ԿարևորՀասարակություն

Ի՞նչ կփոխեն նոր չափորոշիչները դպրոցում․ սեպտեմբերից դրանք կներդրվեն Տավուշի մարզում

Կրճատել դպրոցականների ծանրաբեռնվածությունը, ավելացնել գործնական գիտելիքները, նվազեցնել տնային ծանրաբեռնվածությունը, դպրոցին տալ հնարավորություն՝ ընտրելու դասավանդվող առարկաները, այս նպատակներին են միտված հանրակրթության պետական նոր չափորոշիչները։ Դրանք նոր ուսումնական տարում կփորձկվեն Տավուշի մարզում, այնուհետև ամբողջ հանրապետությունում։ Պատրա՞ստ են մարզում ուսումնական տարին սկսել նոր չափորոշիչներով։ 

Դպրոցական անհաջող դասագրքեր ու ուսումնական ծրագրեր, գերծանրաբեռնվածություն և անհասկանալի առաջադրանքներ՝ բարդ նույնիսկ  ծնողների համար․ ԿԳՄՍ նախարարությունում վստահ են, որ առարկայական նոր չափորոշիչները կչեզոքացնեն այս դժգոհությունները։

Սեպտեմբերից դրանք կներդրվեն Տավուշի մարզի դպրոցներում, հետո՝ ամբողջ հանրապետությունում։

Գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեքային բաղադրիչ. այս վերջնարդյունքն է ակնկալվում նոր չափորոշիչներովով՝ ասում է «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն»-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը։

«Նախկին չափորոշիչները հիմնված էին գիտելիքի և այդ գիտելիքը կիրառելու վրա, նոր չափորոշիչները հիմնված են կարողունակությունների վրա, որոնք զարգանում են մարդու ծնված օրից և ամբողջ կյանքի ընթացքում։ Կարողունակությունները զարգացնելու համար չափորոշիչում սահմանված են վերջնարդյունքներ։ Մենք պետք է կարողանանք մեր երեխաներին սովորեցնել սովորել, որ հետագայում կարողանան ավելի ինքնուրույն  զարգացնել իրենց հնարավորություններնը, պոտենցիալը»։

Առարկայական նոր չափորոշիչներն ու ծրագրերը փորձնական նպատակով կներդրվեն Տավուշի հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում: Դասարաններն պատահական չեն ընտրված։

«Դրանք հանրակրթության մեջ յուրահատուկ յուրաքանչյուր փուլի առաջին դասարանն են։ Մենք, օրինակ, գնահատման մեջ ունենք փոփոխություն։ Մեր տարրական դպրոցում թվանշանային գնահատում չի իրականացվելու, իրականացվելու է գնահատում նկարագրության միջոցով։ Մեր դպրոցների առաջին դասարաններում գնահատում գործող չափորոշիչով էլ չկար, դրա համար էլ ընտրվեց  2-դ դասարանը»։

5-րդը միջին դպրոցի առաջին դասարանն է՝ նոր ծանրաբեռնվածությամբ,  նոր առարկաներով և նոր ուսուցիչներով։  Բայց քանի որ 5-6-րդ դասարաններում մի շարք առարկաներ ինտեգրված են, հաջորդ փուլը սկսվում է 7-րդ դասարանից, երբ այդ առարկաները նորից առանձնանում են։

«Ավագ դպրոցն սկսվում է 10-րդ դասարանից։  Սա էլ ավագ դպրոցի առաջին դասարանն է։ Հաջորդ ուսումնական տարում փորձարկումը շարունակելու ենք Տավուշի մարզի 3-րդ, 6-րդ, 8-րդ և 11-րդ դասարաններում»։

Նոր չափորոշիչներով դպրոցը ազատ է ուսումնական պլան մշակելու հարցում։ Առարկայական և ժամային բաշխվածության հարցն էլ է դպրոցը որոշելու։ Նոր չափորոշիչով ևս մեկ կարևոր փոփոխություն է նախատեսվում։ Ամբողջությամբ վերանայվել է աշակերտի գնահատման համակարգը։ Ըստ այդմ՝ աշակերտ անբավարար գնահատական չի ստանալու և նույն դասարանում չի մնալու։

«Նույնիսկ ամենացածր մեկ միավորը որոշակի քանակությամբ հաջողություն է։ Ուրիշ խնդիր է, որ ուսուցիչը, գիտակցելով հմտությունների ծավալի շատ քիչ լինելը, աշխատում է, որպեսզի օգնի աշակերտին՝  բարելավել իր գիտելիքները»։

Ի՞նչպիսի արդյունքներ կտան նոր չափորոշիչները՝ ժամանակի ընացքում պարզ կդառնա։ Արդյունավետությունը նաև ուսուցիչներից է կախված․ նրանք արդեն  իսկ համապատասխան վերապատրաստում են անցել։

Վերին Կարմիրաղբյուրի  դպրոցի անգլերենի ուսուցչուհի Ասիա Ավագյան․ «Այս մեկ տարվա ընթացքում աշխատելով՝ մենք ավելի շատ փորձ ձեռք կբերենք։ Մի բան է տեսականն իմանալ, մեկ այլ բան ՝ այդքանը կիրառելը դասարանում»։

Նոր կարգով փոփոխվելու է նաև ուսուցչի շաբաթական ծանրաբեռնվածությունը։ Տարրական դպրոցում ուսուցիչը 22 ժամի փոխարեն կունենա 18 դասաժամ, ևս 4-ը նախատեսված են գնահատման համար։ Դասաժամերի թեթևացումից, սակայն, ուսուցչի աշխատավարձը չի նվազի։  Առհասարակ թեմաների և ժամանակի ազատությունը նաև պարտավորեցնող են,- նկատում է Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցի  մայրենիի ուսուցչուհի Գոհար Մկրտումյանը։

«Շեշտադրումը դրվում է թեմաների վրա, իսկ ուսուցչին տրվում է ազատություն, և գիրքը դառնում է գիտելիքի ոչ միակ աղբյուրը։ Այսինքն, ոչ թե ըստ հեղինակների ենք ուսումնասիրելու, այլ՝ ըստ թեմաների։ 

Առաջիկա օրերին կտպագրվեն բոլոր առարկայական ծրագրերը, ուսուցիչների մեթոդական և աշակերտների ուսումնական նյութերը։ Մինչև սեպտեմբեր դրանք բոլորը կտրամադրվեն դպրոցներին։

Back to top button