ԿարևորՀասարակություն

Կառավարության ծրագրի քննարկումը՝ անվտանգության աշխատակիցներով ու ծեծկռտուքով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգտվեց ԱԺ կանոնակարգով սահմանված 3 ժամից և ամբողջությամբ այն օգտագործեց ներկայացնելու համար կառավարության հնգամյա ծրագիրը։ 106 էջ և 6 բաժին․ քայլերի հաջորդականությունը ներկայացված է «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն», «Տնտեսություն», «Ենթակառուցվածքների զարգացում», «Մարդկային կապիտալի զարգացում», «Իրավունք և արդարադատություն», «Ինստիտուցիոնալ զարգացում» բաժիններում:

Կառավարության ծրագիրը ներկայացվում է բարդ և արտառոց պայմաններում,- խոստովանել է վարչապետը՝ թվարկելով հետպատերազմական վիճակը, տարածաշրջանի լարված պայմանները։ Այդ համատեքստում նա հնչեցրել է պատերազմում Հայաստանի ունեցած մարդկային կորուստի նոր թվեր՝ 3773 զոհ, 243 անհետ կորած։

Կառավարության ծրագրի քննարկումը, սակայն, պարբերաբար լարվում էր․ բողոքի ակցիաներ, ծեծկռտուք և անգամ վնասվածքներ ստացան պատգամավորները։   

Կառավարության հնգամյա ծրագրի ներկայացման օրը ամենաշատ աշխատանքը ԱԺ-ի շենքում բաժին հասավ Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին։ «Ուժային» աշխատողները շատ էին շենքի տարբեր հատվածներում, քանի որ նիստն ուղեկցվում էր տարբեր բողոքի ակցիաներով՝ նիստերի դահլիճում, լրագրողների օթյակում։ Լրագրողները նախկին լրագրող վարչապետից պահանջում էին վերանայել աշխատանքի սահմանափակումները խորհրդարանի շենքում, անվտանգության աշխատողները անգամ օթյակում փորձում էին պոկել ապակուն փակցվող պաստառները։  

Նիստերի դահլիճում  «Հայաստան» խմբակցության հատվածում բացակայող պատգամավորներ Մխիթար Զաքարյանի, Արմեն Չարչյանի և Արթուր Սարգսյանի աթոռներին գործընկերները փակցել էին «քաղբանտարկյալ» գրությունը։ Ընդդիմադիր երկրորդ ուժի՝ «Պատիվ ունեմ»-ի անդամները՝ կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ի նշան բողոքի լքեցին դահլիճը՝ խոստանալով վերադառնալ հարցերի և ելույթների համար։ Իսկ երբ դրա հնարավորությունը եղավ, պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցը հերթական պատժամիջոցի պատճառ դարձավ։ Որպես հետևանք՝ նիստերի դահլիճում գրանցվեցին վեճ, ծեծկռտուք և մարմնական վնասվածքներ։

Ընդդիմադիր պատգամավորները պատրաստվում են դիմել իրավապահներին, տուժել են «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը և «Պատիվ ունեմ»-ից՝ Աննա Մկրտչյանը։ Մինասյանը փորձում էր թույլ չտալ, որ անվտանգության աշխատողները ուժ կիրառելով դահլիճից դուրս հանեն Աննա Մկրտչյանին․

Արծվիկ Մինասյան «Պատռվել է վերնաշապիկը, հարված ստացա ճակատիս, ոտքերիս։ Ես կարծում եմ, որ ծառայության պետը թույլ է տվել օրենքի խախտում, հանցագործություն է կատարել՝ ոչ միայն ցուցումներ տալով, այլ նաև անմիջական ներգրավվելով անհամաչափ ուժի կիրառմանը»։

Աննա Մկրտչյան «Վնասվածքներ ունեմ վզիս հատվածում, ձեռքերիս, ոտքերիս»։    

Այս իրադարձությունների ականատես Նիկոլ Փաշինյանը իր գնահատականը կատարվածին և անվտանգության աշխատակիցների գործողություններին տվեց  արտահերթ ընդմիջումից հետո․

 «Ուզում եմ քաջալերել նրանց շարունակել պահպանել ԱԺ բնականոն գործունեությունը ԱԺ նախագահի հրահանգներին համապատասխան։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՊՊԾ–ին՝ օրենքով սահմանված ծառայական պարտականությունները հստակ կատարելու համար։ Ես պարզապես նրանց շատ խիստ հրահանգել եմ, որ որևէ մեկին, առավել ևս՝ զուգարաններում, հանկարծ անզգույշ չքաշքշեն»։

Սա ասելով Փաշինյանը ընդդիմադիր գործիչներին հիշեցրեց դատարանում ընթացող դատավարության մասին՝ տարիներ առաջ «Պոպլավոկ» սրճարանում սպանության հայտնի դեպքի վերաբերյալ։

Վարչապետ-պատգամավորներ հարցուպատասխանը  շարունակվեց։ Ընդդիմադիրները վարչապետին հիշեցնում էին չիրականացրած խոստումներն ու պատերազմում գրանցած պարտությունը, հիշեցնում էին ֆեյսբուքյան հրապարակումներ, ցույց տալիս տարբեր նկարներ, նաև այնպիսիք, որոնք արգելվում էր հրապարակել ռազմական դրության ժամանակ։

T

 «Շնորհակալ եմ, որ այդ թուղթը բարձրացրեցիք և հիշեցրիք, այդ բոլորը ՀՀ քաղաքացին տեսել է։ Շատ ճիշտ կլիներ, որ դուք հիմա հանեիք մի թուղթ, որը մարդը չի տեսել։ Ձեզ թվում է, որ դուք ինձ ասեք ես մեղավոր եմ, թե մեղավոր չեմ, ես պետք է ասեմ՝ վայ, չէ, ես մեղավոր չե՞մ։ Որ ասեք պատասխանատու ես, ասելում եմ՝ չէ՞։ Ես եմ ասել, որ պատասխանատու եմ։ Իմ ասածը ուրիշ բան է։ Ես առաջարկում եմ այն հարցերին, որոնց պատասխանը ընտրությունների արդյունքով տրվել են, այդ հարցերին եկեք չանդրադառնանք, անընդհատ այդ կետի վրա չմնանք։ Եկեք ձևակերպենք օրակարգը և գնանք առաջ»։

Իսկ առաջ գնալու համար հստակ ձևակերպումներ և նպատակ գործադիրը դրել է կառավարության հնգամյա ծրագրում։ Առաջիկա տարիներին կառավարության առաջնային ծրագրերից է տարածաշրջանային կայուն և խաղաղ միջավայրի ձևավորումը, ապաշրջափակումը, բանակի վերակառուցումը և աստիճանական անցումը պրոֆեսիոնալ բանակի։ 

Կառավարության հաշվարկով՝ լրջագույն հնարավորություն է ստեղծվել ճեղքել տասնամյակներ տևող շրջափակումը։ Ըստ Փաշինյանի՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ աշխատանքային խումբը ավելի ակտիվ պետք է աշխատանքի և կոնկրետ արդյունքներ արձանագրի։ Վարչապետն ընդունում է, որ գործընթացը որոշակի շեղվում է «միջանցքների» մասին տարատեսակ սադրիչ հայտարարությունների պատճառով։ Հաստատում է՝ եռակողմ ոչ մի հայտարարությունում չկա «միջանցքային» որևէ գաղափար։ Իսկ ընդհանրապես, կառավարության ծրագրով Հայաստանը որդեգրելու է տարածաշրջանի խաղաղության օրակարգը։ Սա, թերևս, առանցքային կետն է, որով գործող կառավարության ծրագիրը տարբերում է մյուս բոլոր կառավարությունների ծրագրերից։

«Քավ լիցի, խոսքը որևէ բան մոռանալու, ուրանալու, եղբայրանալու, բարեկամանալու մասին չէ։ Խոսքը մի պարզ հարցի պատասխան գտնելու մասին է․ ի՞նչ ենք մենք անում կամ անելու թշնամանքի մթնոլորտի հետ՝ խորացնելո՞ւ ենք այն, խնդիր ենք դնելու ոչնչացնե՞լ նրանց ում թշնամի ենք համարում, հասկանո՞ւմ ենք, որ նույն խնդիրը նրանք են դնելու, եթե անգամ արդեն իսկ դրել են այդ խնդիրը իրենց առաջ պատրաստվո՞ւմ ենք արդյոք այդ սպառնալիքի կառավարումը մեր ամենօրյա օրակարգի ու աշխատանքի մաս դարձնել։ Բայց միևնույն ժամանակ մենք չենք հերքել և չենք հերքում, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման որոշակի ռիսկեր պարունակում է Հայաստանի պետական շահերի համար և սա է պատճառը, որ կառավարության ծրագրում նշել ենք, որ ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը, միաժամանակ այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի այլ անվտանգային և կենսական շահերի հաշվին»։

Բանակի վերակառուցումը ծրագրելիս կառավարությունը առաջնորդվել է այն սկզբունքով, որ Հայաստանը տարածքներ նվաճելու, պատերազմ սկսելու որևէ մտադրություն չունի: Ռազմավարական առումով Հայաստանը անցում է կատարում պրոֆեսիոնալ բանակի, էականորեն կփոխվի զորահավաքային ու ժամկետային զինծառայության կառուցվածը: Կառավարությունը կարևոր է համարում նաև բանակի տեխնոլոգիական արդիականացումը, ավտոմատացված կառավարման համակարգի ներդրումը։

Վարչապետի խոսքով, այս բնագավառում կառավարության նպատակն է իրականացնել շարունակական բարեփոխումներ, որոնք կապահովեն հանրապետության զինված ուժերի կողմից սահմանադրական առաքելության կատարումը:

Կառավարության ծրագիրը խորհրդարանը կքննարկի նաև վաղը։

Back to top button