ԿարևորՀասարակություն

Խրամատային սահմանից՝ սահմանապահ ուղեկալներ․ ի՞նչ կփոխվի բանակում՝ ըստ կառավարության ծրագրի

Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը փուլային տարբերակով Պաշտպանության նախարարությունից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական սահմանի պահպանությունը։ Ըստ այդմ՝ կառավարությունը  նախատեսում է սահմանապահ զորքերի անձնակազմի քանակի ավելացում, սահմանապահ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերի կառուցում, պետական սահմանի ինժեներական կահավորում, սահմանապահ ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածություն։  Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի դիտարկմամբ՝ սահմանապահ զորքերն, ըստ էության, սահմանապահ ուղեկալներն են, որոնց մարտական խնդիրը երկրի երկարատև պաշտպանություն իրականացնելու գործառույթ չի պարունակում․

«Ադրբեջանական բանակի դիմաց դնել սահմանապահ ուղեկալներ, դա նույնն է, թե այդ սահմանը բաց ունենալ, որովհետև ցանկացած  հարձակման դեպքում սահմանապահ ուղեկալներով դու չես կարող արագ և օպերատիվ կասեցնել Ադրբեջանի հարձակումը»։

Պետությունը պետք է գնահատի հարևաններին՝ որպես  դաշնակից, բարեկամ, հակառակորդ  կամ  թշնամի և, ըստ դրա՝ կազմակերպի սահմանի պահպանությունը կամ պաշտպանությունը տվյալ երկրի հետ։

Սահմանի պահպանություն և պաշտպանություն տերմինների միջև տարբերություն կա։ Պահպանության դեպքում տվյալ սահմանահատվածը պահպանվում է կիսառազմականացված վիճակում, այսինքն՝ սահմանախախտներին ոչ թե ռազմական, այլ իրավական պատասխանատվություն է սպասվում։ Այս դեպքում սահմանը խախտողը  դիտարկվում է ոչ թե որպես ռազմագերի, այլ որպես սահմանը ապօրինաբար հատած անձ։ Մինչդեռ սահմանի պաշտպանությունը այլ ռազմական ֆորմատ է՝ դիրքերով, մարտական հենկետերով, ի տարբերություն պահպանության, որն ունի ընդամենը սահմանային ուղեկալներ և չի ենթադրում սահմանի ամբողջ երկայնքով զինվորների ներկայություն։

Այս փոփոխությունները ենթադրում են, որ խրամատային սահմանները փոխարինվելու են ուղեկալներով և արգելապատնեշներով ՝ փշալարերի, սահմանային պատերի միջոցով։ Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի դիտարկմամբ՝ գործընթացը տրամաբանական կլիներ, եթե երկկողմանի լիներ, այսինքն՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ևս որոշում կայացներ՝ հայ-ադրբեջանական սահմանին խրամատային պաշտպանությունը փոխարինել սահմանապահ ուղեկալներով։

«Քանի դեռ Ադրբեջանը նման մոտեցում չի որդեգրել, կարծում եմ՝ հայկական կողմից նման քայլերը վաղաժամ են, որովհետև, եթե Ադրբեջանի զինված ուժերը,  այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետության հետ  սահմանի մի քանի տեղամասերում միաժամանակ գործողություններ սկսեն, ապա դա մեզ համար կարող է խնդիրներ առաջացնել։ Մինչև բանակի հիմնական ստորաբաժանումները հասնեն սահման, Ադրբեջանը արագ և օպերատիվ կարող է ճեղքումներ ապահովել մի քանի ուղղությամբ, որովհետև նրանք իրենց սահմանի երկայնքով տեղակայում են ոչ թե սահմանապահ ուղեկալներ, այլ հիմնականում բանակի ստորաբաժանումներ՝ իրենց զինտեխնիկայով, ներառյալ նաև ծանր զրահատեխնիկա»։

Ո՞ր տարբերակով են վերահսկվում Հայաստանի սահմանները չորս հարևանների հետ։ Հայաստանը Իրանի և Թուրքիայի հետ ունի սահմանային պահպանություն։ Թուրքիայի հետ սահմանը պահում են Ռուսաստանի սահմանապահ ուժերը և Հայաստանի զինված ուժերը։  Իրանի դեպքում սահմանը պահպանում են Հայաստանի զինված ուժերը և որոշ չափով ընդգրկված են նաև Ռուսաստանի սահմանապահ ուժերը։ Վրաստանի դեպքում  բարիդրացիական հարաբերություններ են, և փաստաթղթի վրա կան թեև ոչ ամբողջությամբ, սակայն երկու կողմից ընդունված տարածքներ։ Ադրբեջանի հետ Հայաստանը միայն շփման գիծ և դիրքեր է ունեցել, նույնիսկ Նախիջևանի տարածքում։ Հայաստանի մուտքերը մեծ մասամբ վերահսկում են Ռուսաստանի սահմանապահ  ուժերը։ Ռազմաքաղաքական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն այս փուլում խիստ վտանգավոր է համարում նախանշված փոփոխությունները․

«Ադրբեջանցիները հայտնվել են մի այնպիսի իրավիճակում, երբ իրենք չունեն բնակավայրեր իրենց թիկունքում, իսկ մեր բնակավայերը անմիջապես սահմանին են։ Չի բացառվում, որ մենք անընդհատ խնդիրներ ունենանք՝ իրենք կարող են հայտնվել մեր տարածքներում, կամ մեր բնակիչների անասունները հայտնվեն նրանց տարածքում, գնան անասունները բերելու և խնդիրների մեջ ընկնեն։ Այնպես որ, սա բավական վտանգավոր է այս առումով։ Ռազմաքաղաքական առումով ևս խնդրահարույց է, որովհետև դեռևս հստակեցված չէ, որն է Հայաստանի Հանրապետությունը, որտեղից է սկսվում Ադրբեջանի Հանրապետությունը։ Այսինքն՝ շատ մեծ խնդիրներ կան այստեղ, և մինչև դրան անցնելը պետք է լիներ սահմանների հստակեցում»։ 

Հայաստանի պաշտպանողականությանը բարձրացմանը միտված բարեփոխումների արդյունքում  ստեղծվելու է պրոֆեսիոնալ բանակ, ավելանալու է պայմանագրային զինծառայողների թիվը, կրճատվելու է  ժամկետային ծառայության ժամկետը՝ մինչև 20 -25 տոկոս։ Կարեն Հովհաննիսյանի դիտարկմամբ՝  պետք է զինծառայողներին դիտարկել ոչ միայն որպես զենք բռնող, այլև որպես ռազմական մասնագիտությանը տիրապետող մասնագետ։ Դրա համար երկու տարին լիովին բավարար է։ Ըստ փորձագետի՝ 44-օրյա պատերազմը ևս ցույց տվեց, որ ժամկետային զինծառայողները գերազանց տիրապետում են զինտեխնիկային, ինը, ընդհանուր առմամբ, դժվար է պնդել պահեստազորի կամ պայմանագրայինների դեպքում․եթե անգամ  

«Եթե մենք անցում ենք կատարում պրոֆեսիոնալ բանակին, ապա շեշտը չպետք է դնենք ծառայության  երկար կամ կարճ  լինելու վրա, պետք է շեշտը դնենք ռազմական մասնագիտությանը հստակ տիրապետելու մեխանիզմների վրա։ Այսինքն՝ ամեն ինչ պետք է անենք, որ եթե անգամ ժամկետային զինծառայողը գնում է 1 տարի, կամ տարի ու կես է ծառայաում, ապա դպրոցից նա պետք է իմանա, թե ինչ ռազմական մասնագիտությամբ է շարունակելու և, օրինակ, 11-րդ դասարանում  սկսի ուսումնասիրել այդ ռազմական մասնագիտությունը, նույն կերպ նաև պայմանագրային զինծառայողները»։

Միջազգային պրակտիկայում, բացի սահմանի պահպանությունից և պաշտպանությունից, գոյություն ունի նաև «սահմանային պատրուլներ» հասկացությունը։ Այս դեպքում երկու կողմից բաեկարգվում է սահմանը, երկու կողմից բացակայում են սահմանային պատնեշները, ճանապարհները երկողմանի անցանելի են լինում։ Սահմանը վերահսկվում է տեսանկարահանող սարքերով՝ «սահմանային պատրուլներ»-ի միջոցով։ Սա արվում է ներգաղթը և ոչ լեգալ մարդկային հոսքերը կառավարելի դարձնելու նպատակով և նախատեսված է խաղաղ երկրների համար։ Մյուս տարբերակը սահմանային պատերն են, որոնց միջոցով կանխվում են թե՛ մարդկային հոսքի, թե՛ անասունների սահմանահատման դեպքերը։ Սահմանային պատերի «սիրահար» է, օրինակ, Թուրիքան, որը պատ է կառուցել Իրանի, Իրաքի, Սիրիայի և Հունաստանի հետ սահմաներին։ Բացառություն են Հայաստանի և Վրաստանի հետ սահմանները։

Back to top button