ԿարևորՀասարակություն

Նոր ուսումնական տարի Արմավիրի մարզի դպրոցներում

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է մարզի մի քանի դպրոց:  Ավանդական շնորհավորանք-բարեմաղթանքներից բացի նա նաև հորդորել է պահպանել հակահամաճարակային կանոնները։

7-ամյա Արայիկի համար  ուսումնական 2-րդ տարին սկսվեց ոչ թե Արցախի իր հարազատ կրթօջախում, այլև Արմավիրի Ակնալիճ գյուղի դպրոցում: Թշնամու վերահսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանից են․ «Մշենի համայնք, գյուղ Առվական»։

Արայիկը  հիշում է իրենց տունը, ընկերներին ու հարևան անտառները, որտեղ օրվա մեծ մասն էր անցկացնում.

«Սար էինք գնում, պտուղներ հավաքում՝ ելակ, ծիրան, դեղձ, բերում էինք տուն, մեր մայրիկներն էլ պահածոներ էին պատրաստում»։

Արայիկը  նոր ընկերներ ունի: Ակնալճի դպրոցում սովորում է 427 աշակերտ, 37-ն՝ առաջին դասարանում: Գյուղում կան կորոնավիրուսով հիվանդներ: Դպրոցի մուտքերի մոտ   ախտահանիչ նյութեր էին, դիմակներ, ներս մտնողին  ջերմաչափում էին: Դպրոցի ուսունական գծով փոխտնօրեն Արմենուհի Հայրումյան.

«Այսօր բացակաները շատ քիչ են, 20-ից ավելին, կորոնավիրուսով հիվանդ 2 աշակերտ ունենք»։

Նոր ուսումնական տարվան անհամբեր են սպասել Էջմիածնի թիվ 4 դպրոցի աշակերտները:  Տնօրեն Արուսյակ Մուրադյանը խստացված հսկողություն էր սահմանել շենքում։ Առանց դիմակի ու ջերմաչափման դպրոց չէին մտնում: Սովորել այս դպրոցում՝ շատերն են ուզում․

«Սեպտեմբերի 1-ի դրությամբ ունենք 1079 աշալշկերտ, որից 75-ը՝ առաջին դասարանցի: Դասագրքերով ապահովված են աշակերտները, և դպրոցում բոլոր պայմանները կան առկա ուսուցումը կազմակերպելու համար»։

Դպրոցը երկհերթ է. միայն առաջին դասարանցիներն են կեսօրից հետո դպրոց գնում:  Դասարաններում միջինը 25-35 աշակերտ է, բոլորն էլ դիմակ են կրում: 4-րդ դասարանցիները  ամառային արձակուրդներին  և՛ հանգստացել են, և՛  հանձնարարություններ կատարել:

«Ես գրքեր եմ կարդացել, ամեն առարկայից 12 թերթ գրել եմ և հանգստացել: Ես աքլորի մասին եմ կարդացել»։

Թեպետ  շոգ է, և  դժվար է դիմակ կրելը, բայց աշակերտները  պահպանում էին հակահամաճարակային  կանոնները: Գերադասում են առկա ուսուցումը հեռավարից: Դասվար Մարինե Մանուկյան.

«Երեխաներն իրար շատ էին կարոտել: Մի քանի րոպե առաջ, որ տեսնեիք, թե ինչ ոգևորված էին, ինպես էին ուրախացել՝ վերջապես իրար տեսել են: Մի ամբողջ ուսումնական տարի առանձին դաս անելուց հետո՝ միասին են: Դիմակով դժվար է, բայց անհրաժեշտ է պահպանել կանոնները»:

Ֆերիկ եզդիական համայնքում  այսօր առաջին դասարան է հաճախել 5 աշակերտ: Ֆերիկի դպրոցում երկոմպլեկտ դասարաններ են ձևավորված: Առաջին դասարանցիները սովորելու են 2-րդ դասարանի աշակերտների հետ:  Համայնքում մանկապարտեզ չկա, երբեմն ծնողները երեխաներին տանում են հարևան գյուղի մանկապարտեզ։ Չունեն նաև նախակրթարան:  Եզդիական համայնքի դպրոցում դասավանդվում է նաև մայրենի լեզուն: Դասվար  Լիդա Մակարյան.

«Հայոց լեզվի ժամերից է տրված եզդերենին, մեծ խնդիր է առաջացնում, 3 ժամը քիչ է  այբուբենն ու մայրենի լեզուն ուսուցանելու համար»։

Նոր ուսումնական տարվա կապակցությամբ այսօր մարզի դպրոցներ է այցելել նաև Արմավիրի մարզպետը։ «Մաղթում եմ, որպեսզի նոր ուսումնական տարի հետաքրքիր լինի նոր գիտելիքներ ստանալու, ուսանելու և նոր հաջողություններ արձանագրելու առումով», -դպրոցականներին շնորհավորել է Համբարձում Մաթևոսյանը։

Back to top button