ԿարևորՀասարակություն

Հայ-թուրքական հարաբերությունները՝ 2012-2021թթ կառավարությունների ծրագրերում․ Ի՞նչ խմբագրումներ են կատարվել

2018թ-ին Նիկոլ Փաշինյանի Կառավարության ծրագրում Թուրիքայի հետ հարաբերությունների կարգավորման մասին առանձին պարբերություն չկա, սակայն անդրադարձ կա Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը շարունակելու քաղաքականությանը։ Կառավարության այս տարվա ծրագիրը, որը դեռ քննարկվում է Ազգային ժողովում, առանձին պարբերություններով անդրադառնում է թե՛ Թուրքիայի հետ հարաբերությունների կարագավորմանը, թե՛ Ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերին։ Մասնավորապես, ծրագրում նշվում է, որ Հայաստանը պատրաստակամ է առանց նախապայմանների ջանքեր գործադրել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։Միաժամանակ, կառավարությունը շարունակելու է Ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունը։

«Ցեղասպանության միջազգային ճանաչումը Կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին»,- նշված է  կառավարության 2021-26թթ ծրագրում։

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ՝ Թուրքիան հարկադրման քաղաքականություն է վարում, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ այդ քաղաքականությունը դարձավ թշնամական։ Օգտվելով մեր աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից՝ հարկադրում է փոխել արտաքին քաղաքականությունը։  Իսկ առանց նախապայմանների հարաբերութոյւնների կարգավորմանը պատրաստ չէ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա։

 «Թուրքիան ոչ միայն պատրաստ չի, այլ ամեն ինչ անում է, որ Հայաստանի վրա ճնշումն ուժեղացնի։ Չեմ կարծում՝ ներկա փուլում, տեսանելի ապագայում, կարող ենք հույս ունենալ, որ հարաբերությունները կհաջողի կարգավորել, որովհետև Թուրքիան ցանկություն չունի»,- ասում է Սաֆրաստյանը։

Հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման մասին խոսվում է 2017-2022թթ Կառավարության ծրագրում։ Նաև նշվում է  Հայաuտանի տնտեսական կայուն զարգացմանը նպաստելու,  երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման մասին՝ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, արտաքին հարաբերություններում տնտեսական բաղադրիչի ընդլայնման միջոցով։  2012-ի ծրագրի համաձայն՝ Կառավարությունը հանձն է առնում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին շարունակել միջազգային ճանաչման գործընթացը, ապա հավելում է․ «Կառավարությունը շարունակելու է ջանքեր գործադրել  Հայաստանի Հանրապետության երկու հարևանների կողմից շրջափակումը վերացնելու, դրա բացասական հետևանքները հաղթահարելու ուղղությամբ»։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի դիտակմամբ՝ հայ-թուրքական հարաբերությունները ակտիվացել էին ֆուտբոլային դիվանագիտության ընթացքում։ Սակայն հետագայում փակուղի մտան, քանի որ Թուրքիան պատրաստ չէր առանց նախապայմանների երկխոսելու։ Նրա խոսքով՝Թուրքիան ագրեսիվ քաղաքականություն է վարում և խնդիրներ ունի ոչ միայն Հայաստանի, այլև Կիպրոսի, Հունաստանի, Սիրիայի, Լիբիայի հետ։ Եթե սկզբնապես պայման էր դրվում Ադրբեջանին հանձնել յոթ շրջան, ապա վերջին տարիներին անգամ այդ պահանջը չկար։ Վերջին պատերազմում Թուրքիայի ներգրավածությունը խոսում է այդ երկրի թշնամական դիրքորոշման մասին։ Առանց նախապայամանների գործընթացներին և ֆուտբոլային դիվանագիտությանը դեմ էին բազմաթիվ քաղաքական ուժեր։

«Գործող իշխանությունները ծանր պատերազմից հետո փորձում են մթնոլորտ փոխել, դժվարանում եմ ասել՝ կաշխատի, թե ոչ։ Ի վերջո, հայ-թուրքական հարաբերություններում Ղարաբաղի յոթ շրջանը վերադարձնելու խոչընդոտը դուրս եկավ խաղից, ուրեմն դրա վրա կարելի է խաղալ»,- կարծում է քաղաքագետը։

Հայ-թուրքական հարաբերությունների դինամիկան բացասական է։  Թուրքիայի համար Ցեղասպանության ճանաչումը շարունակում է լինել կնճռոտ հարց։ Քաղաքագետի դիտարկմամբ՝ այս հարցը Կառավարության ծրագրում  ներառելով՝փորձում են շոշափել նաև Թուրքիայի մոտեցումները։  Գրիգորյանը հիշեցնում է՝ այսօրվա Էրդողանը 10 տարի առաջվանը չէ։ Անգամ գերտերությունների ղեկավարներն են դժվարանում բանակցել նրա հետ։ Թուրքիան ուժեղ կողմն է, ուստի հարաբերությունների կարգավորումը հնարավոր է նախ նրա ցանկության դեպքում։ Իսկ Հայաստանը, թեև պատրաստ է կարգավորման ճանապարհով գնալ, պետք է հասկանա՝ ի՞նչ գնով է խաղաղության հասնելու, և, արդյո՞ք, պատրաստ է  հասարակությունը այդպիսի խաղաղության։

 «Եթե ծրագրում գրում ես՝ Ցեղասպանության ճանաչման ճանապարհով ենք գնում, ապա ինչ-որ չափով դա հակասում է նրան, որ Թուրքիայի հետ առանց նախապայմանների պետք է աշխատենք։ Այդ հակասությունը եղել է և՛ նախկինում, և ՛ հիմա, բայց դա օբյեկտիվ է։ Մենք չենք կարող հրաժարվել Ցեղասպանության ճանաչումից, մեզ համար դա սկզբունքային հարց է։ Պարզ է՝ Թուրիքան դրա հետ չի համաձայնվի։ Ենթադրում եմ՝ եթե նույնիսկ հրաժարվենք Ցեղասպանության ճանաչումից, թուրքերը դարձյալ չեն համաձայնվի բարելավել հարաբերությունները։ Այստեղ դժվար է ասել, քանի որ ուժեղ կողմը Թուրքիան է,  նա է թելադրում խաղի կաոնները»,- ասում է Գրիգորյանը։  

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը հակասություն չի տեսնում «հարաբերությունների կարգավորում՝առանց նախապայմանների» և «շարունակելու ենք Ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը» դրվագների միջև։ Հայաստանի համար անընդունելի են այս նախապայմանները, ուստի բանակցությունները ձախողվեցին հենց Թուրքիայի նախաձեռնությամբ։ Թուրքագետը կարևորում է նաև հատուցման հարցը։

 «Պահանջելով Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը  աշխարհի և Թուրքիայի կողմից չպետք է նաև մոռանանք հատուցման մասին։  Հանցագործությունը պետք է պատժվի, և եթե հանցագործները հիմա գոյություն չունեն, ապա պետք է պատժվի այն պետության իրավահաջորդը, որտեղ տեղի է ունեցել Ցեղասպանությունը, ասյինքն՝ ժամանակակից Թուրքիայում։ Հատուցումը տարբեր ձևերով կարող է լինել, պետք է աշխատենք այդ ուղղությամբ, չսահմանափակվենք միայն ճանաչելով»,- նշում է թուրքագետը։

Փորձագետները հիշեցնում են․ տարիներ շարունակ դիվանագիտական հարաբերությունները կարգավորելու համար Թուրքիան երեք նախապայման է ներկայացրել․ Հայաստանը պետք է հրաժարվի Ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից, Արցախի ժողովրդի իրավունքները պաշտպանելուց և վերահաստի Կարսի պայմանագիրը։ Պաշտոնական Երևանի համար մինչ օրս այս նախապայմաններն անընդունելի են։

Back to top button