ԿարևորՀասարակություն

Կառուցվածքից մինչև բովանդակություն․ կառավարությունը ԶՈՒ-ում արմատական փոփոխություններ է առաջարկում

Կառավարության 2021-2026 թթ․ գործունեության ծրագիրն առաջիկա օրերին կքննարկվի ԱԺ-ում։ 6 գլխից ու106 էջից կազմված փաստաթղթում գործադիրն ըստ ոլորտների ներկայացրել է այն մոտեցումները, որոնցով առաջնորդվելու է առաջիկա 5 տարիներին։

Պատերազմից հետո ուշադրության կենտրոնում է անվտանգության ոլորտը, որի հիմնական բաղադրիչը Զինված ուժերն են։ Այս ոլորտում Կառավարությունը էական փոփոխություններ է ծրագրում․ նախատեսում է կրճատել պարտադիր զինծառայության ժամկետները, ընդլայնել պայմանագրային ծառայությունը, անցում անել պրոֆեսիոնալ բանակի։

Կառուցվածքից մինչև բովանդակություն․ հայկական բանակում փոխվելու է ամեն ինչ։ Հայկական բանակի բարեփոխումների գաղափարը, ըստ վարչապետի,  առաջացավ անմիջապես պատերազմից հետո։

«Բարեփոխված Զինված ուժերը  պետք է լինեն մեր արտաքին անվտանգության ապահովման հիմնական գործոնը»։

Կառավարության ծրագրից պարզ է դառնում, որ առաջիկա 5 տարվա ընթացքում Հայաստանում կստեղծվի Արտաքին հետախուզական ծառայություն։ Ազգային անվտանգության և զինված ուժերի զուգահեռ բարեփոխումները որոշ փուլերում անգամ կմիաձուլվեն։

«Մեր ծրագիրը և պլանը այն է, որ առաջիկայում ՀՀ սահմանապահ զորքերը ավելի ու ավելի շատ տեղամասեր կընդունեն ԶՈՒ–ից, այսինքն՝ սահմանապահ ծառայության  պատասխանատվության տարածքները կընդլայնվեն, և այս առումով սահմանապահ զորքերը պետք է ընդլայնվեն, վերափոխվեն, բարեփոխվեն և ի միջի այլոց՝ սա նաև խաղաղ տարածաշրջանային օրակարգը առաջ մղելու մեր նկատառումը և նպատակադրումն է արտահայտում, որովհետև, ինչպես գիտեք, սովորաբար սահմանապահները ստանձնում են այն տեղամասերի պատասխանատվությունը, որոնք համարվում են ոչ պատերազմական, այսինքն՝ խաղաղ գոտի»։

Քանի դեռ փաստաթուղթը չի քննարկվել, իսկ դրանում շատ մանրամասներ ներկայացված չեն, փորձենք տարբեր պաշտոնյաների մեկնաբանություններով հասկանալ, թե առաջիկա 5 տարվա համար ինչ փոփոխություններ են նախատեսվում Զինված ուժերում։ Ժամկետը, ի դեպ, պայմանական է՝ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնը ստանձնելիս ասել էր՝ բարեփոխումները բավականին արագ են լինելու։

«Կառավարությունը ձգտելու է կրճատել զինծառայության ժամկետերը՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի»,– գրված է փաստաթղթում, որը դեռ պետք է քննարկվի և հաստատվի խորհրդարանու։ Զինծառայության ժամկետերի կրճատման մտադրությունների մասին ամիսներ առաջ խոսել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը․   

«Մենք պետք է անցնենք պրոֆեսիոնալ բանակի։ Որոշակի ժամանակ է պետք այդ ուղղությամբ գնալու համար, բայց ընդհանուր բարեփոխումների տրամաբանության մեջ նաև այդ հիմքն է դրված։ Մենք մտածում ենք նաև ծառայության ժամկետները կրճատելու մասին»։

Ժամկետը կրճատվելու է մոտ 25%-ով՝ 2 տարուց դառնալով 1.5 տարի։ Դա գործոններից մեկն է, որը հետաքրքրելու է բանակում ապագա ծառայողներին, բայց միակը չէ՝ ասում են պաշտոնյաները։ Բարեփոխումները ենթադրում են նոր սպառազինություն, նոր ինտելեկտուալ կառավարում, պրոֆեսիոնալ բանակ․ փակագծերը կբացվեն խորհրդարանական  քննարկման ժամանակ, երբ նաև ԱԺ–ի ոլորտային  հանձնաժողովի ղեկավարը կներկայացնի սպասելիքները։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատերազմից հետո էր նախանշում այն խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն։

Լուսանկարը՝ Արմենպերսի

 «Պրոֆեսիոնալ բանակի իմաստը ո՞րն է շատ թանկ է, բայց լուծում է բազմաթիվ այլ խնդիրներ ևս։ Ինքը չի հրաժարվում ոչ ծավալուն զորակոչից, ոչ էլ կրճատման հնարավորությունից։ Եթե մենք մեր առջև դնում ենք պրոֆեսիոնալ բանակ ունենալու հեռանկարը, դա նշանակում է, որ զորակոչային տարիքի մեր անձնակազմը պետք է պատրաստվի անընդհատ։ Վարժանքները տալիս են այն ռեսուրսը, որից կարող ես սելեկտիվ վերցնել այդ անձնակազմը։ Պրոֆեսիոնալ բանակը պայմանագրայինը չէ։ Պայմանագիր կա դրա հիմքում, բայց այն մշտական ծառայության մեջ գտնվող համակարգ է, ընդ որում՝ մասնագիտացված, խիստ մասնագիտացված և մեծ հմտություններով օժտված։ Բայց դա տարիների խնդիր է։ Այդ ընթացքում, բնականաբար, թե առաջնագծի ինժեներական կառուցվածքները կփոխվեն, թե պաշտպանության համակարգերը, բայց կլինեն նաև այն ստորաբաժանումները, որոնք անմիջական արձագանքման հնարավորություն կունենան»։

Լուծվելիք խնդիրների շարքում է նաև կադրայինը։ Նախ՝ նորացվող բանակում կընդգրկվեն կիրառական գիտելիքներով և, հատկապես, վերջին պատերազմի մասնակից մասնագետները, պրոֆեսիոնալ բանակի համար խիստ կարևորվում է նաև դեռ բուհում անհրաժեշտ մասնագետներ պատրաստելը։ Փորձի փոխանակման համար արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերվել միջազգային գործընկերների հետ՝ ամիսներ առաջ ասում էր պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը

 «Քանի որ մենք նոր զենքի, սպառազինության ձեռք բերման ծրագիր ունենք, ապա պետք է նաև այդ զինատեսակները ներդնենք բուհական համակարգում։ Ձեռք ենք բերել պայմանավորվածություն Ռուսաստանի հետ, իրենք ասել են՝ ինչքան պահանջարկ կա, պատրաստ են ընդունել։ Բացի դրանից՝ ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որ մեր այսօրվա հրամկազմը պրակտիկա անցնի տարբեր պետությունների զորամասերում, որպեսզի ժամանակակից սպայակազմն  ունենա ժամանակակից , այսօրվա պահանջներին բավարարող գիտելիքներ»։  

Իր ղեկավարած բանակից մշտապես գոհ է եղել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը․ խնդիրներ եղել են, բայց նախանշված  ծրագրերը միշտ իրականացվել են։ Այժմ խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավարը հիշում է, որ իր ղեկավարման տարիներին սպառազինության մատակարարման պայմանավորվածություն էր կնքել․ հակաօդային պաշտպանության, ռադիոլոկացիոն միջոցների, ավիացիայի, ԱԹՍ–ների մեծ խմբաքանակ պետք է մատակարարվեր 2019–20 թվականներին։ Կայացե՞լ է այդ գործարքը, թե՞ ոչ՝ չգիտի, բայց անգամ ընդդիմադիրի կարգավիճակում փորձում է զգույշ լինել՝  բանակի և սպասվող բարեփոխումների մասին խոսելիս։

«Այս փուլում բանակի արդիականացման աշխատանքներին ես տեղյակ չեմ, ԶՈՒ ղեկավարությունը պետք է ասի։ Անկասկած,  իմ, մեր ժողովրդի և յուրաքանչյուր քաղաքացու ցանկությունն է, որ մեր բանակն արագ ոտքի կանգնի, այդ բարեփոխումները կատարի, բանակի և կառուցվածքը, և գործողությունները համապատասխանեն այն խնդիրներին, որոնք մեր երկրի առջև ծառացած են»։

Հայկական բանակի բարեփոխումների հարցում, ըստ Կառավարության ծրագրի,  զգալի դերակատարում և մասնակցություն է ունենալու ՌԴ-ն։

Իսկ ԱԺ–ում կառավարության ծրագրի ու որպես բաղադրիչ՝ նաև բանակի բարեփոխումների քննարկումը, ամենայն հավանականությամբ, կսկսվի օգոստոսի 24-ին։

Back to top button