Ստարտափ Հայաստան

«Ծուռ բերանով» չարաճճի մարդուկների արմատները Սյունիքից են․ «Ստարտափ Հայաստան»

Արմատներով սյունեցի, տնտեսագետ Լիլիթ Հարությունյանը չի սիրում խոսել իր մասնագիտությունից, փոխարենը` ժամերով կարող է պատմել շախմատից, Հայաստանով ճամփորդելուց, համեղ ուտելուց և իր ձեռագործ տիկնիկներից։ Լիլիթը հիմնական աշխատանքից զատ զբաղվում է նաև իր փոքրիկ բիզնեսով։

Ձեռագործ տիկնիկներ է վաճառում։ Գործելու հանդեպ սերը մայրիկից է ժառանգել։ Նրա գործած հագուստը հաճախ կարելի էր տեսնել Լիլիթի հագին։ 10 տարեկանում մայրիկը Լիլիթին սովորեցնում է թելի հետ աշխատել և ձեռագործ իրեր ստեղծել։ Սկզբում Լիլիթը գործի նկատմամբ սիրողական վերաբերմունք ուներ։ Արջուկներ ու նապաստակներ գործելուց հետո հասկացավ, որ իրեն այլ` ավելի հետաքրքիր կերպարներ են պետք։ Սկսեց աղջիկ տիկնիկներ գործել։

Լիլիթի պատրաստած տիկնիկները, որքան էլ տարօրինակ է, այդքան էլ փոքրերի համար չեն։ Բրդի շնորհիվ ավելի, այսպես ասած, չոր են ստացվում ու երեխաների խաղալու համար այդքան էլ հարմար չեն, բայց լինում են մարդիկ, որոնք, մեկ է, գնում են փոքրիկների համար։ Լիլիթը բիզնես է սկսել, բայց հաշվի չի առել, որ չափազանց զգացմունքային է իր տիկնիկներից հեշտությամբ բաժանվելու համար։ Ասում է՝ ամեն անգամ, երբ տիկնիկ է վաճառում, կարծես աղջիկ ամուսնացնի, հետաքրքրվում է՝ ովքեր են, ինչպես են պահելու տիկնիկը, նոր է ճանապարհում։ Ստեղծագործելու համար Լիլիթին շատ բաներ պետք չեն։ Իր տարածքը, պարտադիր չոր տեղանք, որպեսզի աշխատանքի կեսից փափկությունից քունը չտանի, և լավ երաժշտություն։

Բիզնեսը բիզնես, բայց Լիլիթն ուզում է այնպես ստեղծել տիկնիկներին, որ մարդիկ նրանց մեջ կյանք տեսնեն, խոսեն հետները, կիսվեն, շփվեն, հենց դրա համար է տիկնիկների դիմագծերն այնպես ստեղծում, որ թվա, թե նրանք խոսում են և հասկանում։ Հենց սա է Լիլիթի ձեռագործ աշխատանքները շուկայում առանձնացնում մյուսներից։ Կերպարային տիկնիկների ստանդարտ օրինակներ Լիլիթը չի ստեղծում. եթե կերպար, ուրեմն պետք է տիկնիկին նայելուց նրա հաղորդած տրամադրությունը զգաս, հասկանաս, որ այդ տիկնիկը տվյալ մարդու կերպարն է արտահայտում։

Եթե Լիլիթի տարիքի այլ աղջիկներ գնումների ժամանակ հագուստ աքսեսուարներ կամ խնամքի միջոցներ են ձեռք բերում, ինքը թելեր և տիկնիկների համար աքսեսուարներ է գնում։ Հենց այդ առիթով է, որ բիզնեսում ներդրումներ շատ չի արել, ձեռքի հետ գնել է ամեն ինչ։

Լիլիթը հավատում է, որ իր պատրաստած տիկնիկների մեջ կյանքը շատ է, խոսում է իրենց հետ, կիսվում առօրյայով, նույնն էլ խորհուրդ է տալիս այն մարդկանց, ովքեր ձեռք են բերում նրանց։ Իսկ փաթեթավորումը հնարավորինս համեստ է անում։ Դեռ համարձակությունը չի հերիքում հիմնական աշխատանքից դուրս գալ և միայն այս բիզնեսով զբաղվել, բայց հոգու խորքում հավատում է, որ մի օր այնքան լավ կլինի, որ և հոբբին կդառնա հիմնական աշխատանք։

Back to top button