Մոռացված ֆիլմերի ստվերները

Խորհրդահայ վերջին ու հայկական բազմասերիանոց առաջին ֆիլմը. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Առնոլդ Աղաբաբովի «Որտեղ էիր, մարդ Աստծո» ֆիլմը» նկարահանվեց խորհրդային և անկախ Հայաստանների սահմանագծին։ Սահմանագծային այս ֆիլմը խորհրդահայ վերջին ֆիլմն է, բայց միևնույն ժամանակ հայկական առաջին բազմասերիանոց կինոնակարը։ Այն կյանքի կոչվեց ի հեճուկս մեր նորաստեղծ երկրի առջև ծառացած խնդիրների, բայց արի ու տես, որ հետաքրքիր ռեժիսորական ձեռագրով նկարահանված ֆիլմը գրեթե անծանոթ մնաց հայ հանդիսատեսին:

Կինոօպերոտոր՝ Առնոլդ Աղաբաբով

1988 թվականի դեկտեմբերի 7-ին «Որտեղ էիր, մարդ Աստծո» ֆիլմի նկարահանող խումբը կինօպերատոր Լևոն Աթոյանցի գլխավորությամբ Սպիտակից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող բարձունքներից մեկում համայնապատկեր էր նկարահանում։ Դեռ նոր էին սկսել աշխատանքները, երբ օպերատորական տեսախցիկը ցնցվեց, խմբի անդամները նույն այդ տեսախցիկի նման ոտքի վրա հազիվ մնացին։ Այդ պահին բոլորը հասկացան, որ երկրաշարժ է, բայց դեռ չգիտակցեցին, որ ավերիչ աղետի ականատեսն են։

«Ես ֆիլմում նկարահանվեցի 1990 թվականին և հիշում եմ նկարահանող խմբի տղաները պատմում էին, որ նկարահանման առաջին օրը համընկել է 1988 թվականի դերկտեմբերի 7-ի հետ։ Մեկ տարի է պահանջվել որպեսզի կարողանան սթափվեն ու շարունակեն նկարահանումները»,- պատմում է դերասանուհի Սոֆիկ Սարգսյանը։

Դերասանուհի՝ Սոֆիկ Սարգսյան

1980-ականների վերջին Մոսկվայի կենտրոնական՝ «Օստանկինո» հեռուստաընկերության պատվերով կինոռեժիսոր, սցենարիստ Առնոլդ Աղաբաբովը նկարահանեց «Որտեղ էիր, մարդ Աստծո» բազմասերիանոց ֆիլմը։ Առնոլդ Աղաբաբովը գլխավոր հերոսուհու ՝ Անտիկի դերակատարման համար բազմաթիվ դերասանուհիների փորձեց ու ի վերջո ընտրությունը կանգ առավ Սունդուկյանի անվան մայր թատրոնի երիտասարդ դերասանուհի Աննա Էլբակյանի վրա: Առնոլդ Աղաբաբովի և Աննա Էլբակյանի առաջին հանդիպումը հարթ չանցավ։
«Ես գրեթե վստահ էի, որ Աղաբաբովը ֆիլմը կնկարահանի ուրիշ դերասանուհու մասնակցությամբ, որովհետև «Հայֆիլմում» բոլորը դեմ էին իմ դերակատարմանը։ Նրանք գտնում էին, որ ասֆալտի վրա մեծացած աղջիկը չի կարող գյուղի աղջկա կերպարը մարմնավորել, բայց Աղաբաբովը բոլորին դեմ գնաց ու գլխավոր հերոսուհու դերը վստահեց ինձ»,- ասում է սիրված դերասանուհին։

Դերասանուհի՝ Աննա Էլբակյան

1989 թվականը պարապուրդի տարի էր, նկարահանումները վերսկսվեցի 1990 թվականի ձմռանը։ Հայկական առաջին, և առայժմ միակ բարձրորակ բազմասերիանոց գեղարվեստական կինոնկարը նկարահանվեց մեր պետության համար բախտորոշ և դժվարին ժամանակահատվածում։ Արցախյան պատերազմ, ավերիչ երկրաշարժ, տնտեսական շրջափակում. այս պայմաններում, ինչպես իրավացիորեն նշում է Աննա Էլբակյանը, բազմասերիանոց ֆիլմ նկարահանելը իրոք հերոսություն էր։

«Տեխնիկապես շատ դժվար էր նկարահանելը, որովհետև անընդհատ սպասում էինք, թե երբ պիտի Մոսկվայից ուղարկված նկարահանման ժապավենը տեղ հասնի։ Ժապավենը գալիս էր դերակատարներն էին թատրոնում զբաղված լինում ու էդպես հինգ տարի տևեց մինչև Աղաբաբովը ավարտին հասցրեց ֆիլմը»,- պատմում է Աննա Էլբակյանը։

Թատրոնում և կինոյում հետաքրքիր ու ինքնատիպ դերեր մարմնավորած դերասանուհի Սոֆիկ Սարգսյանը «Որտեղ էիր, մարդ Աստծո» ֆիլմում հանդես եկավ եզդի կնոջ դերում։ Կատակով պատմում է, որ հայ կինոյում մայրանալ պատրաստվող կանանց մարմնավորելը իր ճակատագիրն է։ Այս ֆիլմը նույնպես բացառություն չէր, մի տարբերությամբ՝ նկարահանման հրապարակում, Սոս Սարգսյանի առաջարկով, սցենարում փոփոխություն է կատարվում և նոր մայրանալ պատրաստվող հայ կնոջ փոխարեն նա մարմնավորում է բազմազավակ եզդի կնոջ, որը հերթական անգամ պետք է մայրանար
«Նկարահանումները իրականացվում էին բեռնատար մեքենայի թափքի մեջ, որովհետև այդ մեքենայով ծննդաբերող կնոջը՝ այսինքն ինձ, ուզում են հասցնել հիվանդանոց։ Եվ իհարկե դժվար էր ոչ միայն ինձ համար, այլ նաև կինոօպերատոր Լևոն Աթոյանցի համար, բայց ի պատիվ իրեն պիտի ասեմ, որ նա հոյակապ աշխատանք կատարեց և սա իր լավագույն ֆիլմերից է` իմ կարծիքով »,- նշում է Սոֆիկ Սարգսյանը։

Կինոօպերոտոր Լևոն Աթոյանց

1992 թվականին Առնոլդ Աղաբաբովը ավարտում է «Որտեղ էիր, մարդ Աստծո» ֆիլմի նկարահանումները։ Որոշ ժամանակ անց «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունենում ֆիլմի պրեմիերան։ Դահլիճում ներկա ռուս կինոգործիչներից շատերը չէին թաքցնում իրենց զարմանքն ու հիացմունքը, որ Առնոլդ Աղաբաբովին և նկարահանող խմբին հաջողվեց աշխատանքները ավարտին հասցնել` ի հեճուկս պատերազմող երկրում առկա դժվարությունների:

«Ֆիլմը, ցավոք, հիմա գրեթե չի ցուցադրվում, բայց ես հիշում եմ պրեմիերայի օրը ինչպիսի հիացական խոսքեր էին հնչում թե՛ դերասանների, թե՛ նկարահանող խմբի անդամների հասցեին։ Թատրոնի և կինոյի լավագույն դերասաններն էին հանդես եկել այս ֆիլմում` Սոս Սարգսյանը, Գրիգորի Մանուկովը, Գալյա Նովեցը, Ազատը Գասպարյան, Ռուզան Բանդուրյանը, Ռուդոլֆը Ղևոնդյան և ուրիշները»,- մի քիչ կարոտով, մի քիչ էլ թախիծով պատմում է Աննա Էլբակյանը։

«Որտեղ էիր, մարդ Աստծո», բազմասերիանոց ֆիլմը վերջինն էր Առնոլդ Աղաբաբովի ստեղծագործական կյանքում։ Այս ֆիլմով ռեժիսորը սերիալային կուլտուրայի բարձր նշաձող սահմանեց, սակայն, դժբախտաբար, հեռուստատեսությունը չգնահատեց այն. ֆիլմը հազվադեպ է հայտնվում էկրաններին։ 2012 թվականին, ֆիլմի էկրան բարձրանալուց 20 տարի անց միայն, այն նորից հիշվեց «Հայակ» մրցանակաբաշխության շնորհիվ։ «Որտեղ էիր, մարդ Աստծո» ֆիլմը երկու մրցանակ ստացավ. Աննա Էլբակյանը ճանաչվեց «Լավագույն դերասանուհի», իսկ ֆիլմը հաղթող ճանաչվեց «Լավագույն սցենար» անվանակարգում։ Ցավոք, Առնոլդ Աղաբաբովը այդպես էլ իր ֆիլմի հաջողության ականատեսը չդարձավ, նա կյանքից հեռացավ 20-21- րդ դարի սահմանագծին` 1999- ին։

Ցուցադրել ավելի
Back to top button