Սփյուռքի ձայնը

Հայ դերասանուհին որպես ֆրանսիացի հանդիսատես. հանդիսատեսը նույնն է և՛ Հայաստանում, և՛ Ֆրանսիայում

Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Սուսաննա Բաղդասարյանը արդեն 17 տարի ապրում է Ֆրանսիայում ու որպես հանդիսատես է գնում թատրոն։ «Երբ ազատ ժամանակ եմ ունենում, երբ այցելում եմ Փարիզում ապրող աղջկաս, առիթը բաց չենք թողնում ֆրանսիական թատրոններ այցելելու։ Հանդիսատեսը թե այստեղ, թե այնտեղ՝ նույնն է։ Գուցե կարգուկանոնի տարբերություններ կան, սակայն դերասանին և բեմի մարդուն ընդունելու և գնահատելու առումով՝ տարբերությունները շատ չեն»,- ասում է Սուսաննան։


Օծանելիքի, մշակույթի, կինոյի և արվեստի երկիր Ֆրանսիայում հայտնվելով` մեր հայրենակցուհին ներքին մեծ ցանկություն է ունեցել հանդիպել կինոյի և թատրոնի ճանաչված դեմքերին։ «Իրենց ասում եմ, որ Հայաստանից եմ և նույնպես դերասանուհի եմ, իրենց աշխարհից եմ։ Իհարկե, ներքուստ մտածում եմ, որ եթե ես էլ այդ երկրում ծնված լինեի, կամ գոնե կրթություն ստացած լինեի, ես էլ նրանց նման մեծ հաջողություններ կունենայի»,- նշում է Սուսաննա Բաղդասարյանը։
Արդյո՞ք ստեղծագործական և ներանձնային ապրումներն են նրան այդքան հաճախ բերում Հայաստան, դերասանուհին նշում է․ «Երբ հանդիպում եմ իմ աշխարհի մարդկանց, նրանց հետ զրուցում, որևէ ներկայացում նայում, այո, իմ ներաշխարհում լիություն է տիրում։ Այսօր իմ միակ ցանկությունն է թատրոնում խաղալը, բեմ բարձրանալն ու հանդիսատեսին զգալը։ Ամուսինս, որը ֆրանսիացի է, գիտի իմ այդ ցանկությունների մասին։ Հենց այդ պատճառով էլ ինձ գործելու ազատություն է տվել»,- ասում է Սուսաննա Բաղդասարյանը։

Back to top button