ԿարևորՀասարակություն

Քաղաքական նոր սկանդալ ԱԺ-ից․ երրորդ նախագահը դատի կտա ՔՊ պատգամավորին

Ազգային ժողովը 70 կողմով, առանց դեմ ու ձեռնպահի այսօր հաստատել է կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը: Քվեարկությանը մասնակցել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ 3 օր ձգված քննարկման ընթացքում պատգամավորներն ամենաքիչը հենց ծրագրից խոսեցին։

Ե՛վ իշխանությունը, և՛ ընդդիմությունը էլի մեղավորներ էին փնտրում․ արդյունքում՝ հասունանում է նոր քաղաքական սկանդալ, որը հանգուցալուծում կստանա դատարանում:

Տարիքով քաղաքական գործիչները «Քաղաքացիական պայմանագրի» կազմում վերադառնալով քաղաքականություն՝ իրենց հիշողություններով ու տեսածով են փորձում երիտասարդ գործընկերներին ցույց տալ, թե Հայաստանի այսօրվա խնդիրները որտեղից են սկսվել ու, պատկերավոր ասած, երբվանից է բացվել «պատերազմի դուռը»: Տարբեր գումարումների խորհրդարանների պատգամավոր, այժմ ՔՊ խմբակցության անդամ Վիգեն Խաչատրյանը թերացումների, այլասերումների և խնդիրների թվարկումը սկսում է 1990-95 թվականներից:

«Լավ է պատմական արդարության հետևից գնալը, բայց պակաս կարևոր չէ պատմական իրողության հետ հաշվի նստելը: Պատերազմը սկսեց մեր դուռը թակել, երբ մենք սկսեցինք այլասերել քաղաքական համակարգը և ոտնահարել ազատ կամքի դրսևորման մարդու իրավունքները: Ընդդիմության ճանապարհը փակելու համար Ռոբերտ Քոչարյանը բերվեց Հայաստան: Մենք պետք է ընդունենք, որ անթույլատրելի բան տեղի ունեցավ, հաջորդեց պալատական հեղաշրջումը»:

Պալատական հեղաշրջման մասին խոսում է ոչ միայն Վիգեն Խաչատրյանը: Բիզնեսից քաղաքականություն վերադարձած Խաչատուր Սուքիասյանը նույնպես օգտագործում է «հեղաշրջում»> ձևակերպումը, անուններ տալիս: Համոզված է՝ անցյալի նախադեպը վերջին իրադարձությունների պատճառ դարձավ: Սերունդներին ճշմարտությունն ասելն անհրաժեշտություն է համարում.

«Եթե մենք ճիշտ քաղաքական գնահատական տված լինեինք՝ Օնիկ Գասպարյանն այդ քայլերը չէր անի: Վազգեն Սարգսյանին շատ լավ հիշում եմ, ինքը շատ լավ բաներ էլ է արել, բայց ինքը մի մեծ սխալ է արել, որը պետք է չաներ, որովհետև ուժային համակարգը իրավունք չունի քաղաքական որոշում կայացնի: Մենք պետք է սխալներ չանենք, մենք փոքր պետություն ենք ու պետք է ամեն ինչի մասին ասենք՝ ոնց կա: Ու ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը չի զգում՝ ինքը ինչ է արել»:

Պատգամավորը նկատի ունի քաղաքական որոշումները և Հայաստանում պաշտոն ունենալու ու պահելու ձգտումը: Սակայն, Սուքիասյանը նաև այլ ակնարկներ է արել ԱԺ ամբիոնից՝ կազինոների և պարտված փողերի հետ կապված: Սերժ Սարգսյանը դատի կտա Խաչատուր Սուքիասյանին` «Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բարի համբավն արատավորող ակնհայտ զրպարտչական տեղեկությունները հերքելու պահանջով»,-հայտնել է Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։ Հայցի հարուցումը նախապատրաստվում է,-ֆեյսբուքում գրել է փաստաբանը:

Դեպքերի նման զարգացման և դատարան ներկայանալու պատրաստ է՝ Աժ-ում լրագրողներին ասաց Սուքիասյանը. «Հանգիստ եղեք, ես ամեն ինչի կպատասխանեմ, ամեն ինչի պատրաստ եմ, մենակ ինքը փաստաբան չունի: Ես ավելի քիչ թիվ եմ հնչեցրել, որ ավելի ապացուցելի լինի: Մինչև անգամ դեպք գիտեմ, որ մեր պետական օդանավը եկել է, որտեղ որ կազինո կա, այստեղից գումարներով պարկերը տարել են, որ վճարեն: Ես ամեն ինչը հիմնավոր եմ ասում, հիմնավորում եմ: Լսեք՝ ՀՀ-ն որևէ մեկի սեփականությունը չէ: Մի հատ էլ իրեն կհարցնեք՝ «Որոտանը» ո՞վ է ձեռք բերել, Հայաստանի տնտեսական լավագույն միավորներից է եղել»:

Աժ-ում հիշվել են ոչ միայն այս դեպքերն ու անունները: Նախկին պաշտոնյաների այլ անուններ՝ կապված կոռուպցիոն գործարքների հետ, ևս տրվել են։ Այստեղ է, որ գործող իշխանությունը կարևորում է կառավարության ծրագրի կետերից մեկը:

Աժ Պետոիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյան. «Հակակոռուպցիոն դատական համակարգի ձևավորումը չափազանց կարևոր է, ժողովուրդ: Մենք պետք է ունենանք կոռուպցիայից զերծ հասարակություն և դատարանները պետք է լինեն պրոֆեսիոնալ»:

Ո՛չ կառավարությանն են վստահում, ո՛չ ծրագրին: Սա խորհրդարանական ընդդիմության դիրքորոշումն է, որը չմասնակցեց ծրագրի քվեարկությանը: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի գնահատմամբ՝ ընտրություններից հետո կառավարությունը սխալ է ընկալում հասարակական տրամադրությունները, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը պնդում է՝ ծրագիրը չի համապատասխանում պետության խնդիրներին:

Արթուր Վանեցյան․ «Կառավարության ներկայացրած ծրագրում լավ գաղափարներ, ճիշտ մոտեցումներ կան: Կա՞ երաշխիք, որ այս ծրագիրը կատարվելու է, դառնալու է իրականություն, իմ կարծիքով՝ չկա: Գուցե ձեզ վստահություն է տալիս անընդհատ ասել, թե ժողովուրդը մեզ արդեն գնահատական է տվել: Իմ պարտքն է զգուշացնել, որ հանրային տրամադրությունները շատ ավելի խորն են, շատ ավելի ռիսկային, քան ընտրությունների թվային արդյունքները»:

Սեյրան Օհանյան․ «Ծրագիրը չի համապատասխանում Հայաստանի և Արցախի առաջ կանգնած և ահագնացող անորոշություններին, չի համապատասխանում պետության խնդիրներին: Հատկապես՝ ռիսկերի, վտանգների, բովանդակության անհամապատասխանությունը՝ հիմնական և գլխավոր թերությունն է»:

Երկուսուկես օրվա քննարկումների ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրների կողմից լսել է ծրագրի մասին միայն մեկ առարկայական քննադատություն․

«Այդ քննադատությունը վերաբերում է ծրագրի հետևյալ հատվածին. «Անկախ և հանրային վստահություն վայելող դատական համակարգը, արդյունավետ և որակյալ նախաքննությունը, հանրային վստահություն վայելող դատախազությունը, ժամանակակից շարժունակ ու արհեստավարժ ոստիկանությունը պետք է ապահովեն կառավարության՝ ժողովրդից ստացած մանդատի իրագործումը»: Սա մեկնաբանվում է, որ կառավարությունն ասում է, թե պետք է դատական համակարգը ենթարկվի կառավարությանը: Ո՛չ, դա չի նշանակում»:

Աժ-ի ամբիոնից ամեն ինչի մասին խոսել հնարավոր չէ, խոստովանում է Փաշինյանը, բայց նշում է,

«Մենք չպետք է շեղվենք մեկ միլիմետր, որովհետև մեզ վրա դրված է պատմական պատասխանատվություն: Մեր երկրի առաջ կանգնած մարտահրավերները այսօր ավելին են, քան կարելի է այս ամբիոնից ասել: Եվ 2018 թվականից է այդպես եղել: Ներողություն եմ խնդրում, երևի արդեն 50-րդ անգամ եմ ասում. Սերժ Սարգսյանը 2018 թվականի ապրիլի 17-ին այս ամբիոնից ասել է հետյալը. բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, ավելի հստակ կարելի է ասել, որ այդ բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է: Կանգնած է, որովհետև բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները անիրատեսական են, անընդունելի մեզ համար: Այս մարդիկ եկել-ասում են՝ դուք բանակցային գործընթաց եք ձախողել»: 

Դժգոհություններով և քննադատություններով հանդերձ, բացառապես կառավարող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմ քվեարկությամբ խորհրդարանը հաստատեց կառավարության ծրագիրը, որով պետությունը պարտավորվում է առաջնորդվել առաջիկա 5 տարիներին։

Back to top button