ԿարևորՀասարակություն

Գիրք և աջակցություն՝ սահմանամերձ բնակավայրերի դպրոցներին

Կապանի մշակույթի կենտրոնի դահլիճը երկուշաբթի մարդաշատ էր։ Այստեղ էին Սյունիքի 9 սահմանամերձ բնակավայրերի դպրոցների սովորողները, մանկավարժներն ու ծնողները։ Առիթը «Գիրք՝ սահմանին» և «Սահմանի աշակերտի կողքին» ծրագրերի ավարտն էր։

«Տետր, գիրք, սաղ տետր ա սրա մեջ, էլի գիրք». Անին ու Դավիթը նոր ուսումնական տարվա շեմին ստացած նվերն են տնտղում։ Պայուսակ է՝ լցված գրենական պիտույքներով։ «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը Կապանի տարածաշրջանի 9 գյուղերում իրականացրել է «Գիրք՝ սահմանին» և «Սահմանի աշակերտի կողքին» ծրագրերը։ Սյունիքի մարզպետարանի կրթության վարչության պետ Հայկ Հարությունյանն ու հիմնադրամի տնօրենը եղել են  բոլոր սահմանամերձ գյուղերում, ուսումնասիրել կարիքները։  Այդ գյուղերի 1-ից 4-րդ դասարաններում սովորող 70 աշակերտ ստացավ պայուսակ՝ գրենական պիտույքներով։ Հիմնադրամի տնօրեն  Մհեր Հովհաննիսյան․

«Գիրք՝ սահմանին» ծրագիրը նպատակ ունի  աջակցել գյուղի դպրոցների գրադարանին՝ գեղարվեստական, մասնագիտական և դպրոցական ծրագրին համահունչ գրականություն տրամադրելով։  Ձեռք ենք բերել 83 անուն գիրք ՝ ամեն դպրոցի համար։ Ամենակարևորը՝ երեխան դասարանում դասը սովորելուց հետո գա ընթերցասրահ, կարդա լրացուցիչ գրականություն»։

Դավիթ Բեկի դպրոցում 35 աշակերտ է սովորում։ Տնօրեն Վրեժ Բալայանը, չբացելով փակագծերը, վստահեցնում է՝ աշակերտների թիվը սեպտեմբերին կավելանա։ Ասում է՝ գյուղական դպրոցը նման ծրագրերի կարիք ունի։ Վրեժ Բալայան․

«Սրա նպատակն է օգնել ծնողներին ֆինանսապես։ Գրքերն էլ անպայման օգուտ կտան աշակերտին, կզարգացնեն սերը գեղարվեստական գրքի նկատմամբ»։

Գեղանուշ սահմանային բնակավայրի դպրոցը 73 աշակերտ ունի։ Անցած ուսումնական տարում Արցախից տեղահանված 16 երեխա եկավ դպրոց։ «Գիրք ստանալով՝ դպրցում ուրախ են, բայց ժամանակակից աշակերտը գիրք չի կարդում»,-տնօրեն Գայանե Գրիգորյանն է անկեղծանում․

«Անկեղծ ասած՝ չեն կարդում  գիրք, համացանցով են հետեում, բանավոր խոսքը զարգացած չէ մեր աշակերտների։ Կարծում եմ՝ խթան կլինի, որ աշակերտները կարդան գրքերը»։

Ագարակի դպրոցում պատերազմների ժամանակ դասերը չեն ընդհատել։ Դպրոցը գյուղին կենդանի է պահում, -ասում է դասվար Մարինե Շիրինյանը, որը նաև ծնող է՝ բոլորի պես մտահոգ սեպտեմբերի 1-ի հոգսերով․ 

«Սա մեծ օգնություն է։ Բոլորը գիտեն՝ էս սեզոնին ծնողը ինչքան գումար է ծախսում, մեծ օգնություն է սա, մի բան պակաս կառնենք»։

Սեպտեմբերը մոտենում է, կրակոցները սահմանին չեն դադարել, ավելին, դարձել են սովորական նաև երեխաների համար։ Կրակոցներից դավիթբեկցի Դավիթը չի վախենում.«Ես վաբշե վախում չեմ, մաման ա վախում։ Հա, մի անգամ որ նայում էի, ոնց որ սայլուտ լինեն կրակոցները»։

Back to top button