ԿարևորՔաղաքական

Կառավարության ծրագրի քննարկումը՝ ակնկալվող թեժ մթնոլորտում

Օգոստոսի 24-ին կվերսկսվի Ազգային ժողովի 8-րդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը: Նորընտիր խորհրդարանը  չէր սպառել օգոստոսի 2-ին սկսված նստաշրջանի օրակարգը և վաղը շարունակելու է այն Կառավարության հնգամյա ծրագրի քննարկմամբ։

Սահմանադրության պահանջով՝ կառավարությունը ձևավորումից հետո 20 օրվա ընթացքում գործադիրը ԱԺ հաստատմանը պետք է ներկայացնի առաջիկա հինգ տարիների գործունեությոն ծրագիրը։

Փաստաթուղթը հաստատվել է գործադիրի օգոստոսի 18-ի նիստում և արդեն ուղարկվել է ԱԺ։ 6 բաժնից բաղկացած ծրագրի քննարկումն, ըստ էության, կառավարության ղեկավարի և նորընտիր խորհրդարանի  առաջին  աշխատանքային հանդիպումն է լինելու Ազգային ժողովում։

Ուշագրավ է, որ քննարկումից մեկ օր առաջ կրկին սրվել են ընդդիմություն-իշխանություն փոխհարաբերությունները։ Առիթը «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Արմեն Չարչյանին կալանավորելու դատարանի որոշումն է։

106 էջում և 6 բաժնում  Կառավարությունը ներկայացրել  է այն, ինչ ծրագրում է իրագործել առաջիկա 5 տարիներին Հայաստանում։ Քայլերի հաջորդականությունը ներկայացված է «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն», «Տնտեսություն», «Ենթակառուցվածքների զարգացում», «Մարդկային կապիտալի զարգացում», «Իրավունք և արդարադատություն», «Ինստիտուցիոնալ զարգացում» բաժիններում:

Փաստաթղթից պարզ է դառնում ոչ միայն այն, թե ինչ է անելու գործադիրը, այլ նաև այն, թե ինչն է դուրս մնալու հնգամյա գործունեության շրջանակից։  Դատաիրավական համակարգի բարեփոխման կոշտ մոտեցումներ ենթադրող «վեթինգը», որը շատ էր օգտագործվում հեղափոխությունից հետո, աստիճանաբար դուրս է գալիս կիրառությունից։ Ծրագրում ոլորտի բարեփոխման այլ մոտեցումնե են ներկայացվում։

Չեն լինի նաև սահմանադրական փոփոխություններ, թեև անցյալ տարվա փետրվարին վարչապետի հրամանով ստեղծվել էր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որի աշխատանքը շարունակվեց մինչև պատերազմը։ Վերջին անգամ Սահմանադրության բարեփոխումների մասին հանրապետության ղեկավարները խոսել էին Սահմանադրության օրը՝ հուլիսի 5-ին։ Հանրապետության նախագահը նշել էր, որ անփոփոխելի առաջին 3 հոդվածից բացի՝ Սահմանադրությունը ոչ թե ստատիկ, այլ՝ դինաամիկ փաստաթուղթ է, հետևաբար, ըստ նախագահի, այն պետք է համապատասխանի օրվա մարտահրավերներին։

Վերջին 3 տարիներն ակնհայտ դարձեցին, որ գործող Սահմանադրության առանձին դրույթներ չեն նախատեսում լավագույն լուծումները երկրի ու հասարակության առաջ ծառացած մարտահրավերներին ու ճգնաժամերին արագ, լիարժեք ու հավասարակշռված արձագանքելու համար՝ կարծում էր նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա որոշակի վերապահումներ ուներ  նաև նախագահի սահմանափակ լիազորությունների վերաբերյալ։   

Թեև կառավարության հնգամյա ծրագիրը պատրաստ է, բայց Սահմանադրության փոփոխության «դուռը» ամբողջությամբ փակված չէ։ Քննարկումներ դեռ կլինեն, խոստացել է վարչապետը․

«Մենք ծրագրում սահմանադրական փոփոխությունների թեման ձևակերպել ենք՝ որպես բաց քննարկման հնարավորություն։ Շատ է խոսվում այն մասին, թե արդյոք պետք է փոխե՞նք երկրում կառավարման համակարգը, թե՝ պետք է կառավարման համակարգի որոշակի բարեփոխումների ճանապարհով գնանք։ Մենք ծրագրում որևէ կանխավարկած չենք դրել։ Մեր կանխավարկածն այն է, որ քաղաքական, հանրային շրջանաների հետ պետք է ունենանք քննարկումներ։ Այն, որ սահմանադրական կառուցակարգերի մեջ մենք ունենք պրոբլեմներ, մենք ականատես եղանք նաև վերջին 7-8 ամիսների ընթացքում»։  

Եթե կառավարության հնգամյա ծրագիրը դիտարկենք ամբողջության մեջ, որի բաղադրիչ է նաև անվտանգության հայեցակարգը, ապա երկու փաստաղթերի մեջ  որոշակի հակասություններ կնկատենք։ Ցանկացած պետության անվտանգության ռազմավարության մեջ նշվում են «բարեկամ» և «թշնամի» երկրները, ըստ այդմ էլ՝ կառուցվում են փոխադարձ հարաբերությունները։ Մեր դեպքում ռազմավարության մեջ որպես «թշնամի» պետություն ամրագրված է Թուրքիան։ Սակայն, կառավարության  հնգամյա ծրագրի կարևորագույն նպատակներից մեկը «տարածաշրջանային կայուն միջավայրի» ձևավորումն է։ Ըստ ծրագրի դրույթներից մեկի՝  «Հայաստանը մշտապես պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերության կարգավորմանը, որը բխում է տարածաշրջանի կայունության զարգացման շահերից։ Այսօր էլ ՀՀ-ն պատրաստակամ է ջանքեր գործադրելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, աստիճանաբար բնականոն հարաբերություններ հաստատելու  նպատակով»։

Արդյո՞ք անվտանգության հայեցակարգը փոխվելու է և արդյո՞ք փոխվելու է նաև դիրքորոշումը Թուրքիայի հանդեպ․ հարցի պատասխանը Հանրային հեռուստաընկերության եթերում տվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը․

«Շուտով մենք պետք է թարմացնենք Ազգային անվտանգության ռազմավարությունը, նաև՝ ռազմական դոկտրինը․ այս հարցերի բոլոր պատասխանները այնտեղ կլինեն։ Հայաստանի բոլոր իշխանությունները կողմնակից են եղել, որ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ սկսվեն։ Ընդհանուր տարածաշրջանային ապաշրջափակումը, որի մասին նշում կա նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, ինչպես նաև հստակեցված է հունվարի 11-ի հայտարարությունում, նաև ստեղծվել է եռակողմ հանձնաժողով, որն այդ ուղղությամբ աշխատում է՝ հիմնականում Ադրբեջանի հետ բոլոր հնարավոր ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ, տրամաբանություն կա, որ այդ ապաշրջափակումը ավելի լայն կանտեքստ պետք է ունենա։ Հենց այդ պատճառով է նաև, որ Կառավարության ծրագրում այսպիսի մոտեցումներ ենք մենք որդեգրել»։

ԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկումից մեկ օր առաջ կրկին սրվեցին ընդդիմություն-իշխանություն փոխհարաբերությունները։ Առիթը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին դարձյալ կալանավորելու որոշումն է։ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը «Հայաստան» խմբակցությունում գնահատում են որպես «ապօրինի» և համարժեք արձագանք են խոստանում։ Այսօր տեղի է ունեցել խմբակցության նիստը, որին մասնակցել է «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։

Որոշել են, թե ինչպես են մասնակցելու խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկմանը։ Խմբակցությունից Արծվիկ Մինասյանը սպասվող քայլերի առնչությամբ փակագծերը դեռ չի բացում, բայց կառավարության ծրագրին ընդհանուր գնահատական տալիս է։  

«Թե ինչը ինչպես կլինի,  ականատես կլինեք վաղը։ Ոչ ավելի ոչ պակաս դիկտատուրա հաստատելու ուղիղ գործողություններ են կատարում ու գրված է իրենց իսկ ներկայացված կեղծ փաստաթղթի, այսպես կոչված կառավարության ծրագիր կոչված փաստաթղթի մեջ։ Սևով սպիտակի վրա նրանք գրել են, որ դատարանները, դատախազությունը, նախաքննությունը, ոստիկանությունը պետք է կատարեն կառավարության ցանկությունները»։  

ԱԺ-ի երկրորդ ընդդիմադիր ուժը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը նույնպես դժգոհություն է հայտնել ընդդիմադիր պատգամավորների կալանավորման առնչությամբ և վերահաստատել, որ ուժերի ներածին չափով պայքարելու է արդարադատության հաստատման համար։

Ակնհայտ է, որ ԱԺ-ում խորհրդարանական մեծամասնության ձայները կբավարարեն կառավարության հնգամյա ծրագիրը հաստատելու համար, բայց ակնհայտ է նաև, որ ընդդիմության խոստացած արձագանքը փաստաթղթի քննարկումը վերածելու է հերթական քաղաքական բանավեճին։  

Back to top button