Ստարտափ Հայաստան

Տասներկուամյա գործարարի «ամպային» զեֆիրները․ «Ստարտափ Հայաստան»

Կատրինը դեռ փոքր էր, երբ հարազատները նկատեցին, որ աղջիկը յուրահատուկ սեր ունի խոհանոցի նկատմամբ. սիրում է ոչ միայն համեղ ուտել, այլև համեղ ուտեստներ պատրաստել։ Այն ժամանակ դեռ լուրջ չէին վերաբերվում փոքրիկի նախասիրություններին։ Բայց ահա մի օր 6- ամյա Կատրինը որոշում է, որ յութուբում պետք է խոհարարական բլոգ ստեղծի։

Կատրինը տանը միշտ ինչ-որ համեղ բաներ է պատրաստում։ Ամեն ինչ սկսվեց նախաճաշ պատրաստելուց։ Հիմա էլ ամեն անգամ ինչ-որ նոր բան պատրաստելուց բոլորին կանչում է համտեսման։

Պատահաբար, մի օր տեսնում է, որ իր տարեկիցների համար հետաքրքիր դասընթաց կա ու շտապում է մասնակցել։ Կատրինի օգնության ձայնին առաջինն արձագանքել են մորաքույրն ու քեռին։ Լուսինեն պատմում է, որ մինչ այդ Կատրինը հաճախ էր ինչ-որ փորձեր անում ուտելիքների հետ, ու դա զուտ խաղ չէր։ Կատրինն իսկապես պատրաստում էր համեղ ու ախորժելի ուտեստներ։

Լուսինեն հասկանում է, որ աղջկա մեջ խոհարարական կրակը պետք է բորբոքել, նրան այս մեծ աշխարհում իր փոքրիկ քայլերն անելու շանսը տալ։ Կատրինի պատրաստած զեֆիրները սովորական չեն։ Դրանք այնքան փափուկ են` կարծես ամպերից մի կտոր վերցրած, գունավորած ու որևէ մրգի կամ հատապտղի համ տված լինի։

Ասում է, որ իր պատրաստած զեֆիրների գույները բնական են, ինքն է այդպես որոշել. ոչ մի արհեստական գունանյութ չի օգտագործում, հաճախ է համոզվել, որ այն գույները, որոնք ստանում է բնական մթերքներից, աննկարագրելի գեղեցիկ են և յուրահատուկ։

Կատրինի համար նշանակալի օր էր առաջին պատվերը։ Պատմելուց հուզվում է այնպես, կարծես հենց այդ պահին էլ առաջին պատվերն է ստանում։ Հիմա էլ հաճախ ինքն է տանում պատվերները, սիրում է տեսնել մարդկանց էմոցիաները, որպեսզի դրանցից ուժ ստանա, հետո դրանք հիշելով կարողանա պատրաստել մյուսները։ Դպրոցում շատերը չգիտեին, թե Կատրինը դասերից հետո ինչով է զբաղվում։ Բայց մի օր դասընկերներից մեկի ծնողը պատահաբար տեսնում է նրա ինստագրամյան էջն ու արդեն դպրոցում բոլորը գիտեն նրա բիզնեսի մասին։

Կատրինի համար առաջին տեղում դասերն են։ Ոչ մի բան նրան չի շեղում սովորելուց, անգամ միտքը, որ այդ տարիքում կարողանում է գումար վաստակել։ Գրեթե իդեալական համատեղում է բիզնեսն ու ուսումը; Թե կան դասեր, կա նաև բիզնես. մեկը մյուսին չի խանգարում։ Բիզնեսում ներդրումներ արել են, իհարկե, բայց մորաքույրը վստահեցնում է, որ ինչքան էլ ներդնեին, իրենք վստահ էին, որ այդ գումարը կարողանալու են հետ ստանալ:

Հիմա երևի շատերին կհետաքրքրի, թե 12- ամյա աղջիկն իր բիզնեսից ստացած շահույթն ինչի վրա է ծախսում։ Ընտանիքի անդամները Կատրինի հետ համաձայնության են եկել, որ ստացած շահույթի գումարը իրեն չեն տալու, չեն ծախսելու, հավաքելու են այնքան, որ կարողանա գնալ Փարիզ և խոհարարություն սովորել։ 12- ամյա աղջկա ապագայի պլանները մեծ են և իրագործելի։ Վստահ ենք, որ մի քանի տարի հետո Կատրինը Հայաստանի անունը բարձր կպահի համաշխարհային հրուշակեղենի մայրաքաղաքում` Փարիզում։

Ցուցադրել ավելի
Back to top button