Էվոլյուցիա

Օնլայն գերեզմաններ՝ առանց հողի ու շիրմաքարի․«Էվոլյուցիա»

Ողջ աշխարհում օրական մահացած 155 հզ մարդու թաղելու համար հատվում է 55 հզ ծառ, որպեսզի նրանց համար պատրաստվեն դագաղներ։ Հայաստանում էլ դագաղը պարտադիր պայման է հանգուցյալին հողին հանձնելիս, այնինչ քրիստոնեության մեջ չկա որևէ հիշատակում դագաղում թաղելու սովորության մասին։ Շավարշ սարկավագն ինձ, պատմելով քրիստոնեական գերեզմանների մասին, ասում է՝ թաղման ծեսը Քրիստոսի թաղման օրինակով պետք է կատարվի, թաղելիս պետք է հանգուցյալին ընդամենը փաթաթել սպիտակ սավանի մեջ  և հանձնել հողին․

«Դագաղի սովորություն քրիստոնեության մեջ չկա, հարկավոր է պատանքել մարմինը, այսինքն` սպիտակ սավանով փաթաթել։ Էկոլոգիական տեսանկյունից եթե ծայրահեղ վնասների հասցնի դագաղագործությունը, ուղղակի փայտը կարելի է փոխարինել ավելի անվնաս բանով, բայց ոչ երբեք որպես այլընտրանք ընդունել դիակիզումը»,-ասում է Շավարշ սարկավագը։

Աշխարհի մի շարք երկրներ անցնել են մարդու մահից հետո մարմինը դիակիզելուն և մոխիրը սափորի մեջ պահելուն` այդպիսով հրաժարվելով ավանդական գերեզմաններից։ Այս փորձը կիրառելու առաջարկները հնչել են նաև Հայաստանում։ Պրակտիկ հոգեբան Աննա Բադալյանն ասում է, որ հայ հասարակությունը պատրաստ չէ դեռևս ընդունելու այն իրականությունը, որ հարազատը չի ունենալու գերեզման, որտեղ ինքը չի կարող տարին մի քանի անգամ այցելել։ Սա կոչվում է՝ վշտի հոգեբանություն, ասում է Աննա Բադալյանը, որը, ի դեպ, չի բացառում, որ մի օր իսկապես աշխարհը կանցնի օնլայն գերեզմանատների․

«Մահանալուց հետո 7, 40 օր հետո են հիշատակում հանգուցյալին, հետո 1 տարի հետո, սա ոչ միայն կրոնական, այլև հոգեբանական խնդիր է, մարդը սովորում է ապրել վշտի հետ՝ իմանալով, որ կա առարկայական վայր, վիշտը սգալու, և եթե մենք մի օր անցնենք օնլայն գերեզմանատների, ես չգիտեմ, թե ինչ է լինելու, այդ դեպքում հոգեբանները պիտի սկսեն աշխատել մարդկանց հետ՝ վշտի նոր տեսակի հոգեբանության պարագայում։ Հոգեբանության մեջ նոր ձևակերպումներ կմտնեն՝ վշտի հետ կապված»,-ասում է Աննա Բադալյանը։

Օնլայն գերեզմանատների նախատիպերը Ցուկերբերգը դեռ տարիներ առաջ է ստեղծել․

«Ֆեյսբուքին հիմա էլ մարդու մահանալուց հետո հարազատները ուղարկում են մահվան թուղթը և ֆեյսբուքը այդ էջը դարձնում է հիշատակի էջ, որտեղ մարդուն հիշում են, ծաղիկներ ուղարկում և այլն»,- ասում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։

Սա ներկան է, իսկ ապագայում հնարավոր է, որ գերեզմանները լինեն միայն թվային տիրույթում՝ չզբաղեցնելով տարածք ոչ հողում, ոչ էլ սափորներում՝ դիակիզվելուց հետո։ Կարծիքները տարբեր են, բայց այնուամենայնիվ կա վարկած, որ մարդը ամբողջովին կարող է ապրել, աշխատել և անգամ գերեզման ունենալ թվային տիրույթում։

Շավարշ սարկավագն ասում է՝ եկեղեցին դեմ չէ, եթե ավանդական գերեզմաններին զուգահեռ ստեղծվեն թվային գերեզմաններ և մարդիկ հավելյալ հնարավորություն ունենան աղոթելու հանգուցյալի հոգու համար նաև օնլայն տիրույթում, եկեղեցին դեմ է՝ եթե գերեզմանները լինեն միայն օնլայն տիրույթում, դեմ է նաև դիակիզմանը, որովհետև երկուսի դեպքում է աճյունից որևէ մասնիկ չի պահպանվում, իսկ քրիստոնեությունն ասում է՝ Քրիստոսի գալստյան հետ հարություն կառնեն բոլոր ննջեցյալները։ Եթե չլինեն ննջեցյալների աճյունները, ինչպե՞ս են նրանք հարություն առնելու, ասում է հոգևորականը։ Պրակտիկ հոգեբան Աննա Բադալյանն ասում է, որ ապագայում մարդը ինքը պիտի հնարավորություն ունենա որոշելու՝ ի՞նչ գերեզման է ուզում։ Անգամ, եթե ուզում է դիակիզվել, միգուցե չի ուզում, որ իրեն դարերով պահեն փոքրիկ սափորի մեջ․

«Մահացողը ինքը պիտի որոշի, ինչ անել իր մարմնի դիակիզված մոխրի հետ, միգուցե ինքը ուզի, որ գետի մեջ շաղ տան, կամ լեռան լանջին շաղ տան ու ինքը ձուլվի էդպես բնությանը։ Այ դա կլինի հարգանք մահացողի հանդեպ՝ ընդունել նրա իսկ որոշումը»,-ասում է պրակտիկ հոգեբանը։

Ոչ միայն դագաղով թաղելու, այլև մեծ ծաղկեպսակներ դնելու, շքեղ գերեզմանատներ սարքելու, մահացածի դիմանկարը քարին պատկերելու սովորույթը քրիստոնեական չէ, ասում է Շավարշ սարկավանգը։ Հայկական հին գերեզմանոցները փոքր են, համեստ։ Ըստ հոգեւորականի` ապագայում մենք կվերադառնանք անցյալ.

«Այդ սովորությունը սովետական տարիներից են եկել, հնում չեն եղել նկարներ, ծաղկեպսակներ, գերեզմանները պարզ են եղել, դրանք կամաց-կամաց ժողովրդի առօրյայից դուրս կգան, վերջին տասնամյակներում էլ հոգևորականությունն այդ քարոզն անում է,-ասում է հոգևորականը։

Գերեզմանները կարող են լինել օնլայն, մարդկությունը, ինչպես մնացած երևույթներին, դրան նույնպես կհարմարվի, ասում է պրակտիկ հոգեբանը։ Սակայն եկեղեցին երբեք չի ընդունի, եթե մարդու մահանալուց հետո աճյունը կորի անհետ, ասում է սարկավագ զրուցակիցս։

Հայաստանում գերեզմանատների տարածքները ևս խնդիր են, Երևան քաղաքի մակերեսի 2,5 %-ը զբաղեցնում են 21 գերեզմանատներ, որոնցից 17-ում թույլատրելի է միայն հուղարկավորություն կատարել ընտանեկան հին գերեզմաններում։ Ի դեպ, սա հենց այն հարմար տարբերակն է, որը հոգևորական զրուցակիցս առաջարկեց ապագայի համար, մարդու հուղարկավորությունից մի քանի տասնամյակ հետո նրա բարեկամին կարելի է թաղել իր գերեզմանի վրա՝ այդպիսով խնայելով տարածք և ռեսուրս։ Աշխարհում նման գերեզմանները, որտեղ մի քանի հոգի են թաղված, կոչվում են՝ սեքոնդ-հենդ գերեզմանոցներ։ Իսկ աշխարհը զարգանում է շատ արագ  և անսպասելի, ապագայի մասին կարելի է միայն կանխատեսել, իսկ թե ի՞նչ կլինի ստույգ, մարդկությունը դեռ երևի չի էլ որոշել։

Ցուցադրել ավելի
Back to top button