ԿարևորՎերլուծական

Փակ ճանապարհների վտանգավոր ուղերձները

Մինչ Գորիս-Կապան ճանապարհի փակ հատվածների բացման շուրջ եռակողմ բանակցությունները շարունակվում են, իսկ Հայաստանի իշխանությունները քննարկում են այլընտրանքային ճանապարհների հարցը, վերլուծական դաշտը փորձում է հասկանալ ՝ ինչու են ադրբեջանցիները փակել միջպետական ճանապարհի որոշ հատվածներ, ում է ուղղված այս քայլը և ինչ հեռահար նպատակներ ունի:

Քաղաքական և վերլուծական դաշտը փորձում է հասկանալ` ինչու ադրբեջանցիները փակեցին Գորիս-Կապան ճանապարհը, ում է ուղղված այս քայլը և ինչ հեռահար նպատակներ ունի: Եթե ադրբեջանական կողմը նշում էր, թե այդ հատվածում միջադեպ է գրանցվել՝ ադրբեջանցի զինծառայողի դանակահարություն, ապա հայկական կողմը հերքում է այդ վարկածը և պատճառները փնտրում այլ դաշտում: Վարկածները մի քանիսն են՝ ռուս խաղաղապահների ներկայության վարկաբեկումից մինչև նոր զիջումներ կորզելու մտադրություն:

Օրվա ընթացքում հիմնական ասելիքը վարչապետ Նիկոլ Փաշինյանինն էր՝ կառավարությունը այլընտրանքային ճանապարհ կկառուցի:

«Մինչև տարեվերջ Տաթև-Ավղանի ճանապարհի հիմնանորոգումը պետք է ավարտվի, նախանշված մյուս հատվածների ճանապարհաշինական ծրագրերը նույնպես պետք է ավարտենք՝ համայնքների կապը մարզկենտրոնի, միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների ավելի որակյալ այլընտրանք ապահովելու համար: Սյունիքի ճանապրհների հետ կապված այս իրադրությունը մեզ համար անկանխատեսելի չէր, և մենք այս ընթացքում աշխատել ենք նոր ենթակառուցվածքներ ձևավորելու ուղղությամբ ու շարունակելու ենք աշխատել: Սակայն, Էյվազլիի և Չայզամի հատվածների ճանապարհի վերաբացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է դառնալ: Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել: Մեզ ամուր նյարդեր են պետք, մենք մեր ռազմավարական գիծը՝ խաղաղության օրակարգը, պետք է զարգացնենք և առաջ տանենք»:

Վարչապետի  խոսքում մի քանի ուղերձներ կան, բայց ամենանկատելին տեղանքների ադրբեջաներեն անվանումների օգտագործումն էր: Կառավարության մյուս անդամները և քաղաքական վերլուծաբանները հիմնավորում են՝ անվանումների հիմքում  խորհրդային քարտեզներն են: Քաղաքական վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը հստակեցնում է՝ իրավիճակը Հայաստանի համար նոր չէ:

«Իրականության մեջ 1990-93 թվականներին այդ ճանապարհը գրեթե չի օգտագործվել, այդ ճանապարհի վրա տասնյակ մարդիկ են անհետացել, սպանվել, վիրավորվել, որովհետև այդ ճանապարհը ինչպես հիմա, այնպես էլ խորհրդային ժամանակներում անցնում էր Խորհրդային Ադրբեջանի տարածքով: Ես շատ լավ հիմում եմ՝ այդ տարիներին ուսանող էինք, և իմ ընկեր կապանցի ուսանողները Կապան հասնելու համար մեկ օր ճանապարհ էին կտրում, անցնում էին այդ ներքին ճանապարհով՝ Տաթևի Աղվանի քանդուքարափ ճանապարհով»:  

Վերլուծաբանի նշած քանդուքարափ ճանապարհները հիմա էլ կան՝ գրունտային, դժվարնացանելի են: Այլընտրանքային ճանապարհների արագ կառուցումը, ըստ վերլուծաբանների, կզրկեր Ադրբեջանին Հայաստանի հետ ճնշումների լեզվով խոսելու հնարավորությունից: Այժմ ճանապարհը բացելու դիմաց, ենթադրում են, կարող են զիջումներ պահանջել:  

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանի դիտարկմամբ՝ փակելով ճանապարհը՝ Ադրբեջանը խախտել է նոյեմբերի 9-ին ձեռք բերված փաստաթղթով և բանավոր պայմանավորվածությամբ ձեռք բերված համաձայնությունը: Պողոսյանի կարծիքով՝ ճանապարհը փակելով՝ Ադրբեջանը հետապնդում է 2 նպատակ:

«Նախ՝ ես կցանկանայի ֆիքսել, որ այդ ճանապարհը Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել ոչ նոյեմբերի 9 կամ 10-ի հայտարարության համաձայն, որովհետև հայտարարությունը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղին և երկրորդ՝ այնտեղ կար առաջին կետ, որ զորքերը պետք է մնային այն դիրքերում, որտեղ գտնվում էին: Մենք բոլորս գիտենք, որ հայկական զորքերը այդ հատվածում 5-10 կմ առաջ էին գտնվում և նրանք հետ քաշվեցին դեկտեմբերի 17 կամ 18, ինչ-որ բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, որոնց  էությունն այն էր, որ ՀՀ զորքերը պետք է գտնվեն բացառապես Խորհրդային Հայաստանի վարչական սահմաններից ներս: Հիմա, թե ինչու է Ադրբեջանը փակում ճանապարհը: Ինձ թվում է՝ սա ավելի շատ կապ ունի Հայաստանի կառավարության ձևավորման և կառավարության ծրագրի հաստատման հետ: Ամենայն հավանականությամբ՝ Ադրբեջանը ուղերձներ է հղում, որ այն պայմանավորվածությունները, որոնք կան և որոնք վերաբերում են Սյունիքի մարզի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի հատկացմանը՝ խոսքը վերաբերում է թե երկաթուղային հաղորդակցությանը, թե ավտոմոբիլային հաղորդակցությանը, արդեն ժամանակն է, որ իրականացվեն»:

Ըստ քաղաքագետի՝ ուղերձն ուղղված է ինչպես Հայաստանին, այնպես էլ Ռուսաստանին, նաև նպատակ ունի ստուգելու հանրային արձագանքը: Թուրքագետ Վահրամ Տեր Մաթևոսյանի համոզմամբ՝ թուրք-ադրբեջանական համագործակցությունը փորձում է կյանքի կոչել վերջերս ընդունված Շուշիի հռչակագրի կետերը:

«Սյունքիում տեղի ունեցողը ավելին է, քան այն, ինչ մենք տեսնում ենք: Խորը սիմվոլիզմ է իր մեջ պարունակում և Ադրբեջանի իշխանությունները Թուրքիայի ակնհայտ համաձայնությամբ առաջ են տանում 100 տարի առաջ կիսատ թողած գործը ավարտելու գաղափարը, և շատ ցավալի է, թե այս կենսական նշանակության հարցին զուգահեռ ինչպես են ընթանում իրական քննարկումները Հայաստանի ներսում: Կարծես ՝ մենք ապրում ենք երկու զուգահեռ իրականություններում»:

Վերլուծաբանները չեն բացառում, որ Գորիս-Կապան ճանապարհում ստեղծված իրավիճակը նոր բանակցությունների սկիզբ կարող է դառնալ: Անգամ համոզված չեն, որ այդ բանակցությունները չեն սկսվել, եթե հաշվի առնենք խաղաղության օրակարգի մասին հայաստանյան իշխանությունների պնդումները: Բենիամին Պողոսյան.

«Ամենայն հավանականությամբ կսկսվի գործընթաց՝ հնարավոր է սկզբում ոչ հրապարակային, ինչպես 2008-ին էր, երբ այն ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը Գյուլին հրավիրեց Երևան: Հասկանալի է, որ դրանից ամիսներ առաջ ինչոր գործընթացներ են տեղի ունեցել: Այնպես որ, ամենայն հավանականությամբ կսկսվի ոչ հրապարակային գործընթաց Թուրքիայի հետ, չեմ բացառում նույնիսկ, որ այդ գործընթացը հիմա սկսված է»:

Հայաստանյան այս փուլի զարգացումները քաղաքագետները սկսել են համեմատել 1920 թվականի հետ: Վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը համոզված է, որ Հայաստանը հայտնվել է նույն վիճակում. պատմությունից դասեր չքաղեցինք ու վատթարագույնից խուսափելու համար դեռ պետք է ճիշտ և սթափ գիտակցենք, թե ինչ է մեզ հետ կատարվում՝ 5-10-15 տարի հետո ավելի վատ վիճակում չհայտնվելու համար:

«Բա ի՞նչ պետք է լիներ, բա եթե 20-25 տարի Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքում դրվում է արկածախնդրությունը, պրիմիտիվ, մանկամիտ պահանջատիրությունը, Սևրը, Վիլսոնյան Հայաստանը: Ես մոռացության չեմ տալիս նախապայմանները, բայց 20-25 տարի ձեռքերը ծալած նստել ու ժամանակ առ ժամանակ ուրախանալ, որ այլ երկրների խորհրդարաններ իրենց շահերից ելնելով շահարկում են 1915-ը, մի օր մենք սրա առաջ կանգնելու էինք և հիմա կանգնել ենք: Հիմա էլ ուշ չէ, որպեսզի փորձենք նվազագույն կորուստներով դուրս գալ: Նրանք, ովքեր այսօր չեն հասկանում, թե Հայաստանի հետ ինչ է տեղի ունեցել, Հայաստանի հետ ինչ է տեղի ունենում, մենք 5-10-15-20 տարի հետո ավելի վատ վիճակում ենք հայտնվելու: Մենք պետք է մեր չափը ճիշտ ճանաչենք և փորձենք ամենացավալի զիջումներ և փոխզիջումներ ուժային կենտրոնի և մեր բոլոր հարևանների հետ»:

Այլ ուղղություններով բանակցությունների անհրաժեշտության մասին են խոսում, օրինակ՝ Ինքնիշխան Հայաստան, Պահպանողական և Եվրոպական կուսակցությունները: Միասնական հայտարարությամբ դիմել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեք պետություններին՝ Ֆրանսիա, ԱՄՆ և Մեծ Բրիտանիա՝ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու խնդրանքով: Որպես հիմնավորում՝ ներկայացրել են, որ Հայաստանը եվրոպական քաղաքակրթության արևելյան սահմանի դրոշակակիրն է:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ճիշտ է համարում Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը: Համոզված է՝ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված վիճակը առաջնահերթ կքննվի այնտեղ, քանի որ անմիջական կապ ունի շարքային քաղաքացիների անվտանգության և կյանքի իրավունքի հետ:

Back to top button