ԿարևորՄշակույթ

Ինչպես «Մխիթար սպարապետ»-ի նկարահանումներն ընդհատվեցին Տիգրանաշենում

1977-78 թվականներին կինոռեժիսոր Էդմոն Քեոսայանը նկարահանում էր «Մոսֆիլմ» և «Հայֆիլմ» կինոստուդիաների համագործակցությամբ ստեղծվող «Մխիթար սպարապետ» /«Հուսո աստղ»/ երկսերիանոց ֆիլմը, ու հանկարծ՝ կենտրոնական իշխանություններից ֆիլմը դադարեցնելու  խիստ հրահանգ է իջնում: «Մխիթար սպարապետ»-ի  ճանապարհն ընդհատվել էր Քյարքիի ոլորաններում։ Ուշագրավ այս դրվագի մասին Ալիսա Գևորգյանին մանրամասներ է պատմել  դեպքերի ականատես, «Կինո+» ամսագրի երկարամյա խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը։

«Հուսո աստղ», ավելի հայտնի՝ «Մխիթար սպարապետ» անվամբ ֆիլմը «Մոսֆիլմ» և «Հայֆիլմ» կինոստուդիաների առաջին համատեղ մասշտաբային աշխատանքն էր: Մոսկվան վաղուց սցենարը հաստատել էր, ֆիլմի կեսից ավելին նկարահանված էր։ «Ինչպես հեքիաթներում է ասվում՝ օձն իր պորտով, ղուշն իր թևով ի զորու չէր դադարեցնել մասշտաբային կինոնախագծի  ստեղծման աշխատանքները: Այդուհանդերձ, բավական երկար ժամանակով նկարահանումները կանգ առան։ Երկու ստուդիաների պետական պլանային աշխատանքները ձախողման եզրին  էին։ Գուցե, հիմա՝ սովորական, սակայն արտակարգ մի բան՝ Խորհրդային Միությունում: Բոլորս զարմացած ու զայրացած էինք»,-պատմում է «Կինո+» ամսագրի խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը։

Վերջապես ի՞նչ էր պատահել, ու՞մ էին անհանգստացրել   «Մխիթար սպարապետի» նկարահանումները։ Ռոբերտ Մաթոսյանը հիշում է․

«Բանն այն է, որ Քյարքի /Տիգրանաշեն/ գյուղի դիմացի  տարածքի հարթավայրում  նկարահանվում էր  հայկական զորամիավորման և Աբդուլլա փաշայի կանոնավոր բանակի ճակատամարտը:  Մի պահ մտովի վերարտադրեք այդ տեսարանը, թուրքական բազմաթիվ վրաններ, կիսալուսնով կեռ դրոշակներ, Աբդուլլա փաշայի զորախմբի ձիավորների  մանևրներ և այլն։

Այդ ամենը գյուղի բարձունքից տեսած ադրբեջանցիները անմիջապես հայտնում են խորհրդային մշակույթը, արվեստը, կինոն համակարգող ԽՍՀՄ ղեկավար, փոխվարչապետ Հեյդար Ալիևին: Նրանց ներքին դրվածքը մշտապես էր այդպես, իրենց հետ կապված մի փոքր միջադեպ, անմիջապես Մոսկվա, հայր Ալիևին էին ծնգացնում: Ֆիլմի ընդամենն այդ  մեկ տեսարանի նկարահանումը, դեռևս  այն տարիներին, առճակատում առաջացրեց հայ-ադրբեջանական հարաբերություններում:

Կարճ ասած, ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքներից, զգեստների ձևավորումից, ձիերի վարժեցումից հետո, նկարահանումները վերևից խստագույնս  արգելվեցին, այն դեպքում, երբ  ճակատամարտը նկարահանվում էր հենց մեր՝ ՀԽՍՀ տարածքում:

Երևան ժամանեց այն ժամանակվա «Մոսֆիլմ» կինոստուդիայի նորանշանակ տնօրեն Սիզովը, որը  մեծ հեղինակություն էր վայելում մոսկովյան ղեկավար շրջանակներում: Նրա ու Հայաստանի ղեկավարության համառ ջանքերի՝ կռիվ տալու, այո՛, այո՛ կռիվ տալու շնորհիվ  նկարահանումները վերսկսվեցին: Հարցը  լուծվել էր ամենաբարձր ատյանում՝ ԽՍՀՄ ղեկավարի մակարդակով»:

«Մխիթար սպարապետը» հարևան երկրին հանգիստ չթողեց  նաև ֆիլմի ավարտից հետո։  Դրա ցուցադրությունը արգելված էր Ադրբեջանում, հատկապես,  ինքնավար Արցախում:

«Միայն 88-ի շարժման ժամանակ կինոգործիչների մեր պատվիրակությունը «Նահապետ» և «Մխիթար սպարապետ» կինոնկարներն ընդգրկեցին ԼՂԻՄ-ում անցկացվող հայկական ֆիլմերի փառատոնի ցանկում, և առաջին անգամ այդ երկու ֆիլմերը ներկայացվեցին արցախցի հանդիսատեսին»,-պատմությունը եզրափակում է այդ պատվիրակությունը ղեկավարած Ռոբերտ Մաթոսյանը։

Back to top button