ԿարևորՀասարակություն

Եթե մեր բուհական համակարգը կառուցենք այսօրվա կանխատեսումների վրա, վաղը կադրային սով կունենանք. փորձագետ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում 2020-21 ուստարվանից ներդրվել են մագիստրոսական նոր ծրագրեր՝ նոր ձևաչափով և բովանդակությամբ։ «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը պատրաստում է տեխնոլոգիական ունակություններով կառավարման որակավորում ունեցող նոր տիպի մասնագետներ, որոնք մեծ պահանջարկ ունեն ՝ ԻՏՏ, հեռահաղորդակցության և թվային միջանցիկ տեխնոլոգիաներ կիրառող ընկերություններում։  

Մեռնող, ծնվող և ավանդական մասնագիտությունների կողքին կան նաև այնպիսիք, որոնց պահանջը կա, բայց  բուհերը դեռ չունեն համապատասխան մասնագետներ․

«Ես Հայաստանի օպերատորների միության տնօրենն եմ, և մեզ անդամակցող ընկերությունները անընդհատ խնդիր ունեն մասնագետների։ Ուզում են մասնագետ ընդունել աշխատանքի, բայց չեն կարողանում որակյալ գտնել»։

էլեկտրոնային առևտուրն ու  բիզնեսը նոր պահանջներ են դնում նաև աշխատաշուկայում որակյալ մասնագետներ պատրաստելիս։ Հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համապատասխան մասնագետների  պահանջը՝ ՀՊՏՀ-ում 2020-21 ուստարվանից ներդրվել են մագիստրոսական նոր ծրագրեր՝ նոր ձևաչափով և բովանդակությամբ։

«Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտները իրենց տեղն արագ կգտնեն աշխատաշուկայում, նույնիսկ դասընթացի ավարտին սպասելու կարիք չի լինում։  Մեծամասնությունը աշխատանքի է ընդունվում ուսմանը զուգահեռ , «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատեց «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում» ծրագրի ղեկավար, Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը․

«ՏՏ բիզնեսում՝ ամբողջությամբ նոր ֆորմատով, ոլորտի կազմակերպությունների հետ իրականացվող ծրագիր է։ Առաջին տարվա համար բավականին հաջողված ծրագիր էր։ Ունեինք 33 ուսանող։ Մեր ուսանողների 70 տոկոսը աշխատում են այս պահին։ Հիմնականում աշխատանքի են անցել այն  կազմակերպություններում, որտեղ գնացել են պրակտիկայի»։

Մագիստրոսական ծրագրի տևողությունը 1.5 տարի է, դասապրոցեսը՝ շաբաթական երեք անգամ, երեկոյան ժամը 18:15-ին: Մասնագիտական դասընթացներին զուգահեռ կամ դասընթացից հետո մագիստրոսը համապատասխան փորձառություն պետք է անցնի հայտնի ՏՏ կազմակերպություններում։ Առհասարակ, ներկայիս աշխատաշուկան նոր պահանջներ է մատնանշում, և  դրան համահունչ պետք է լինի նաև բուհական համակարգը,  -նկատում է զրուցակիցս։

«Օրինակ, մենք հիմա ունենք աշխատատեղեր, որոնք 5-10 տարի առաջ ընդհանրապես գոյություն չունեին, ու ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ նման աշխատատեղեր կարող են գոյություն ունենալ։ Այսինքն, մենք այդ աշխատատեղի համար չենք պատրաստել մասնագետ։ Օրինակ, արհեստական բանականության ոլորտի մասնագետ։ 10 տարի առաջ այդ անունն անգամ աբսուրդ էր թվում, այսօր ամենատարածված և պահանջված մասնագիտություններից է»։

Բուհերում նոր մասնագիտությունների ներդրմանը Քրիստինե Գյոնջյանը դրական է վերաբերվում։ Ասում է՝ եթե նախկինում գործատուն առանձին էր գործում,  բուհն՝ առանձին, այսօր դրանք փոխկապակցված են, և գորրծատուն ինքն է բուհին հուշում, թե ինչ մասնագետ պատրաստի։

«Օրինակ՝ տվյալների վերլուծությունը ամենապահանջվածներից է, որովհետև անընդհատ մեր շուրջն են, կազմակերպություններն անընդհատ աշխատում են տվյալների հետ, ու այդ տվյալները անհրաժեշտ է վերլուծել։ Կիբեռանվտանգությունն էլ ամենապահանջվածներից է»։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը համաձայն է՝ բուհական համակարգը պետք է լինի ճկուն, որ կարողանա համապատասխանել  ժամանակի պահանջներին․

«Մեր բուհերն ու աշխատաշուկան մի փոքր անհամաչափ են զարգանում։  Ունենք տեղեր, որտեղ այդքան մասնագետ պետք չէ, բայց դիպլոմավորների թիվը շատ է, և տեղեր, որտեղ պետք են այդ մասնագետները, բայց որակավորում ունեցողներ չկան»։

Նոր մասնագիտություններից փորձագետն առանձնացնում է տվյալագիտությունը, բիոինֆորմատիկան, որոնք ինչպես աշխարհի այլ երկրներում, աստիճանաբար նաև մեր իրականություն են մտնում։

«Աշխարհը շատ անկանխատեսելի է, և հիմա մեծ բանավեճ կա, թե արդյո՞ք այն մասնագիտությունները, որոնք  արհեստական ինտելեկտից կամ ծրագրավորումից հեռու են, պետք գալու են, թե՞ ոչ։ Այդ իմաստով, կարծում եմ, որ լավագույնը կլինի ոչ թե նայել, թե առաջիկայում ինչ մասնագիտություններ են լինելու, այլ կրթության մեջ զարգացնել ընդհանուր, բայց կարևոր հմտություններ»։

Եթե մեր բուհական համակարգը կառուցենք այսօրվա կանխատեսումների վրա, վաղը դրանք կարող են փոխվել, ու նորից կադրային սով կունենանք։ Հայաստանի նման սակավառեսուրս պետություններին  փորձագետը առաջարկում է պատրաստել ոչ թե օրվա պահանջին համապատասխան, այլ ճկուն մասնագետներ, որոնք կունենան հիմնարար գիտելիքներ և կարճաժամկետ ծրագրերի միջոցով կկարողանան  վերապրոֆիլավորվել և հարմարվել աշխատաշուկայի պայմաններին։  

Ցուցադրել ավելի
Back to top button