ԿարևորՀասարակություն

Կայծակից ավելի ուժեղ «Տաթևեր»-ին հարվածել են քովիդն ու պատերազմը

Կայծակի հետևանքով «Տաթևեր»-ի՝ օրերս գրանցված  օդային «հարկադիր» կանգառը այցելուներին առանձնապես  չի վախեցրել։ Հոսքը չի նվազել՝ վստահեցնում է ճոպանուղու մարքեթինգի և հաղորդակցության ղեկավար Անի Դավթյանը։  Կայծակից ավելի ուժեղ  դեպի ճոպանուղի և, առհասարակ, դեպի Սյունիքի մարզ զբոսաշրջիկների հոսքի վրա  ազդել են քովիդը,  պատերազմն ու դրա հետևանքով մարզում ստեղծված իրավիճակը։  

Վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում  աննպաստ պայմաններ են ստեղծվել զբոսաշրջության ոլորտի համար՝ պայմանավորված քովիդով, ապա նաև պատերազմով։ Զբոսաշրջության տեսանկյունից Սյունիքի   մարզը ավանդաբար համարվում  էր ամենաակտիվ ուղղություններից մեկը։ Պատերազմի հետևանքով ստեղծված անվտանգային իրավիճակը որքանո՞վ է անդրադառնում  դեպի մարզ  և, մասնավորապես, «Տաթևեր»  ճոպանուղի զբոսաշրջիկների հոսքի վրա։  Ճոպանուղու մարքեթինգի և հաղորդակցության ղեկավար Անի Դավթյանն  իրավիճակը ներկայացնում է նախ թվերով․

«Մինչև քովիդ և պատերազմ տարեկան ունեցել ենք շուրջ  156 հազար զբոսաշրջիկ՝ թե՛ տեղացի, թե՛ արտասահմանցի։ 2020 թվականին թիվը նվազեց, և ամբողջ տարվա ընթացքում ունեցանք ընդամենը 32 հազար զբոսաշրջիկ։  Այս պահի դրությամբ՝ փոքր քայլերով, բայց վերականգնվում ենք։ Անվտանգության առումով՝ ճոպանուղին բավականին հեռու է սահմանից, հետևաբար՝ անվտանգ է։ Այդուհանդերձ, ազդեցությունը կա։ Ոչ շատ, բայց նկատվում է։ 2021 թվականի ամառային այս սեզոնին շաբաթ և կիրակի օրերին ունենում ենք 800-1000 զբոսաշրջիկ»։

«Տաթևերը» աշխարհի ամենաերկար երկկողմանի ճոպանուղին է՝ 5752 մետր,  և գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում։ Որքանո՞վ է  այս հանգամանքը նպաստում  արտասահմանցի զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը և տարեկան կտրվածքով որքա՞ն է նրանց թիվը։ 

Անի Դավթյանի տեղեկացմամբ՝  2019 թվականին իրականացված հարցման արդյունքներով  արտասահմանցի զբոսաշրջիկները կազմել են ամբողջ հոսքի 70 տոկոսը։  Այս տարի ցուցանիշը բնականաբար ավելի փոքր է, բայց աստիճանաբար ավելանում է։

Օրեր առաջ կայծակի հետևանքով «Տաթևեր» ճոպանուղին կանգ էր առել , ճոպանուղու երկու խցիկներում գտնվող ուղևորները տարհանվել էին։   Դեպքը առիթ տվեց հետաքրքրվելու՝ ի՞նչ հաճախականությամբ է ճոպանուղին ենթարկվում տեխզննման և որքանո՞վ է երաշխավորված վերջինի անվտանգությունը։ Անի Դավթյանի տեղեկացմամբ՝  «Տաթևեր» ճոպանուղին կառուցվել է միջազգային մակարդակի ավստրո-շվեյցարական առաջատար ընկերության՝ Doppelmayer/Garaventa խմբի կողմից։ Ճոպանուղու բոլոր աշխատակիցները պարբերաբար անցնում են անվտանգության դասընթացներ և  ունեն անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները։ Ճոպանուղին հիանալի տեխնիկական վիճակում է, այս տարի ճոպանուղին ենթարկվել է տեխզննման «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի» կողմից, ինչի արդյունքում «Տաթևեր» ճոպանուղին ճանաչվել է տեխնիկապես սարքին և անվտանգ կառույց:

Այդուհանդերձ, այս միջադեպը չի՞ վախեցրել  արդյոք  «պոտենցիալ»  ուղևորներին և որևէ կերպ ազդե՞լ է  հոսքի վրա։

«Ո՛չ, այս շաբաթ և կիրակի օրական  ունեցել ենք  շուրջ 800 այցելու, ինչը բավականին լավ ցուցանիշ է»,- նշեց Անի Դավթյանը։

Back to top button