Ժամանակի վկան

Արևելքի մոռացության մատնված քրիստոնյա փոքրամասնությունները․ Տիգրան Եկավյան․ «Ժամանակի վկան»

2019 թ․ Ֆրանսիական «Ռոշե» (Rocher) հրատարակչությունը լույս ընծայեց ֆրանսահայ լրագրող, արաբագետ, Ֆրանսիայի հետախուզական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող և Conflits (ֆր․-հակամարտություններ) աշխարհաքաղաքական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ Տիգրան Եկավյանի «Արևելքի փոքրամասնություններ. պատմության կողմից մոռացվածները» աշխատությունը, որը Մերձավոր Արևելքի քրիստոնյա բնիկների՝ հայերի, ասորիների, եզդիների, ղպտիների, արաբների պատմության ընթացքի ու արդի մարտահրավերների մասին գիտական հիմնարար հետազոտություն է ։

Աշխատության հայերեն թարգմանությունը, որը վերջերս հրատարակվել է Երևանում, ներկայացնելու նպատակով Տիգրան Եկավյանը հուլիսին մայրաքաղաքում էր և հրավիրեցի հաղորդաշարին հյուր։

1․ Իր արմատներին քաջածանոթ և իրեն սփյուռքահայ համարող երիտասարդ հետազոտողը գիրքը նվիրել է հորը՝ լեզվաբան դոկտոր Զավեն Եկավյանին։

2․ Կրթվել է Եվրոպայում, իսկ արաբերեն սովորել և միաժամանակ հայեցի դաստիարակություն ստացել է Սիրիայում և Լիբանանում։

3․Տիգրան Եկավյանն աշխարհաքաղաքական ոլորտի լրագրող է՝ հայտնի անուն ֆրանսիական և հայկական լրագրողական շրջանակներում։

4․ Գրքի ֆրանսերեն տարբերակը՝ շնորհիվ լայն արձագանքի, արժանացել է «Արևելքի առաքելություն» հասարակական կազմակերպության հատուկ մրցանակին: Հեղինակը հետազոտել է և քննադատության է ենթարկել եվրոպական պետությունների, մասնավորապես, Ֆրանսիայի քաղաքականությունը մերձավորարևելյան տարածաշրջանում, հատկապես սիրիական ճգնաժամում։ Ֆրանսիայում տաբու հանդիսացող թեմաները շոշափելիս՝ հեղինակը որոշակի խիզախություն է դրսևորում։

5․ Արևմուտքին և գերտերություններին համարելով պատասխանատու մերձավորարևելյան անվտանգային համակարգերի խարխլման մեջ, հեղինակը, դրանում միաժամանակ մեղադրում է նաև հենց իրենց՝ տարածաշրջանի քրիստոնյաներին։

6․ Աշխատությունը ֆրանսերենից հայերեն թարգմանել է գրող, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանը, խմբագիրն է պատմաբան Գևորգ Եազըճյանը։ Ըստ հեղինակի` գիրքը հայերեն թարգմանելը հրատապ էր, որովհետև այսօր Հայոց պետականության արժևորման անհրաժեշտություն կա։

7․ Գրքում որպես հիմնական գաղափար շեշտվում է, որ պատմության ընթացքում Մերձավոր Արևելքին յուրահատկություն են հաղորդել փոքրամասնությունները, առանց որոնց Մերձավոր Արևելքը իսպառ կկորցնի իր դիմագիծը, նաև դերն ու նշանակությունը։ Այսօրվա հրամայականը քրիստոնյա համայնքները պահպանելն ու ամրապնդելն է, քանի որ նրանք այսօր նույնքան անզոր ու անպաշտպան են, որքան հայերը 1915 թ․։ Չպետք է մոռանանք, որ Մերձավոր Արևելքն իր քրիստոնյա դիմագծով մշտապես եղել է ոչ միայն քաղաքակրթական յուրահատուկ կամուրջ Արևմուտքի և Արևելքի միջև, այլև հսկայական դեր է խաղացել հասարակության համերաշխության ամրապնդման ուղղությամբ՝ նպաստելով տարածաշրջանի բազմամշակութային միջավայրի ձևավորմանը։

8․ Աղբյուրագիտական ու փաստական հարուստ հիմքով ու ընդարձակ ծանոթագրություններով այս ուսումնասիրությունն օգտակար կլինի հետազոտողների լայն շրջանակի համար։

9․Աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական բացասական գործոնների ազդեցությամբ ազգային կամ քրիստոնյա փոքրամասնությունները ժամանակի ընթացքում հետզհետե դուրս են մղվել տարածաշրջանից։

10․ Հեղինակը կիրառում է «սփյուռքազերծում» բառեզրը, բնորոշելու համար Մերձավոր Արևելքը քրիստոնյա բնիկներից մաքրելու քաղաքականությունը՝ նրանց մղելով արտագաղթի դեպի Արևմուտք։

Վերջում, ամփոփելով հաղորդումը, ավելացնեմ, որ լրագրող, արաբագետ Տիգրան Եկավյանը շարունակելու է մերձավորարևելյան թեմաներով իր հետազոտությունները՝ համագործակցելով Փարիզում գործող գիտահետազոտական կենտրոնի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button