Սփյուռքի ձայնը

Սփյուռքի այսօրվա դերը հայրենադարձությունն է․ «Սփյուռքի ձայնը»

Միայն համատեղ աշխատանքի շնորհիվ կշահեն թե՛ Հայաստանը, թե՛ Սփյուռքը՝ համոզված է Կրասնոդարի երկրամասի Արմավիր հայաշատ քաղաքում բնակվող իրավաբան, դասախոս Ալեքսեյ Մեսրոպյանը։ Նա 2003 թվականին է ընտանիքի հետ տեղափոխվել ՌԴ:

«Հայերը հատկապես Կրասնոդարում շատ համախմբված են, գիտեն իրենց անելիքներն ու ցանկացած պահի պատրաստ են օգնել հայրենիքին: Դա տեսանք հատկապես 44-օրյա պատերազմի օրերին, երբ յուրաքանչյուրը, անգամ նրանք, որոնք իրենց մինչ այդ այդքան էլ հայրենասեր չէին համարում, գալիս էին համայնքի գրասենյակ, առաջարկում օգնություն և նույնիսկ գրանցվում՝ պատերազմին մասնակցելու համար»,- ասում է Ալեքսեյը:

Նա նաև մեկուկես տարի ղեկավարել է համայնքի երիտասարդական թևը: Սակայն աշխատանքն ու կրթությունը ստիպել են հրաժարվել հասարակական աշխատանքից, սակայն ոչ համայնքի հետ շփումից: «Իրավական հարցերի դեպքում ինձ են դիմում, ես էլ սիրով օգնում եմ: Գրեթե ամեն օր լինում եմ գրասենյակում, շփվում մեր երիտասարդների հետ, որոնց այսօր հուզող հարցերը կապված են Հայաստանի, պատերազմի բացթողումների և այլ հարցերի հետ»,- նշում է երիտասարդ իրավաբանը:

Ալեքսեյ Մեսրոպյանը, որը երիտասարդ սերնդի ներկայացուցիչ է, որը հայերենին լավ տիրապետում է շնորհիվ ծնողների, ցավով նշում է, որ այսօր Արմավիրում շատ հայ ընտանիքներ չեն համագործակցում համայնքի հետ, իրենց երեխաները չեն մասնակցում հայկական միջոցառումներին և նախընտրում են օտար մշակույթը:

«Եթե մենք կարողանայինք հասնել այն արդյունքին, որ հայ ընտանիքները հայկական միջավայրից չկտրվեին, մենք շատ հարցերում հաղթանակներ կունենայինք»: Ալեքսեյը կարծում է, որ Սփյուռքի դերը այսօր հայրենադարձությունն է։ «Ես էլ այդ ցանկությունն ունեի՝ հատկապես հեղափոխությունից հետո, սակայն այսօր մտածում եմ, որ իմ անելիքները դրսում ավելի շատ են: Դրա համար էլ դեռ հապաղում եմ հայրենիք վերադառնալ»,- ավելացնում է նա:

Back to top button