
Հայաստանում ներդրողների համար պետք է լինեն հատուկ պայմաններ, ասում է կանադաբնակ Ազատ Վարդանյանը։ Նա ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կազմակերպած «Ի գործ» ծրագրի շրջանակներում աշխատում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հանրային ներդրումների վարչությունում։
«Քովիդի պանդեմիան, պատերազմը և այս տարածաշրջանը առհասարակ, դժվարություններ են առաջացնում պետության տնտեսության զարգացման համար։ Հաշվի առնելով այս իրավիճակը` պետք է ներդրումներ իրականացնողների համար ստեղծել լավ պայմաններ, իսկ նրանք, որոնք արդեն այստեղ են, որոշակի համաներումներ իրականացնել»,- ասում է Ազատ Վարդանյանը։
Կանադաբնակ երիտասարդը նկատում է, որ այսօր նախարարություններում և կազմակերպություններում աշխատում են բանիմաց մասնագետներ, որոնց պետք է առաջընթացի հնարավորության տալ` դրական արդյունքներ գրանցելու համար։
«Մեր բաժնի աշխատակիցները, որոնցից շատերը երիտասարդներ են, գիտեն իրենց գործը։ Սակայն ներդրումների հոսք ունենալու համար աշխատանքները, քննարկումները և զրույցները պետք է ավելանան։ Գուցե այսօր դրանց արդյունքները տեսանելի չեն, բայց ապագայում անպայման կերևան»,- համոզված է Ազատ Վարդանյանը։ Այս տարի խոշոր ներդրումային ծրագրեր գրեթե չեն եղել։ «Ամեն ինչ առջևում է, ժամանակի ընթացքում դրանք էլ կլինեն, եթե , իհարկե, հաշվի առնենք միջազգային փորձն ու գործին ճիշտ մոտենանք»,- վստահ է նա։
Հիշում է տարիներ առաջ կանադական կազմակերպության՝ Հայաստանի մարզերից մեկում նախաձեռնած ներդրումային ծրագիրը, որը ձախողվեց, ընկերության սեփականատերերը վաճառեցին այն և վերադարձան Կանադա։ «Նման իրավիճակներից պետք է խուսափել և օրենքի սահմաններում հնարավորություն տալ օտար ներդրողների աշխատել մեր երկրում»,- ասում է Ազատ Վարդանյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հանրային ներդրումների բաժնի աշխատակից Ազատ Վարդանյանը նաև հայ- կանադական առևտրաարդյունաբերական պալատի հիմնադիրն է։ Նա կարծում է, որ երկրին այսօր պետք է համախմբվածություն և նպատակային աշխատանք։