Էվոլյուցիա

Ինչպես կհաղորդակցվեն մարդիկ միմյանց հետ. ապագայի լեզուն․«Էվոլյուցիա»

19-րդ դարի վերջին աշխարհը փորձ արեց խոսել, սովորել, գրել ու կարդալ մեկ լեզվով։ Այս փորձը ձախողվեց, փոխարենն այսօր վերադառնում են այն վարկածները, որ ինչ-որ մի օր ողջ մարդկությունը կսկսի խոսել մեկ լեզվով և Բաբելոնի աշտարակաշինության հայտնի պատմությունը կդառնա վկայագիր, որ ինչ-որ ժամանակ մարդիկ սկսել են խոսել տարբեր լեզուներով  և չեն հասկացել իրար։ Հնարավո՞ր է, որ գլոբալիզացիայի արդյունքում աշխարհը ընտրի մեկ՝ համընդհանուր հաղորդակցման լեզու, արդյո՞ք կիրականանան մի շարք մասնագետների վարկածներ, ըստ որի գրավոր լեզուն առհասարակ դուրս կգա կիրառությունից։

Էսպերանտո լեզվի դրոշը

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հրեական ծագմամբ լեհ բանասեր Լյուդվիկ Լազարուս Զամենհոֆը ստեղծեց արհեստական լեզու՝ Էսպերանտոն, որը պիտի դառնար մարդկության համար մեկ ընդհանուր լեզու՝ ճամփորդության, մշակույթի, գիտության, կրթության և մնացած ոլորտների համար։ Փորձը ձախողվեց․ ոչ մի պետություն էսպերանտոն չճանաչեց։

«Մի կողմից գնում է գլոբալիզացիա, որ բոլորս խոսենք մի լեզվով, մյուս կողմից հակառակ բանն է տեղի ունենում, որքան էկզոտիկ, այնքան հետաքրքիր, փորձ արեցին չէ ախր էսպերանտոն ստեղծել, բայց դա չդարձավ համընդհանուր լեզու, այստեղից հետևություն աշխարհը չի կարող խոսել մեկ լեզվով և առհասարակ արհեստական լեզուները չեն կարող փոխարինել բնական լեզվին»,- ասում է Բանասիրական գիտությունների թեկանծու Արևիկ Քամալյանը։

Տեխնիկայի դարաշրջանն ազդում է նաև բնական լեզուների վերաձևավորման վրա։ Ըստ սոցիոլոգ Արթուր Աթանեսյանի ապագայում գրավոր լեզուն դուրս կմնա կիրառությունից, մարդն այլևս կարիք չի ունենա որևէ բան գրելու․

«Շատ ավելի պարզունակ լեզուներ են լինելու, գրավոր լեզուն դանդաղ մեռնում է, անգամ այսօր շատ մարդիկ հաղորդակցվում են բանավոր լեզվով և ոչ թե գրավոր»,-ասում է սոցիոլոգը։

Փիլիսոփա Մովսես Դեմիրճյանն ասում է՝ այսօր արդեն լեզուն սկսել ենք օգտագործել այնքանով, որքանով այն անհրաժեշտ է հաղորդակցության համար, ժամանակակից մարդը չի սիրում երկար տեքստեր գրել կամ լսել և այս միտումը շարունակվելու և խորանալու է ապագայում։

«Տեխնիկայի զարգացումը ազդում է բնական լեզվի վրա, մենք օգտագործում ենք լեզուն տեխնիկայի տրամաբանությամբ,  տեխնիկական զարգացումը ենթադրում է կարճ ժամանակահատվածում շատ ինֆորմացիա փոխանակել, դրա համար մենք բարդ նախադասություններ չենք օգտագործում, կարճ ենք գրում, անգամ չենք գրում՝ սմայլիկներ ենք օգտագործում` մեր էմոցիաները արտահայտող»,-ասում է Փիլիսոփայական գիտությունների թեկնածու Մովսես Դեմիրճյանը։

Մասնագետները տարբեր կանխատեսումներ են անում՝ գուցե նորից փորձ արվի արհեստական լեզու ստեղծել և հեշտացնել մարդկանց կյանքը, բայց բնական լեզուն, մշակույթը ամենայն հավանականությամբ նորից հաղթող դուրս կգա։ Իսկ բնական լեզուները պահպանելու համար տվյալ ազգը, պետությունը պիտի ձեռնարկի քայլեր, այս համատեքստում հայերենը ևս ունի մարտահրավերներ, ասում են մասնագետները, պետությունը և յուրաքանչյուր հայ աշխարհի որ ծայրում էլ լինի, պատասխանատվություն պիտի ստանձնի հոգալ մայրենի լեզվի գոյության համար։

Back to top button