ԿարևորՀասարակություն

Աֆղան գրոհայիններ՝ Արցախի գրավյալ տարածքներո՞ւմ

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը չի բացառում, որ Արցախի գրավյալ տարածքներ՝ Ջրական և Վարանդա, աֆղան գրոհայիններ տեղափոխելու մասին լուրերը համապատասխանում են իրականությանը։ Նրա խոսքով՝ դրանք կարող են լինել ահաբեկչական «Ալ Քաիդա» խմբավորման անդամները, որոնք վերահսկվում են ոչ  թե Բաքվի, այլ  Թուրքիայի կողմից: Ահաբեկչական խմբավորումների ներկայությունը վտանգում է տարածաշրջանի կայունությունը, Բաբայանը ռիսկերի կանխարգելման հետևյալ տարբերակն է առաջարկում․

«Հիմա «Ալ Քաիդա»-ին Թալիբանը ճնշում է, բերում է այստեղ։ Որպեսզի ավելի ճշգրիտ տեղեկություն լինի, կարծում եմ անհրաժեշտ է միջազգային հանրությունը փաստահավաք առաքելություն ուղարկի այդ բոլոր տարածքները, նույնիսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կարող է դրանով զբաղվել, որովհետև իրավիճակը կարող է իսկապես լուրջ սպառնալիք դառնալ ողջ քաղաքակիրթ աշխարհի համար»։

Որ գրոհայիները կդիմեն սադրանքների, Արցախի արտգործնախարարը չի բացառում։ Ըստ Բաբայանի, գրոհայիներին Արցախի օկուպացված տարածքներում տեղակայելով Թուրքիան երկու խնդիր է լուծում։ Նախ՝ փրկում է զինյալներին թալիբներից, ապա ամրապնդում իր դիրքերը Ադրբեջանում։ Այսպիսով Թուրքիան խնդիրներ է ստեղծում նաև տարածաշրջանի մյուս խաղացողների համար։ Իրանագետ Ահարոն Վարդանյանը հիշեցնում է, որ նախքան այս տեղեկությունը՝ մեկ այլ թեզ էր դաշտ նետվել․ Ադրբեջանը փորձելու է Աֆղանստանից գրոհայիններ բերել, որպեսզի 44-օրյա պատերազմից հետո իր ներսում գտնվող գրոհայիների ներկայությունը լեգիտիմացնի։ Գրոհայիններին ընդունելով Ադրբեջանը կլուծի պատերազմից հետո երկրում մնացած ահաբեկիչների քաղաքացիության հարցը․ նրանց, իբրև աֆղան ներգաղթյալներ, բնակության իրավունք կտա։ Ըստ իրանագետի, եթե տվյալները հաստատվեն, տարածաշրջանում առկա ահաբեկչական վտանգը անմիջականորեն սպառալիք կդառնա Երևանի համար․

«Կունենանք միանգամայն անկանխատեսելի տարրեր, քանի որ ահաբեկիչները տեր, տիրական, հրաման չեն ճանաչում, և նրանց համար ամեն ինչը փողն է։ Ով նրանց փող տա, նա էլ կլինի նրանց տերը։ Եթե Արցախում տեղակայվի այդ ամենը, այդ վտանգը մենք Երևանում էլ կարող ենք զգալ, որովհետև Արցախի շրջաններից Երևան հասնելը հեշտ է»։

Իրանագետն ասում է, որ խնդիրներ կստեղծվեն ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի և Ռուսաստանի համար։ Սպառնալիքները կանխելու համար նա դիտարկում է տարածաշրջանային կոալիցիա կազմելու տարբերակը․

«Կարելի այս երկու պետությունների հետ հակաահաբեկչական ինչ-որ կոալիցիա կազմել և կոալիցիայի մեջ մտնել նման առաջարկությամբ՝ հաշվի առնելով մեր ընդհանուր շահերն այս հարցի շուտ։  Հաջորդը պետք է պարզապես մեծացնել զգոնությունը և որոշակի հակաահաբեկչական միջոցառումներ իրականացնել»։

Թուրքիան և Ադրբեջանը կօգտագործեն ահաբեկիչներին իրենց շահերի համատեքստում, ուստի, փորձագետի դիտարկմամբ, պետք է Հայաստանն ինքը նախաձեռնողականություն դրսևորի հակաահաբեկչական կոալիցիա ձևավորելու հարցում։

Անցյալ տարի այս ժամանակահատվածում Ադրբեջանն արդեն ընդունում էր ահաբեկիչներին, որոնք հետագայում պետք է կռվեին Արցախում։ Այդ ահաբեկիչները կառավարվում էին Թուրիքայի կողմից։ Նոր գրոհայինների մուտքը, որ ծայրահեղական խմբավորման անդամներն էլ նրանք լինեն, կավելացնի ահաբեկիչների ներկայությունը տարածաշրջանում՝ մեծացնելով նաև նրանցից եկող վտանգը։

Back to top button