ԿարևորՀասարակություն

«Ծիրանի ծառ»-ը ճյուղեր է տալիս․ միջազգային կինոփառատոն՝ Ուջանում

«Ծիրանի ծառ» 7-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի մեկնարկեց հայ-իրանական «Ուջանյան պատմություն» ֆիլմով։ Իրանցի ռեժիսոր Շահրամ Բադախշան Մեհրի ֆիլմը փառատոնի կարևորագույն ձեռքբերումներից է։ Շահրամն առաջին անգամ Ուջան է եկել 2017-ին՝ մասնակցելու 3-րդ փառատոնին։ Ծանոթանալով Ուջանի մթնոլորտին և  իրեն հյուրընկալած Մանվելյանների ընտանիքին՝ Շահրամը 2019-ին վերադարձել է և փառատոնի աջակցությամբ լիամետրաժ ֆիլմ նկարել։ Կինոփառատոնի տնօրեն Գարեգին Զաքոյան․

«Ֆիլմի ռեժիսորը, իրանցի Շահրամը 2017-ին մեր փառատոնի ընթացքում գլխավոր մրցանակի էր արժանացել։ Գիտեք՝ մեր հյուրերը գյուղում են ապրում, գյուղացիների տներում, դա հնարավորություն է տալիս, որ իրենք ավելի մոտիկից, ավելի բնական ձևով ծանոթանան մարդկանց։ Մեկ շաբաթ ապրելու ընթացքում իր մոտ միտք է ծնվում՝ ֆիլմ նկարել իրեն հյուրընկալողների և գյուղի մասին»։

Փառատոնի ընթացքում տեղի կունենա նաև Արա Մածունյանի «Վարպետ Էդդին» ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Լիբանանից ԱՄՆ գաղթած Էդդի Յակուբեանը 9 տարեկանից կոշիկ է նորոգում։ «Եթե Էդդին չկարողանա նորոգել, ուրեմն ոչ ոք չի կարող»,- պնդում են նրա հաճախորդները։ Թվայնացման դարաշրջանում Էդդիի արհեստավարժությունն ու մարդասիրությունը հիշեցում են համաշխարհային մշակութային փոփոխության մասին։ «Վարպետ Էդդի»-ն ներկայացնում է կոշկակարի պատմությունը՝ «մեխ առ մեխ» փոխանցելով նրա պրագմատիկ կենսափիլիսոփայությունը։ Պատմում է Գարեգին Զաքոյանը․

«Շատ պարզ, ամենասուղ միջոցներով պատմում է այդ մարդու կյանքը ինչպե՞ս են հայտնվել այդ երկրում, ինչպե՞ս են ապրում։ Առօրյա է, բայց շատ հետաքրքիր է նայվում։ Եվ այդ կոշկակարը ֆիլմի հերոս է դառնում, որին մենք հետևում ենք, սիրում ենք, վերապրում ենք նրա ամենօրյա ցավերն ու ուրախությունները»։ 

 Փառատոնի փակման օրը՝ օգոստոսի 29-ին, կցուցադրվի Կարեն Գևորգյանի «Երկընտրանքը» ֆիլմը՝ նկարված 2000թ.։ Այն պարունակում է բացառիկ կադրեր Արցախյան առաջին պատերազմից։ Հեղինակը չի կիսում ընդհանուր խանդավառությունը և փորձում է հասկանալ՝ ինչպե՞ս պետք է կնքել հաղթանակը և անցնել իսկապես խաղաղ կյանքի։ Առաջին պատերազմի հաղթանակից հետո նկարահանված ֆիլմը ցուցադրվելու է Արցախյան երկրորդ պատերազմի պարտությունից հետո։ Կինոփառատոնի տնօրեն Գարեգին Զաքոյանի խոսքով՝ ռեժիսորի մտավախություններն իրականություն դարձան․

«Ֆիլմը նկարահանվել է հենց այն ժամանակ, բայց 20 տարի չի ցուցադրվել, և այսօր ֆիլմը շատ ակտուալ է, կարծես հիմա է նկարել։ Այսօրվա տրամադրություններն ավելի շատ են ֆիլմում, քան 90-ականներին կարող էր լինել։ Երևի հենց դա է պատճառը, որ չի ցուցադրվել ֆիլմը։ Այն ժամանակ նա արտահայտում էր իր մտավախությունը, որը,  կարծես, չպետք է ունենար։ Այդ մտավախությունները իրականություն դարձան այս պատերազմի միջոցով։ Տեսանք՝ իրոք, խնդիր ունեինք, որի մասին չէինք մտածում»։

Օգոստոսի 26-ին, ֆրանսիացի ականավոր ռեժիսոր Քրիս Մարկերի 100-ամյակի օրը, կցուցադրվեն նրա «Դիտահարթակը», «Առանց արև» և «Անդրեյ Արսենևիչի մեկ օրը» ֆիլմերը:

Փառատոնի փակման արարողությունից հետո կցուցադրվեն նաև Ուջանի կինոդպրոցի սաների ստեղծած ֆիլմերը:

Back to top button