ԿարևորՀասարակություն

Բացօթյա առևտուրը եռում է, վերահսկողը՝ աչք փակում․ավագանու անդամ

Փողոցային առևտուրը, անկախ եղանակային պայմաններից, առևտրի ամենաքաղաքակիրթ տարբերակը չէ։ Բայց եթե դա տեղի է ունենում ամռան թեժ արևի տակ, իսկ վաճառվող ապրանքը սննդամթերք է, այն նաև վտանգավոր է դառնում։ Այս դեպքում չի բացառվում սննդամթերքի մանրէային երկրորդային աղտոտումը, որը հաճախ է աղիքային  հիվանդությունների և սննդային թունավորումների պատճառ դառնում։

Վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումերի վտանգը ամռանը մեծանում է՝ տարբեր պատճառներով։ Միրգ-բանջարեղենի, ջրի մեծաքանակ օգտագործումը որքան օգտակար, նույնքան էլ վտանգավոր կարող է լինել օրգանիզմի համար։ Դրանք, ստամոքսի թթվայնությունը բարձրացնելով, նպաստավոր պայմաններ են ստեղծում մանրէների համար։  Վարակի փոխանցմանը նպաստում է նաև ճանճերը։ 

ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Ստեփանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է․ «Կա մի տերմին անգամ համաճարակաբանության մեջ՝ կոմերցիոն, որը հենց վերաբերում է փողոցային առևտրին, որը խթանում է վարակի տարածումը։ Որտեղ կան հակասանիտարական պայմաններ, այնտեղ գլուխ են բարձրացնում աղիքային վարակները»։  

Հաշվի առնելով սանիտարական նորմերին հետևելու մեր հասարակության սովորույթները ՝ համաճարակաբանը չի զարմանում, որ պարբերաբար սննդային թունավորման և աղիքային ինֆեկցիաների դեպքեր են գրանցվում։ Սննդային թունավորումը հիմնականում դրսևորվում է փորլուծությամբ, ջերմության բարձացմամբ։ Նման երևույթները կանխելու համար, մասնագետը հորդորում է պահպանել  գոնե հակահամաճարակային տարրական կանոնները։

«Լավ լվանալ սննդամթերքը, միրգ–բանջարեղենը, սնունդ ընդունելուց առաջ լվանալ ձեռքերը, խուսափել հակասանիտարական պայմաններում իրացվող առևտրից։ Տնային պայմաններում ևս պահպանել սննդի պատրաստման հիգիենան»։

Անհայտ ծագման կամ դրսում վաճառվող, արագ փչացող սննդի վտանգավորությունը ոչ բոլորն են գիտակցում։ Բակերում, գրեթե ամեն քայլափոխի, այսպես կոչված, շրջիկ շուկաներ են, իսկ ավանդական շուկաների մերձակայքում մշտական տեղ ունեն արևի տակ ձուկ վաճառողները, որոնք անցնող-դարձողի համոզում են, որ ձուկը թարմ է, բարձրորակ․

«Սիգը սառեցված չենք վաճառում, վաճառում ենք թարմ վիճակում։ Մաքրում, լվանում ենք, առևտուր է, մի օր լավ կլինի, մի օր վատ։ Մաքուր վիճակում են ձկները, սառույցը դնում ենք ձկների տակ, ընդամենը 30-40 հատ են, շուտ վաճառվում են։ 200 դրամ է, էժան է, դրա համար էլ ժողովուրդն առնում է»։

Բացօթյա առևտուրը ավելի մատչելի է, բայց ոչ անվտանգ, -սրտնեղում են կրպակների և խանութների տնտեսվարողները։ «Բոլոր շենքերի բակերը դարձել են շուկաներ։ Մեկը սոխ, բադրիջան, լոլիկ է բերում, մյուսը՝ ձմերուկ, սեխ։ Ոչ եկամտահարկ են վճարում, ոչ սոց են վճարում, ոչ էլ զինվորի փող։ Դրա հաշվին իրենք կարողանում են 10-20 դրամ էժան վաճառել, իսկ մենք, որ ամեն ինչը մաքուր բերում ենք, խանութում դնում ենք ալկոգել, թեկուզ 10-20 դրամով ավելի թանկ ենք վաճառում, մարդիկ մեզանից չեն գնում, դրսից են գնում էդ ամեն ինչը։ Ժողովրդին հետաքրքիր չի քո սանիտարական հիգիենան»։

Տնտեսվարողների դժգոհությունների մասին գիտե և բակային առևտրի խնդիրները փորձում է կարգավորել քաղաքային իշխանությունը՝ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր․ Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյան․ «Ուզում եմ հասկանալ՝ ով չի կատարում իր պարտականությունները, քաղաքում, ի հեճուկս ավագանու ընդունած որոշման, նույն վիճակն է, ինչ մինչ այդ որոշումն ընդունելը։ Չեմ խոսում սննդամթերքի վաճառքի մասին, որն ամենուրեք է այս շոգին։ Փոխարենը քաղաքապետարանը տուգանում է մարդկանց, որոնք փոքր խանութներ ունեն, տարածքի համար են վճարում և մի արկղ միրգը խանութի դիմաց դնելու համար տուգանվում են։ Բայց որ երկու քայլ այն կողմ  մարդիկ մայթի վրա վաճառում են նույն միրգը,  այդ մարդկանց թողնում են, որ վաճառեն։ Մադիկ, որոնք պետք է զբաղվեն այդ հարցով, չգիտես ինչու չեն զբաղվում, աչք են փակում»։

Փողոցային առևտրի հարցում վերահսկողությունը Տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթն է, -«Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը։ Իրենց լիազորությունները սահմանափակվում են  միայն գրանցված իրավաբանական անձանց գործունեության վերահսկմամբ։

«ՏԻՄ-երն են, որ կարող են սահմանափակումներ կիրառել, արգելել այդ փողոցային առևտուրը։ Փողոցային առևտուրը ի սպառ վերացնելու միակ ճանապարհը այն է, որ մեզնից յուրաքանչյուրը գիտակցի դրա ռիսկերը։ Ես ուղղակի զարմանում եմ՝ ոնց կարելի է այս կիզիչ արևի ճառագայթների տակ անգամ կենդանական ծագման մթերք գնել և տանել տուն»։

Քանի դեռ բացօթյա առևտուրը, ինչպես հարկն է, չի վերահսկվում, ունենալու ենք աղիքային հիվանդության և թունավորման մեծաթիվ  դեպքեր․ ակնհայտ է, որ փողոցային առևտրի ընդլայնումը ուղիղ համեմատական է աղիքային ինֆեկցիաների տարածմանը։

Back to top button