֆիլմերի ստվերները

Գաղափարները փլուզող լիրիկական երթը․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Աղասի Այվազյանի «Լիլիկական երթը» նկարահանվելուց 40 տարի հետո էլ չի կորցրել իր արդիականությունը։ Դա ֆիլմ է իր գաղափարների հետեւից գնացող մարդու մասին։ Երթն ամենեւին լիրիկական չէ, իսկ ճանապարհի ավարտն էլ խիստ անսպասելի` անգամ գլխավոր հերոսուհու համար։

Մանկությունն ու պատանեկությունը Թիֆլիսում անցկացրած պատանի Աղասին դպրոցում լավ նկարիչ ու բանաստեղծ էր, ամենալավ լողորդն էր հասակակիցների մեջ, մարզադահլիճում անմրցելի բռնցքամարտիկ, կիրթ պատանի։ Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետն ավարտելուց հետո ապագա գրողը տեղափոխվեց Հայաստան։ Երկու տասնամյակ անց նա արդեն երևանյան գրական կյանքի ակտիվ մասնակիցներից էր։

Աղասի Այվազյանի ստեղծագործությունները միանգամայն նոր շունչ բերեցին, որովհետև համեմված էին նուրբ հումորի, թիֆլիսյան խայտաբղետ գույների, հայի ճակատագրի յուրօրինակ՝ այվազյանական  պատկերացումներով:  Թեև Աղասի Այվազյանը ստեղծագործում էր գրականության ասպարեզում, սակայն  իրեն կինոյի մարդ էր համարում։

Աղասի Այվազյան

Սովետական կինոյում գրողին նկարահանելու իրավունք տալը աննախադեպ երևույթ էր, բայց Աղասի Այվազյանը կոտրեց նաև այդ կարծրատիպը։ 1981 թվականին կատարվեց նրա վաղեմի երազանքը, նկարահանեց իր ֆիլմը՝ «Լիրիկական երթը»։

Գրականագետ Անի Փաշայանը երկար տարիներ է զբաղվում է Աղասի Այվազյանի ստեղծագործությունների ուսումնասիրությամբ և իրավացիորեն նշում է, որ հասուն տարիքում նկարելով իր անդրանիկ ֆիլմը, Աղասի Այվազյանը միանգամից նոր հայտ ներկայացրեց` բարձրացնելով մեր կինոարվեստը նոր մակարդակի:

«Աղասի Այվազյանը ստեղծեց բազմաձայն ֆիլմ, որտեղ տեղավորեց իր բոլոր մտայնություններն ու կարևոր եզրահանգումները: Կինոնկարում կարողացավ ճշգրտորեն պատկերել տվյալ ժամանակըաշրջանը, մարդկանց հոգեբանությունը, քաղաքական անցուդարձը և այլն»,-ասում է Անի Փաշայանը։

Անի Փաշայան

«Լիրիկական երթ» ֆիլմը նկարահանվեց գրողի «Կովկասյան էսպերանտո» պատմվածքի հիման վրա: Վաղուց  գրված պատմվածքը անցյալ դարի 80-ականների սկզբին Աղասի Այվազյանը որոշակի փոփոխության ենթարկեց` վերածելով կինոսցենարի «Ֆիլմը և պատմվածքը զգալիորեն տարբերվում են: Կարելի ասել, որ Աղասի Այվազյանը պատմվածքը ամբողջությամբ մոնտաժի է ենթարկել»,-պատմում է Անի Փաշայանը:

Ֆիլմի հիմքում երիտասարդ  ուսուցչուհի Մարիամիկի կյանքի պատմությունն է։ 1918 թվականի քաղաքացիական պատերազմի խառնաշփոթ օրերին բոլշևիկները ձերբակալում են նրա խաղամոլ ամուսնուն։ Ամուսնուց ոչ մի լուր չունեցող երիտասարդ կինը մորաքրոջ՝ Անահիտ Թարխանյանի ընկերակցությամբ ուղևորվում է որոնելու նրան։ Այդ երկու կանանց ճանապարհը լի էր դժվարությամբ ու վտանգներով։

«Կինը լիրիկական հիշողություններով, լիրիկական ճամփեզրով գնում է դեպի իր ամուսինը: Սա իսկապես գեղեցիկ է, որովհետև նա գնում է փրկելու ամուսնու պատիվը, կյանքը: Եվ շատ հզոր է ներկայացված հատկապես Մարիամիկի կերպարը, որը վարպետորեն մարմնավորել է դերասանուհի Սաթենիկ Տեր- Սահակյանցը, և այդ համեստ կերպարի մեջ Այվազյանը ներդրեց կնոջ իր իդեալը»,-նշում է Անի Փաշայանը:

Սաթենիկ Տեր Սահակյանց

Հետաքրքիր են Այվազյանի ստեղծած կանանց կերպարները. Անի Փաշայանը ասում է, որ նրանք գրեթե չեն խոսում, սակայն ինչ-որ կերպ նրանց անվերջ հաջողվում է տղամարդկանց ճակատագրեր փոխել: 

«Լիրիկական երթը» նույնպես այդ առումով բացառություն չէ և  առանձնահատուկ է իրենց գեղեցկությամբ աչքի ընկնող հայուհիների կերպարներով, որոնք ամբողջ ֆիլմի ընթացքում կրում են հետաքրքիր ոճային գլխարկներ և ժամանակաշրջանին բնորոշ նրբաճաշակ հագուստներ։

«Հիշենք «Նահապետ», «Աշնան արև» և այլ ֆիլմերում հայ կնոջ կերպարները, նրանք բարձր և կարևոր ասելիքով կանայք էին, բայց արտաքինի վրա կարծես մեծ ուշադրություն չէր դարձվում: Աղասի Այվազյանի կերտած հերոսուհիները առօրեական կանայք էին, որոնք  աչքի էին ընկնում իրենց գեղեցիկ արտաքինով, հագուկապով, ոճային գլխարկներով և այլն»,-փաստում է Անի Փաշայանը:

1981 թվականին Պալանգայում կայացած միջազգային սիմպոզիումում ներկայացված «Լիրիկական երթ» ֆիլմը աննկարագրելի հաջողություն ունեցավ: Այլաբանության լեզվով` փոխաբերական մտածողության տիրույթներում ստեղծված կինոնկարը տասնյակ երկրներ գնեցին, խոշորագույն կինոգործիչներ իրենց հիացական կարծիքը հայտնեցին ֆիլմի վերաբերյալ, սակայն հայ կինոյում այն աննկատ մնաց: Անի Փաշայանը ցավով նշում է, որ Աղասի Այվազյան սցենարիստն ավելի հաջողակ եղավ, քան կինոռեժիսորը:

Աղասի Այվազյան

«Աղասի Այվազյանը տասնհինգ տարի կինոյում է եղել և իր սցենարները դարձել են հայտնի ու սիրված ֆիլմեր, բայց որպես ռեժիսոր նա շատ քիչ գործունեություն է ծավալել «Հայֆիլմում»: Եթե նրան հնարավորություն տրվեր ավելի շատ որպես կինոռեժիսոր հանդես գալ, նա էլ ավելի կբարձրացներ մեր կինոարվեստը: Աղասի Այվազյանը ոչ միայն դրամատուրգ է, այլև կինոռեժիսոր և առաջին հերթին գրող է, ինչը եզակի դեպք է մեր կինոյի պատմության մեջ»,- չթաքցնելով հիացմունքը նշում է Անի Փաշայանը

Առաջին իսկ` «Լիրիկական երթ» ֆիլմով Աղասի Այվազյանն «ի՛ր կինոն» ստեղծելու հայտ ներկայացրեց: Իսկ իր կինոն իր կարևոր ուղերձն ուներ մարդկանց՝ այն որ ամենամեծ արժեքը մարդն է, որն անդավաճան ու համառ  գնում է հայրենապաշտ բարձր գաղափարների ետևից, փոխանցում դրանք սերունդներին։

Ռեժիսորական և օպերատորական բացառիկ վարպետությամբ առանձնացող «Լիրիկական երթ» ֆիլմը այդ առաքելության ջահակիր է և նոր եկող սերունդներին կարող է տոգորել վեհ գաղափարներով:

Back to top button